Արցախյան վերջին պատերազմն առաջին հերթին ջարդեց կեղծ, ռազմահայրենասիրական պաթոսը

Արցախյան վերջին պատերազմն ի՞նչ  միֆեր ջարդեց  Ձեր  մեջ:

Առաջին հերթին ջարդեց այն կեղծ, ռազմահայրենասիրական պաթոսը, որով երկու տասնամյակից ավելի մեր իշխանությունները սնուցում էին հայ հասարակությանը ՝   շրջանցելով բանակում, հասարակության մեջ գոյություն ունեցող իրական խնդիրները, որոնք պահանջում էին օր առաջ բանական  լուծումներ:  Ի հեճուկս կուսակցական, պետական այրերի ռազմահայրենասիրական պաթոսի՝ մենք ականատես եղանք հերթական անգամ իրական հայրենասիրության, սխրանքի մի սերնդի կողմից, որն աչք էր բացել հարաբերական ոչ պատերազմ-ոչ խաղաղություն պայմաններում, որին դպրոցում եւ բուհում իր հաղթանակների պատմությունն ուսուցանելու փոխարեն ներշնչել էին, թե Հայաստանի անկախության տարիները եղել են մութ ու ցուրտ տարիներ, որը հետո բախվել էր սոցիալական անարդարություններին, վայրի կապիտալիզմի չարագործ դրսեւորումներին: Իսկ այդ նահատակված երիտասարդները շարունակելու են մեղքի զգացում պատճառել ապրողներիս, որ չարեցինք հնարավորը՝  պատերազմը կանխելու համար: Պատերազմ գնացին, իրական հայրենասիրություն ցուցաբերեցին, թերեւս, հենց նրանք, ովքեր երբեւէ հանդես չէին գալիս ռազմաշունչ հայտարարություններով, ովքեր դեմ էին կեղծ ազգայնականությանն ու պաթոսին, ովքեր սիրում էին ոչ թե վիրտուալ, պատմական հայրենիքը,  այլ` իրական հայրենիքը, որտեղ ապրում եւ ստեղծագործում են, որտեղ ճանաչելի են դառնում ոչ թե որպես ցեղասպանված ազգի սերունդ, այլ՝  հաղթող, արարող ազգի ներկայացուցիչ: Պատերազմը քաղաքական  գերեզմանոց  դարձավ բոլոր այն կուսակցական գործիչների, քաղաքագետների համար, որոնք նույնիսկ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո էլ ՝  ԱԺ արտահերթ ընտրությունների փուլում, ամեն ինչ արեցին քաղաքական  շահաբաժին փախցնելու համար: Եվ էական չէ, թե նրանցից  քանիսը քանի տոկոսով հայտնվեց խորհրդարանում կամ դուրս մնաց այնտեղից: Նրանք՝ այդ բոլոր խաղացողները, վերստին ապացուցեցին, որ իրենք ոչ ստանդարտ իրավիճակներում նոր խոսք ասելու, ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ընդունակ չեն: Արեւմտյան արժեքներից հազարավոր մղոններ հեռու գտնվողները, իրենց կյանքում, մարդկային-հասարակական հարաբերություններում արեւելյան կեղծավորությամբ ու աճպարարությամբ  ճանապարհ հարթածները հազարերոդ անգամ խոսում էին Արեւմուտքին մերձենալուց, այլք  ճարահատյալ ապավինում էին ռուսի օրհնված ոտքին՝  լռելու, խորհելու, խոհեմ վճիռներ կայացնելու փոխարեն : Հուսամ՝  նոր սերնդին այլեւս չեն կարող սնուցել հին միֆերով, ինչպես հին գինին այլեւս հնարավոր չէ լցնել նոր տիկերի մեջ: 

Տարիներ առաջ, 2002թ., երբ  Հրանտ Մաթեւոսյանին հարցրել էին, որ եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղի, նա ասել էր.  «Միայն հաղթանակ ասելու եմ.  պարտությունը պառավ  ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ…»: Ի՞նչ խոհեր ծնեց  Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

Պատերազմի ողջ ընթացքում եւ դրանից հետո մտածել եմ, թե ինչ լավ է, որ այսօր ողջ չեն եւ այս աղետը չեն տեսնում Հրանտ Մաթեւոսյանը, մեր մյուս մեծերը, որոնք միայն հաղթանակը տեսան ու մեր երկրի՝ անկախության քարքարոտ ճանապարհը բռնած ընթացքը: Ինչպե՞ս կարող էին դիմանալ այդ ողբերգությանը նրանք, ի՞նչ ուղերձ կհղեին պատերազմ մեկնող մեր երիտասարդներին՝ դժվար է ասելը: Իսկ Արցախյան երկրորդ պատերազմն էլ վաղ թե ուշ իր գրական արտացոլումը կգտնի՝ իր հերոսներով ու հակահերոսներով, իրական պատմություններով, որոնք արդեն դարձել են վավերագրություն: Եվ ժամանակակից  գրողի անելիքն էլ պետք է լինի առողջ հատիկը որոմից զատելը, պսեւդոհայրենասիրության փոխարեն երկրի քաղաքացի դաստիարակող գրականություն ստեղծելը:  Հենց  Հրանտ Մաթեւոսյանին նորովի կարդալու, ընկալելու անհրաժեշտությունը կա այսօր: Հենց նույն Հրանտն էր ասում. «…երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝   եւ ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ  քսանականների իսկապես դառը ժամանակից՝  իմ ծնողների ժողովուրդը. մի  քիչ ջանք ինքերս մեզ վրա եւ ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝   եւ տես թե  ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝  իմ որդիների ժողովուրդը»: 

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է, արդյոք, խաղաղարար նախաձեռնությամբ հանդես գալ եւ հաջողել: Նրա խոսքը կարո՞ղ է ընկալելի լինել:

Եթե նյարդերը բաց են, եթե  չի կեղծում, այո՛, գրողի խոսքը  կարող է սթափեցնող առաքելություն ունենալ, կարող է աշխարհ փրկել: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որը 1915թ. Հայոց եղեռնն անվանել էր ցեղասպանություն, դեմ արտահայտվել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը,  ինչո՞ւ  լռեց  2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Շատերս էինք սպասում Փամուկի խոսքին, որը միգուցե սաստող, սթափեցնող ազդեցություն կունենար հատկապես պատերազմի առաջին օրերին միջազգային հանրության երեսպաշտ լռության ֆոնին: Հետաքրքիր է՝ ի՞նչ էր հուշում նրա գրողի, մտավորականի խիղճը, երբ լռեց այն ժամանակ, լռեց  հետո: 

Հուսով եմ,  հայ գրողը անցած պատերազմն իր դաժանությամբ արտացոլելու խիզախությունը կունենա առաջիկայում՝ առանց ողբ ու կոծի, առանց զոհի բարդույթի: Եվ դա կարող է դեպի խաղաղությանը միտված, դեպի խաղաղություն տանող մի փոքրիկ արահետ բացել: