Ում հարցնում էի՝ Ի՞նչ անել, բոլորը լռում էին

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրողի:

Պիտի խոստովանեմ, որ մինչև պատերազմը (թեկուզ քիչ չափով) բայց շատ հանգիստ տեղավորվում էի էթնոպիստական շրջանակների մեջ․ մտածում էի, որ «անպարտ» բանակը ոգի ու պատրաստակամություն ունենալու դեպքում կկարողանա պատերազմի վերջնարդյունքը շրջել իր օգտին։ Իհարկե, որպես նախկին (ապագա) էթնոպիստ, հաշվի չէի առել պատերազմում հենց սկզբից ուժերի անհավասարակշռության իրական մասշտաբները, ու առաջին միֆը, որ արդեն սեպտեմբերի քսանութին ջարդվեց մեկընդմիշտ, անպարտելիությամբ ու ոգով հաղթելու հնարավորությունն էր։ Հետո, ջարդվեց միֆը, որ բանակի մասին չպիտի խոսել-գրել կամ գոնե պիտի գրվի ծայրաստիճան նրբորեն ու հաշվենկատորեն։ Սա նման ա կեղտոտ մարմնին մաքուր շորեր հագնելուն։ Դա մի մեծ խաբեություն ա, որի համար վճարեցինք ոնց պետք էր։ Երրորդն էլ կոլեկտիվ հիշողության կամ կոլեկտիվ իմաստության մասին միֆն էր։ Հետաքրքիր ա, որ քսանից ավել տարի էդ միֆով կերակրվելուց հետո մի քանի ժամվա ընթացքում պարզում ես, որ դա էդպես չի, ու պատմությունը հարյուր տարի անց նույնությամբ կրկնվում ա, ու դու հասկանում ես, որ անցյալ-ներկա չկա, կաս դու, որ բոլոր տարիների տերն ես (Սենեկա)։ Այսինքն՝ թեթևամտությունն ու միամտությունը (աշխարհը մեզ կօգնի, որովհետև մենք լավն ենք), եթե ոչ հիմարությունը (մեզ պարտք են ցեղասպանության համար ու որ մենք քրիստոնեությունն առաջինն ենք ընդունել ու մի ժամանակ Նարեկացի ենք ունեցել), խոր արմատներ ունի։ Կամ չի վերանա, կամ չի վերանա։

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

Իհարկե, ծանրություն պատասխանատվության տեսքով։ Քովիդի ժամանակ մտավ էդ առօրյա՝ հեռախոսի էկրանից ամեն օր կարդալ, թե քանի հոգի ա մեռել, իսկ պատերազմի ժամանակ դա դարձավ ուղղակի աբսուրդ։ Դժվար ա գիտակցելը, որ դու արթնանում ես քնից ու ողջ ես, մինչդեռ քեզնից տարիքով փոքրերը չեն արթնանում էդ առավոտ։ Տասնյակներ, հարյուրավորներ։ Ում հարցնում էի՝ Ի՞նչ անել, բոլորը լռում էին։ Բոլոր դեպքերում, մահը հաղթահարելու միակ ձևն ապրելն ա (ու կատարելագործվելը)։ Բոլորի «միասնականությունից» դուրս, ընդհանուրից անջատված: Նոյեմբերից հետո մտքով ես անընդհատ ընկերներիցս մեկի հետ եմ, որ ետ չեկավ։ Մտովի խոսում եմ, ու ինչքան թեմաները փոխվում են ու տեքստերը անկեղծանում են, էնքան գարշանքը տեսածից խորանում ա։ Իսկ Արեգի նման շատերը կային, որ պիտի հետ գային։ Բայց բեմը մնաց ստահակներին։ Համոզվում եմ առանձնանալու ու մենակ ինձ ու փոքր խումբ մարդկանց վրա հույսը դնելու հարցում։ Այլ թեմաներ էլ կան, բայց հետո։

Որպե՞ս գրող, մտավորականՙ այսուհետ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առաքելությունը ժողովուրդների միջեւ հաշտության եւ բարի դրացիության հասնելու հարցում:

Պոպուլիզմի ու էթնոպիզմի դեմ պայքարելով (սկզբում իհարկե հստակեցնելով, որ բարիդրացիությունը գիրկը նետվել ու սիրել չի)։