Նաև ժողովուրդներն են պարտադրում կանգնեցնելու պատերազմը կամ հաստատելու խաղաղություն

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրողի:

Միֆերի շուրջ սևեռումներ չեմ ունեցել: Թվում է՝ ոչ պատրաստ էինք պատերազմի և ոչ էլ խաղաղության: Մի տեղ ասել եմ, որ /…մեզ ոչնչի չէին նախապատրաստել/  բայց արդյո՞ք միայն քաղաքական իշխանություններն են կոչված հանգուցալուծելու խնդիրը:  Նաև ժողովուրդներն են պարտադրում կանգնեցնելու պատերազմը կամ հաստատելու խաղաղություն: Ուղղակի երկար տարիներ հայ ժողովրդի քաղաքական կամարտահայտումը անտեսված ու կեղծված է եղել և արդյունքում ժողովուրդը լռեցվել է, նրա միջից հանվել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ազատորեն մեծ ու բաղմաճյուղ խոսակցություն սկսելու կամքն ու ցանկությունը: 

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը: 

Պարտության ցեցը վաղուց էր ընկել: Պարտությունը հեռվից էր գալիս, երկար ճանապարհ անցավ՝ մասամբ հասնելով իր վերջնակետին: Իսկ ի՞նչ էր հաղթանակը - իրոք չգիտեմ: Հիմա ուզում եմ հասկանալ. եթե հաղթել էինք, ապա ո՞րն էր այդ հաղթանակի բնույթը, ամբողջովին գիտակցել-հասկացե՞լ էինք այն: Ի՞նչ էինք ուզում այդ հաղթանակից, տարիների մեջ ի՞նչ բանի վերածեցինք հաղթանակը: Հավանաբար իրականությունից հեռու սովորական պատրանքի: Մակերեսային մտքեր կան, օրինակ՝ /Պարտության սաղմը հաղթանակի մեջ է/, ու հակառակը՝ /Միայն պարտության մեջ է վերարթնանում հաղթանակը/: Երկուսն էլ ճշմարտացի են. երկուսն էլ ստահոդ: Երևի պատերազմի ու պարտության մասին շատ կգրեն. չգիտեմ որքանով կվերաբերի պատերազմին, որքանով պարտությանը: Պատերազմն ու պարտությունը մեր միջով խոսելու ճանապարհներ կգտնեն անկախ նրանից ուզում ենք, թե ոչ: Մի անտիպ վեպ ունեմ. հակահերոսներից  քիչ թե շատ կարևորը հայրիկիս նախակերպարն է՝  առաջին պատերազմին մասնակցած վիրաբույժի: Նրա որդու՝ /Սևի/ հպանցիկ հիշողություններն են,  որի մեջ ներառվում են բժշկի՝ արցախյան փոքր արխիվը, նոթեր, հեռախոսագրքեր, այլևս գոյություն չունեցող մարդկանց գոյություն չունեցող տների հասցեներ, տարբեր մասունքներ, ընտանեկան պատումներ - հետհուշի փխրուն ու վաղանցիկ լուսաբռնկիչներ, հայտնություններ ու անհետացումներ՝ պարտությունից պարտություն, պատերազմից պատերազմ: Ու ոչ թե հավաքական, այլ լրիվ անկարևորի՝ անձնական հիշողության մասին: 

Գրողի խոսքը, գիրն այսօր ի՞նչ դեր կարող են խաղալ ժողովուրդների հաշտցեման մեջ, խաղաղարար նախաձեռնություններում: 

Գուցե հաշտության ու խաղաղ համակեցության ճանապարհին   հեղինակի ձայնը, գրքերը  որոշակի դրական ազդեցություն ունենան, բայց միայն այն դեպքում, երբ կան թարգմանություններ, երբ  մշակույթների ու արվեստների միջև առկա է գոնե նախնական պարզ հետաքրքրվածությունը: 

Շնորհակալ եմ: