ՓԵՆ Հայաստանի համառոտ պատմությունը

Հիմնադիրները 

Հայաստանի ՓԵՆ կենտրոնը հիմնադրվել է 1991 թ․-ին՝ անվանի հայ բանաստեղծ, թարգմանիչ և հանրային գործիչ Գևորգ Էմինի կողմից։ Հիմնադիր կառույցը պաշտոնապես կոչվում էր Հայկական Փ․Ե․Ն․ կենտրոն։ Չնայած անցումային տարիների դժվարություններին՝ Գևորգ Էմինի և նրա որդու՝ Արտաշես Էմինի ջանքերով կենտրոնը կարճ ընթացքում կայանում է, ներգրավվում միջազգային կառույցի աշխատանքներին, նամակագրական կապեր հաստատում այլ կենտրոնների հետ։ Կենտրոնը սերտորեն համագործակցում էր Հայաստանի Գրողների Միության հետ, որի շենքում էլ ծավալում էր իմ հիմնական աշխատանքները։ Կենտրոնին անդամակցում էին մի քանի տասնյակ ՀԳՄ անդամներ՝ առավելապես անվանի գրողներ և գրական միջավայրի մարդիկ․ Հրանտ Մաթևոսյան, Համո Սահյան, Սերո Խանզադյան, Վարդգես Պետրոսյան, Աղասի Այվազյան, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, Անահիտ Սահինյան, Մարո Մարգարյան, Էդվարդ Ջրբաշյան, Ռուբեն Զարյան, Հովհաննես Ղուկասյան, Ալիսա Կիրակոսյան, Ստեփան Ալաջաջյան, Ստեփան Թոփչյան, Հրաչյա Թամրազյան և այլոք։ 1998-ին, Գևորգ Էմինի մահից հետո կազմակերպությունը կարճ դադարից հետո՝ տարեվերջին վերակազմակերպվում է։   

Երկրորդ փորձը

1998 թ․ դեկտեմբերի 15-ին Հայակական Փ․Ե․Ն կենտրոնը իր համաժողովում ընդունեց նոր կանոնադրություն։ Նախագահ ընտրվեց թարգմանչուհի, գրականագետ, հրատրակիչ և իրավապաշտպան Աննա Հակոբյանը։ Կազմակերպությունը վերանվանվում է Հայկական Պ․Է․Ն կենտրոն՝ տուրք տալով կառույցի նախնական հապավում-անվանմանը (Կնիքի գրությունը՝ Հայկական Պոետների, Էսսեիստների, Նովելիստների Կենտրոն Հասարակական Կազմակերպություն)։ Փոխվում է նաև կանոնադրությունը, առավել մեծ ուշադրություն է դարձվում Հռչակագրի արժեքներին և նրանց մեկնությանը։ Օրինակ, ըստ նախագահ Աննա Հակոբյանի․ «PEN-ի անդամը չի կարող լինել ազգայնամոլ կամ և որևէ կուսակցության գաղափարակիր, պետք է բարձր լինի ազգայնական և քաղաքական կրքերից։ / Ահա թե ինչու մեր գրողներից շատերը, որ այս կամ այն կուսակցության անդամ են, ստիպված էին դուրս գալ P․E․N․-ից, այդ թվում՝ Ռուբեն Հովսեփյանը, Ազատ Եղիազարյանը և այլոք։ Նոր կանոնադրության համաձայն՝ մինչև անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցնող գրողները չեն կարող P.E.N.-ի անդամ դառնալ»։ Կազմակերպությունը համալրվում է նոր անդամներով, հին կազմից քչեն են վերահաստատում իրենց անդամակցությունը։  

Սիլվա Կապուտիկյանը հրապարակային հայտարարությամբ է լքում կենտրոնը՝ պատճառաբանելով, որ Հայաստանում չկան բանտարկյալ գրողներ և նմանատիպ կոմիտեի ստեղծումը ոչնչով արդարցված չի։ Ըստ Աննա Հակոբյանի՝ «Սիլվա Կապուտիկյանը ինքնաբացարկ հայտարարեց՝ ասելով, որ ինքը սովոր է մշտապես ուշադրության կենտրոնում լինել, իր բառերով ասած՝ սովոր է «գուրգուրանքի»»։ 

2000-ականների սկիզբը կազմակերպության վերելքի տարիներն էին։ Հայաստանի կենտրոնը ակտիվորեն մասնակցում է ամենամյա Կոնգրեսին, հանդես գալիս Հայաստանում խոսքի և արտահայտման ազատության իրավիճակի շուրջ զեկույցներով, հիմնադրում և անց է կացնում Պ.Է․Ն․ մրցանակաբախությունը, կազմակերպում է միջազգային գիտաժող, Պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ, քննարկումներ, ինչպես նաև հրապարակում է իր ալմանախը։  

Պ․Է․Ն․ Մրցանակը

 1999 թ․ Հայկական Պ․Է․Ն․ կենտրոնը հիմնեց և անցկացրեց իր անդրանիկ մրցանակաբաշխությունը (դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը), որը տարբեր անվանակարգերում պարգևներ էր սահմանել՝ պոեզիա, էսսե, նովելիստիկա։ Ըստ անվանակարգերի հրավիրյալ ժյուրիները յուրահատուկ գաղտնի ընթացակարգով ընտրում էին լավագույններին․ նախ գնահատում էին առաջադրված «անանուն» գործերը, ապա նոր տեղեկանում, թե ովքեր են հաղթող հեղինակները։ 

Հավաստագրի վրա նշված էր «Գրողների միջազգային P.E.N. ընկերակցության հայկական կենտրոնը պարգևատրում է»։ Բացի հավաստագրից մրցանակը ներառում էր նաև փոքր դրամական պարգև։ Մրցանակային ֆոնդը և կազմակերպչական ծախսերը հիմնականում հոգացել են Աննա Հակոբյանը և նրա ամուսինը՝ հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, որի ավանդը կենտրոնի պատմության և կայացման գործում անուրանալի է։ 

«Երևի անհավանական կթվա, բայց հաճախ անձնական հոնորարներս եմ դնում իբրև մրցանակ։ Սա խենթություն չէ։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ գրական նիրհը կթոթափենք, կառույցը կսկսի գործել, և կփոխհատուցվեն դժվարությունները»։

 Աննա Հակոբյանի հարցազրույցից

Կարճ ընթացքում մրցանակաբաշխությունը որոշակի հեղինակություն ձեռք բերեց և վերածվեց հայ գրական միջավայրում սպասված և կարևոր իրադարձության։ Թեև մեծ ընդհատումներով, բայց մրցանակաբաշխությունը գործեց մինչև 2006թ-ը, երբ և տեղի ունեցավ մրցանակների հանձնման վերջին արարողությունը։

Ալմանախը 

 2001-ին լույս է տեսնում Պ․Է․Ն․-ի անդրանիկ երկլեզու՝ հայերեն և անգլերեն ալմանախը, որը ներառում էր անդամների, ինչպես նաև մրցանակակիրների գործերը՝ չորս բաժնով․ պոեզիա, արձակ, էսսե, գրականագիտություն։  

Իր ներածականում Աննա Հակոբյանը գրում է․ 

«2001 թվականը եռակի հիշարժան տարեթիվ է մեզ համար։ Նախ, 80 տարի առաջ, 1921թ․ Լոնդոնում բացեց դարի ամենալուսավոր գրական ակումբը P.E.N Club-ը, մեծն գրող Ջոն Գոլսուորդիի նախագահությամբ։ Երկրորդ, այժմ արդեն շուրջ 140 ազգային կենտրոն իր մեջ նարառող գրողների Միջազգային Ընկերակցության Հայկական Պ․Է․Ն․ Կենտրոնը նշում է իր ծննդյան 10-ամյակը։ Նրա հիմնադիրն ու առաջին նախագահը վաստակաշատ գրող Գևորգ Էմինն էր (1991-1998թթ․)։ Եվ վերջապես, այսօր լույս աշխարհ է գալիս Հայակական ՊԷՆ-ի առաջնեկը՝ առաջին գրական ալմանախը։

Այս երկլեզվյա հրատարակության նպատակը հայ գրականություն ներկայացնելը չէ աշխարհին․ դրա կարիքը մենք չունենք։ Հազարամյակներ գլորած հայ բազմադարյա պատմությունը գոյատևել է հենց իր քաղաքակրթության և առաջին հերքին մշակույթի ու գրականության շնորհին։ Իսկ մենք՝ Հայկական Պ․Է․Ն․-ին զինվորագրվածներս, ստորագրել ենք Միջազգային P.E.N. հռչակագիրը, պարտավորվել ենք հրաժարվել կեղծիքից, ուստի և պարտավորվել ենք ընդդիմանալ ցանկացած ճնշմանը, հասնել ճշմարտությանը, որը, Կամյուի խոսքերով, «առեղծվածային է, խույս է տալիս քեզանից և պետք է անընդհատ նվաճել»։ 

Ներկայացված ստեղծագործողներն ասում են ոչ՝ կեղծիքին, ոչ՝ ռազմամոլությանը, ոչ՝ ազգայնամոլությանը, այսպիսով, պայքարքելով հանուն մարդկային առաջադիմության, հանուն խաղաղության, հանուն մարդու, և մասնավորապես արվեստագետի իրավունքների։ Մենք հավաստում ենք մարդու և արվեստի հարատևությունը․․․»

Ալմանախում ներկայացած կենտրոնի անդամ և մրցանակակիր հեղինակները՝ ըստ հաջորդականության․ Գևորգ Էմին, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Վիոլետ Գրիգորյան, Հրաչյա Բեյլերյան, Տիգրան Պասկևիչյան, Զավեն Բեկյան, Հովհաննես Գրիգորյան, Աղասի Այվազյան, Գուրգեն Խանջյան, Վահան Իշխանյան, Գարուն Աղաջանյան, Սամվել Մկրտչյան, Միքայել Աբաջյանց, Ռուբեն Մարուխյան, Արա Նազարեթյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Աննա Հակոբյան։ 

Հրատարակիչը դեռևս 1993-ին Աննա Հակոբյանի և Միքայել Դանիելյանի կողմից հիմնադրված «ԱևՄ» հրատարակչությունն էր, ձևավորումը և տառատեսակը՝ Մկրտիչ Մաթևոսյանինը։ 

Միջազգային գիտաժողովը

2003-ի հոկտեմբերի 9-13-ը Հայկականա ՊԷՆ կենտրոնը Երևանի Պեական Համալսարանի հետ համատեղ անցկացրեց «Պոեզիայի ապագան թարգմանության միջոցով» միջազգային գիտաժողով։ 

Գիտաժողովին մասնակցում էր Միջազգային PEN-ից և մի քանի կենտրոններից հրավիրված զեկուցողներ՝ այդ թվում Թերրի Քարլբոմը (Միջազգային PEN-ի գլխավոր քարտուղար), Վենո Տաուֆերը (Սլովենիայի կենտրոնի նախագահ), Ֆաթու Նդիեյ Սոուն (Սենեգալի կենտրոնի կանանց կոմիտեի նախագահ), Գրիգորի Կրուժկով (Ռուսական կենտրոնից), Միլենա Բռնարդելլի (Իտալիայի կենտրոնից), Գուստավ Մուրին (Սլովակիայի կենտրոնից)։ 

Գիտաժողովի առաջին օրը անց է կացվել ԵՊՀ դահլիճներից մեկում (հիմնական վարող՝ Հենրիկ Էդոյան)։ Իր բացման խոսքում Աննա Հակոբյանը նշել է «Հայկական P.E.N.-ի ստեղծման տասնամյակը տոնեցինք երկու տարի առաջ, առաջին նախագահը, որը և նրա հիմնադիրն էր, բանաստեղծ, թարգմանիչ և հրապարակախոս Գևորգ Էմինն էր։ Այդ տարիներին Միջազգային PEN-ի հետ կապն իրականանում էր նամակագրական ժանրով․ այսօր այդ հարաբերությունն արդեն ֆիզիկական է․ վկան՝ նրանց իրական ներկայությունը»։ 

Հոկտեմբերի 11-ին նշվող Սուրբ Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպվել է այցելություն Օշական, Մաշտոցի գերեզման, (քննարկման վարող՝ Արտեմ Հարությունյան)։

Վերջին օրվա միջոցառումները տեղի են ունեցել Անի հյուրանոցի դահլիճում (վարող՝ Լևոն Եզեկյան)։ Փակման արարողությունը զուգակցվել է պոեզիայի ընթերցումներով և համերգային մասով  (նվագել է Վահան Արծրունին)։ 

Գիտաժողովի համաժամանակյա թարգմանիչը Արտաշես Էմինն էր։ 

Գիտաժողովին երկու տասնյակից ավել զեկուցումներով հանես են եկել ինչպես հրավիրյալ, այդպես էլ հայաստանցի բանախոսներ։ 2004-ին «ԱևՄ» հրատարակչությունը լույս ընծայեց գիտաժողովի ուշագրավ զեկուցումների ժողովածու։ 

 

Վերաբացումը․ 3-րդ փորձը

2010-ականների կեսից Հայաստանի գրական շրջանակներում քննարկումներ ծավալվեցին ՓԵՆ կենտրոնն ապասառեցնելու կամ վերագրանցելու հարցի շուրջ։ Գրողների նախաձեռնությանը միացավ գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը, որ այդ տարիներին աշխատում էր Առաջին գրական գործակալությունում։ 2017-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Արևիկ Աշխարոյանը և Ալեքսիս Կրիկորյանը հանդիպեցին Միջազգային PEN-ի գործադիր տնօրեն Չարլզ (Կարլ) Թորների հետ և քննարկեցին կենտրոնի վերաբացման հարցը։ 2017-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի նոր կենտրոնը գրանցվեց իբրև «ՓԵՆ» մշակութային հասարակական կազմակերպություն։

