Բառն ամենաթանկ ու հզոր զենքն է

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Հայաստանն ու հայերն ագրեսոր չէին, մենք խաղաղության կողմնակից էինք և պատերազմում էլ միայն ինքնապաշտպանվել ենք: Նախկինում Թուրքիայի հետ հարաբերությունները իրատեսական էին թվում, Նոբելյան մրցանակակիր Փամուքի և Շաֆաքի նման գրողները համարձակ ելույթներ էին ունենում, խոսում կառավարության սխալների ու հայահալած քաղաքականության մասին,  ազնվություն ունեին ի տես աշխարհի՝  հայերից ներողություն խնդրել: Հանդուրժող և խաղաղասեր լինելով հանդերձ՝ հիմա կորստի ցավն այնքան մեծ է, որ դժվարանում եմ պատասխանել, թե երբ անջրպետը կնեղանա, և երբ նորից կամուրջներ կառուցելու  ցանկություն ու սիրտ կունենանք:

Պատերազմն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ: 

Բարձր գրականության հիմքում ցավն ու դժվարություններն են, սակայն գրողին միայն խաղաղ ժամանակ է հաջողվում գրել պատերազմի և ապրած ցավի մասին, հենց խաղաղ ժամանակ են գրվել գրական գլուխգործոցները։ 

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ հանդես գալ ու հաջողել: Նրա խոսքը կարո՞ղ է ընկալելի լինել: 

Գրողի հիմնական և կարևորագույն դերը խաղարարար լինելն է, բառն ամենաթանկ ու հզոր զենքն է, գրողի խոսքը բոլոր ժամանակներում ընկալելի է եղել, հենց այդ բառի զորության շնորհիվ ենք պահպանում մեր գոյությունը, և իմ խորին համոզմամբ՝ միշտ այդպես կլինի: