Արժանապատիվ խաղաղության հասնելու համար մեր երկիրը պետք ա ոտքի կանգնի և ուժեղանա

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

ՎԵրջին մեկուկես տասնամյակում ես իմ գրած տեքստերով էական մասնակցություն եմ ունեցել Հայաստանի հանրային կյանքին, եղել եմ ակտիվ ընդդիմադիր։ Էսօր՝ մեր ահավոր պարտությունից հետո, ես ինքս ինձ մի սարսափելի հարց եմ տալիս՝ իմ ընդդիմադիր գործունեությամբ ես ավելի շատ վնա՞ս եմ տվել իմ երկրին, թե օգուտ։ Ես ինձ տալիս եմ էս հարցը, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որոնք մեր պարտության գլխավոր պատասխանատուն են, ի վերջո երկնքից չեն ընկել ցած, այլ մեր ընդդիմադիր շարժումների պտուղն են և  2018-ին կարողացան մարդկանց փողոց հանել՝ օգտագործելով նախորդ ընդդիմադիր շարժումների հիմնական դիսկուրսը։ Ուրեմն հիմնային մի սխալ կար էդ դիսկուրսի մեջ, եթե բերեց հասցրեց էսքան տխուր արդյունքի։ Ու հիմա իմ նոր գրված տեքստերը ուղղված են նրան, որ փորձենք Հայաստանում ձևավորել նոր քաղաքական դիսկուրս։ 

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու  փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էր, բայց իրականացնել չհաջողվեց։ Ավելի ուշ նույնը փորձեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝  նախաձեռնելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, բայց դրանք նույնպես ի վերջո ձախողվեցին։ Մի շարք քաղաքական գործիչներ էն կարծիքին էին, թե պատճառը Արցախի հարցն էր։ Բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ անգամ Արցախի հարցում հաջողության հասնելուց հետո ադրբեջանա-թուրքական զույգը դրանով չի բավարարվում և առաջ ա քաշում արդեն Սյունիքի հարցը։ Դեռ երեկ Հայաստանում շատերը կարծում էին, թե Մեծ Թուրանի գաղափարը մեր էսօրվա իրականության հետ կապ չունի, մնացել ա անցած դարի թուրքական երազներում։ Բայց ով նայել ա պատերազմին հաջորդած զորահանդեսը Բաքվում և լսել, թե ոնց էր Էրդողանը հիշատակում Էնվեր փաշային՝ «որի հոգին էս շքերթը նայելով փառավորվեց», կհասկանա որ չէ, Մեծ Թուրանը պատմություն չի։ Եթե մեր համար Էնվեր փաշայի անունը նախ և առաջ Մեծ եղեռնի հետ ա կապվում, ապա թուրքերի համար Էնվեր փաշան «Ճանապարհ դեպի Թուրան» ծրագրի հեղինակներից ա։ Իսկ Հայաստանը կանգնած ա էդ ճանապարհին՝ որպես խոչընդոտ։ 

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Հայաստանն էսօր ոչ թե պարզապես պարտված ա, այլ հիմնովին ջախջախված և ծնկի եկած։ Ծնկի եկածի հետ չեն բանակցում, ծնկի եկածին պայմանները թելադրում են, նման պայմաններում խաղաղությունը չի կարող արժանապատիվ լինել։ Արժանապատիվ խաղաղության հասնելու համար մեր երկիրը պետք ա ոտքի կանգնի և ուժեղանա։ Դա անհնար չի, մանավանդ որ Էսօր մեր մեծ տարածաշրջանում դինամիկ զարգացումներ են սկսվել և մենք կարող ենք ձեռք բերել նոր դաշնակիցներ, եթե ունենանք ճկուն միտք ունեցող կառավարություն և լավ դիվանագիտություն։