Երևանում Առաջին գրական գործակալության միջնորդությամբ մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Աննա Հակոբյանի և նախաձեռնող խմբի միջև։ Ի վերջո, Աննա Հակոբյանի գրողների միությունում հրավիրեց հին կազմի և նոր նախաձեռնող խմբի համատեղ ժողով, որի ընթացքում ներկայացվեց ստեղծված իրավիճակը, որը շուտով հանգուցալուծվեց փոխհամաձայնությամբ։ Նախկին կենտրոնի անդամներին առաջարկվեց միանալ նորին։ 

2018-ի առաջին եռամսյակում ՓԵՆ-ը մշակեց իր նոր ռազմավարական ծրագիրը՝ հստակեցնելով առաջնահերթությունները, զարգացման ուղղություններն ու անելիքները՝ հատկապես խոսքի և արտահայտման ազատության, թարգմանական և լեզվական քաղաքականության, հեղինակային իրավունքների ջատագովության և պաշտպանության, հայ գրականության միջազգայնացման և մի շարք այլ ոլորտներում։  

2018-ի ապրիլի 20-ին Երևանում «Գյոթե կենտրոն»-ի հյուրընկալությամբ ՓԵՆ-ը կազմակերպեց իր առաջին բաց միջոցառումը, որին հրավիրեց միանալու նաև «Ինքնագիր» գրական ակումբի անդամներին։  Միջոցառումը վերածվեց հեղափոխական խանդավառությամբ տոնի, քանի որ մի քանի հարյուր մետրի վրա՝ Հանրապետության հրապարկում ողջ թափով ընթանում էր համաժողովրդական բողոքի հերթական, բազմահազարանոց հանրահավաքը։ ՓԵՆ-ի նախագահ Արմեն Օհանյանը ընթերցեց Հռչակագիրը, ներկայացրեց Միջազգային PEN-ի առաքելությունն ու կոչ արեց Հռչակագրի արժեքները կիսողներին և դրա տակ ստորագրել ցանկացողներին միանալ կազմակերպությանը։  ՓԵՆ-ի շարքերը համալրվեցին նոր անդամներով (2018-ի մայիսի դրությամբ՝ 75 անդամ)։ 

2018-ից Հայաստանում սկսված բեկումնային քաղաքական շրջադարձերը և դրանց հաջորդած Covid-ի ճգնաժամը ու 2020-ի 44-օրյա պատերազմը և ետպատերազմական ցնցումները նորաբաց ՓԵՆ-ի կանգնեցրին նորանոր մարտահրավերների առաջ։ 2020-ի մայիսին Վիոլետ Գրիգորյանը Արմեն Օհանյանին հայտնեց ՓԵՆ-ից դուրս գալու իր որոշման մասին, որին հաջորդեցին մի քանի անդամների ինքնաբացարկներ: Կազմակերությունը համալրվեց նոր անդամներով և դիմեց նախկինում Հռչակագիրը ստորագրածներին իրենց անդամակցությունը վերահաստատելու խնդրանքով (2021-ի մայիսի դրությամբ՝ 52 անդամ)։  

Երկրում ստեղծված նոր իրավիճակի թելադրանքով կազմակերպության Խորհուրդը վերանայեց իր ռազմավարությունը։ Չունենալով ոչ գրասենյակային տարածք, ոչ միջոցներ՝ ընթացիկ աշխատանքները կատարելու համար, ՓԵՆ-ի նվիրյալ անդամների մի փոքր խումբ այնուհանդերձ 2 տարի շարունակ փորձում էր վերակայացնել կառույցը։ Ի վերջո, Երևանի Մարդու Իրավունքների Տունը, կարևորելով ՓԵՆ կենտրոնի գործունեությունը և առաքելությունը Հայաստանում, իրեն միանալու կազմակերպության դիմումին դրական ընթացք տվեց։  Փորձաշրջանն անցնելուց հետո, 2021 թվականից ՓԵՆ կենտրոնը դարձավ Երևանի Մարդու Իրավունքների Տան լիիրավ անդամ։ 

2021-ին՝ Միջազգային PEN-ի հոբելյանական 100-ամյակի տարում, Հայաստանի կենտրոնը նշում է իր հիմնադրման 30-րդ տարելիցը։ Լիահույս ենք, որ կենտրոնը կայացնելու 3-րդ փորձը կհաջողի՝ իր անդամների նվիրվածության, Հռչակագրի արժեքների շուրջ համախմբված գրի բոլոր մարդկանց, ավագ և նոր սերունդների համատեղ ջանքերի շնորհիվ։