Պատերազմն, իրականում, մեր ներսում է

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Այն իրականությունը, որի մեջ հայտնվեցինք պատերազմի պատճառով և հետևանքով, գոնե մոտ ապագայում, հարաբերությունների հաստատումը դարձնում է անիրատեսական. վերքը թաց է, սեփական ձեռքերով այրած տների մոխիրը՝ մղկտացնող: Ֆորմալ առումով, իհարկե իրականությունից կտրված իշխանությունը կարող է գնալ նման մերձեցման, սակայն ոչ ֆորմալ մերձեցում չի լինի դեռ երկար, շատ երկար ժամանակ. ի՞նչ են ասելու որդեկորույսին, ծնողազուրկին….հազարավորներին, Եռաբլուրին:

Արցախյան առաջին պատերազմը, որն ավարտվեց  հայկական կողմի հաղթանակով, իր բավարար արտացոլումը գտել է՞ մեր գրականության մեջ: 

Ոչ, չեմ կարծում: Լևոն Խեչոյանի, Մհեր Իսրայելյանի և այլոց գրականությունն, այո, անդրադարձել է պատերազմին, հաղթանակներին՝ չեմ կարծում: Մեծամասշտաբ գործեր չունենք: Անգամ ժամանակաշրջանն արտացոլող ֆիլմերն են մի տեսակ խեղճ, ցածրորակ: Գուցե բյուջեի պատճառով, բայց  ունենք  այն, ինչ ունենք:

Ձեր սերունդը տեսավ պատերազմ, հաղթանակ, կրկին պատերազմ, պարտություն: Այդ ամենն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ, որպեսզի մեր ապրած  ժամանակների ամբողջական պատկերը ներկայացնի:

 Ես կարող եմ խոսել միայն իմ անունից: Պատմվածքներ ունեմ՝ ըստ ժամանակագրության

2014 օգոստոս -«Արյուն»,

2016 ապրիլ - «Ֆուտբոլ»

2020 հոկտեմբեր - «Միաչքանի հրեշտակը»:

Հիմա աշխատում եմ նոր՝ «ZIPփականի տակ» պայմանական վերնագրով պատմվածքի վրա:

Չգիտեմ՝ որքանով են այդ պատմվածքներն արտացոլում օբյեկտիվ իրականությունը, սակայն հիմքում իմ հույզերը, զգացմունքներն են տղայիս, նրա ընկերների և այլ շատ ու շատերի զինվորական, պատերազմական փորձից,  իրադարձություններից, որոնք իրական են, ոչ մտացածին:

Հ. Գ. Պատերազմն, իրականում, մեր ներսում է: Եթե հաղթենք ինքներս մեզ, պատերազմը կավարտվի, սակայն իմ պարագայում ես դեռ հաղթող չեմ. ցավը շատ է, անամոք: