Պատերազմի ռոմանտիզացումը թույլ չէր տալիս այն ավելի շոշափելի կերպով զգալ

Ըստ ձեզ Արցախյան առաջին պատերազմն իր բավարար արտացոլումը գտել է՞ մեր գրականության մեջ: Երիտասարդ սերունդը որքանո՞վ է տեղեկացված այդ պատերազմի և հաղթանակի մասին:

Ավագ դպրոցն ավարտել եմ 4 տարի առաջ ու լավ եմ հիշում, թե ինչպես է  պատերազմն ու ազգային յուրաքանչյուր թեմա ինձ ու իմ դասընկերներին մատուցվել ահագին տափակ ու միակողմանի` խառնած յուղոտ պաթոսով, ինչն ակնհայտ հակակրանք էր առաջացնում մեզ մոտ ու թույլ չէր տալիս թեմային ավելի մոտիկից ծանոթանալ: Թեև մենք «էշի ականջին քնած չէինք», որովհետև  պատերազմին անդրադառնալիս ուսուցիչները միշտ շեշտում էին, որ կա հրադադար, որ յուրաքանչյուր պահի կարող են ռազմական գործողությունները վերսկսել, բայց միաժամանակ պատերազմի ռոմանտիզացումը թույլ չէր տալիս այն ավելի շոշափելի կերպով զգալ:

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրի մարդու:

Որպես լրա/գրողի սովորեցրեց կասկածի տակ դնել նույնիսկ «ամենասրբազան» ճշմարտությունը ու ևս մեկ անգամ վերաիմաստավորեց հեղինակության ըմբռնումներս:

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

Պատերազմի առաջին իսկ օրերից հասկացա, որ պիտի ավելի օգտակար բանով զբաղվեմ, այլ ոչ թե խորանամ երաժշտության մեջ (ուզում էի երաժշտական քննադատությամբ զբաղվել): Քանի որ պատերազմից տուժում է ամեն ինչ ու բոլորը, որոշեցի, որ պիտի բնական գիտություններ ուսումնասիրեմ, մասնավորապես` կենսաբանություն ու էկոլոգիա, լուսաբանեմ դրանք ու վեր հանեմ Հայաստանի կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի խնդիրները: Պարտությունից հետո այս մտքերն ավելի ամրապնդվեցին։

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Երևի խանգարեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձրել ենք արտաքին քաղաքականության առաջնային նպատակ: Իհարկե, այն առաջնային նպատակներից էլ պիտի լինի, բայց թե ինչպես կարող ենք  հասնել դրա համաշխարհային դատապարտմանն ու միաժամանակ սառեցնել Թուրքիայի հետ լարվածությունը, որից էլ կախված է տարածաշրջանի կայության շատ մեծ մասը, չգիտեմ:

Որպե՞ս լրագրող, մտավորականՙ այսուհետ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առաքելությունը ժողովուրդների միջեւ հաշտության եւ բարի դրացիության հասնելու հարցում:

Ժողովուրդների մեջ բարի դրացիություն ու հաշտություն հիմա էլ կա, ասենք` տարածաշրջանից դուրս, այլ երկրներում հայն ու ռուսը ամուսնանում են, երջանիկ ապրում: Իդեալական պայմաններում պետք է հարթակներ ստեղծել հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև ուղիղ երկխոսություններ ծավալելու համար` առանց պետությունների միջամտության, իսկ իմ անունից կասեմ, որ կուզենամ ընտրածս ոլորտում համագործակցության եզրեր գտնել Ադրբեջանում գործող լրագրողների հետ, քանի որ ունենք մի շարք ընդհանուր խնդիրներ, հատկապես էկոլոգիական, որոնք արժանի են միջազգային ու տեղական ուշադրության: Նմանատիպ «սահմաններ չճանաչող» մասնագիտական համագործակցություններ կուզենամ՝ շատ լինեն։