Տարեկան ժողով 2022

Ետ/Պատերազմ․ Ի՞նչ անել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ փետրվարի 26-27-ին տեղի ունեցավ «Փեն»-ի արտագնա համաժողովը, որի արդյունքում մշակվեցին չորս հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանային, լեզվական, գենդերային, երիտասարդական քաղաքականություններին առնչվող նախնական նախագծային փաթեթներ, ինչպես նաև ձևավորվեց կազմակերպության էթիկայի հանձնաժողովը։ 

Տարեկան ժողովին մասնակցեցին «Փեն»-ի վաթսուներկու անդամներից երեսունվեցը, հրավիրյալ գործընկերներ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից Նաիրա Սուլթանյանը, PEN Ամերիկայի Եվրասիական բաժնի ղեկավար Պոլինա Սադովսկայան, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, ՀՀ ԿԳՄՍՆ գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը, Մարդու իրավունքների տուն Երևանի համակարգող Վարսեր Կարապետյանը։

Ժողովը մեկնարկեց եւ փակվեց Հռչակագրի ավանդական ընթերցմամբ։ Ետ/պատերազմական իրավիճակում ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրվեց Հռչակագրի երրորդ հոդվածի վրա, որի համաձայն «PEN-ի անդամը պետք է գործի դնի իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ ժողովուրդների և ազգերի միջև փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի, ջանք չխնայի ատելության բոլոր դրսևորումների վերացման գործում, պայքարի հանուն՝ «մի աշխարհ, մի մարդկություն՝ խաղաղության և հավասարության պայմաններում» իդեալի»։

«Փեն»-ի նախագահ Արմեն Օհանյանն իր բացման խոսքում կարևորեց նախորդ օրը կայացած «Գրողներ հանուն խաղաղության» կոմիտեի բեկումնային հավաքը, ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման գրասենյակի հետ շարունակական համագործակցության կարևորությունը, ողջունեց հատուկ հյուրերին, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ներկայացրեց իր կառույցի լիազորությունները, «ետ/պատերազմական» մեծ օրակարգի հետ կապված մարտահրավերները, հստակեցրեց հետաքրքրությունների, մոտեցումների և հնարավորությունների շրջանակը՝ խոսակցությունն ի սկզբանե դնելով գործնական «ռելսերի» վրա։ 

Առաջին ընդհանուր նիստը ամփոփվեց «Վստահության շրջան» կոչվող 3 րոպեանոց ելույթներով, որտեղ ներկաներից յուրաքանչյուրը կիսվեց հավաքի գլխավոր՝ «Ետ/պատերազմ․ ի՞նչ անել» հարցի շուրջ իր պատկերացումներով։ 

Օրվա երկրոդ կեսը նվիրվեց խմբային աշխատանքներին․ նախ քարտեզագրվեցին ոլորտային խնդիրները, ապա լուծումները՝  նախնական նախագծային առաջարկների տեսքով։ 

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում ծավալվող պատերազմը  խնդրականացնում է ոչ միայն փոքր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան՝ ներառյալ չճանաչված միավորներ) շուրջ պատկերացումները, այլև արձանագրում նոր աշխարհի (աշխարհակարգի) երկունքի պահը։ 

Խումբը քննարկել է տարածաշրջանային երկխոսությունների տարբեր ձևաչափեր՝ կենտրոնանալով հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Մասնավորապես քննարկվել է 3+3 ձևաչափի իրատեսականությունը` Վրաստանի արդեն իսկ հայտնած բացասական դիրքորոշման հաշվառմամբ, 1+ 4 ձևաչափը (Հայաստան + չորս սահմանակից հարևաններ), AGUMB ցանցը (Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելարուսի PEN կենտրոնների համագործակցային ենթացանց։ Ադրբեջանը չունի PEN կենտրոն)։ 19+ ձևաչափը՝ Անդրկովկասի համագործակցությունը Արևմտյան Ասիայի երկրների գրողների հետ, և այլն։  

Հայաստանի ՓԵՆ-ը  ամուր կապեր է հաստատել ԱՄՆ-ի գործընկերների հետ, արդյունավետ համագործակցում է արևելաեվրոպական մի շարք կենտրոնների հետ։  Կազմակերպությունն ունի հայ-թուրքական, հայ-ադրբեջանական երկխոսական ծրագրերի պատասխանատու՝ Արմեն Օհանյան, վրացական կենտրոնի հետ կապերի պատասխանատու՝ Ասյա Դարբինյան, ռուսական կենտրոնների հետ կապերի պատասխանատու՝ Հովհաննես Ազնաուրյան, գերմանախոս կենտրոնների հետ կապերի պատասխանատու՝ Հերմինե Նավասարդյան, իսպանախոս կենտրոնների հետ կապերի պատասխանատու՝ Ալիս Տեր-Ղևոնդյան, ֆրանսիախոս կենտրոնների հետ կապերի պատասխանատու՝ Շագա Յուզբաշյան (հիշեցնենք, որ Միջազգային ՓԵՆ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը)։ Բացի միջազգային PEN-ի անդամակցությունից, Հայաստանի ՓԵՆ-ը հանդիսանում է նաև Մարդու իրավունքների տան անդամ կազմակերպություն։ 

Չնայած տարածաշրջանի մասին տարբեր պատկերացումներին՝ խումբն առավելապես կենտրոնացել է հայ-ադրբեջանական երկխոսության օրվա հրամայականի շուրջ։  

Մոդերատոր՝ Արմեն Օհանյան

Հիմնական իրականացնող՝ Գրողներ հանուն խաղաղության կոմիտե

Առնչակից փաստաթղթեր՝  Բլեդի մանիֆեստ, Հռչակագիր 

Մասնակիցներ

Արամ Պաչյան, Արման Գրիգորյան, Աննա Գևորգյան, Վահրամ Մարտիրոսյան, Տիգրան Ամիրյան, Սեդա Շեկոյան, Մարինե Պետրոսյան, Թագուհի Հակոբյան, Կարինե Խոդիկյան, Կարեն Ավետիսյան

ԽՆԴԻՐՆԵՐ

1․ Խաղաղության լեզվի բացակայություն

Խաղասիրական լայն մշակույթի բացակայության պայմաններում խաղաղության երեք լուսանցքայնացված ենթալեզուները (հիշողության լեզու,  «պրոֆեսիոնալ» խաղաղաշինարարների լեզու, ազգային մշակութային գործիչների լեզու) ստեղծում են ոչ թե բազմաձայնություն, այլ տարաձայնություն։ Թեև ՀՀ իշխանությունները հայտարարել են Խաղաղության դարաշրջան բացելու իրենց պատրաստակամության մասին, հանրային տրամասույթում շարունակում է գերակա մնալ պատերազմի լեզուն՝ իր արմատացած ռազմահայրենասիրական պատումներով։ 

2․ Հանրային անընկալունակություն

Խաղաղության մասին խոսույթները տարիներով իրականությունից կտրված, վերացական բառապաշար են որդեգրել, որ ժամանակի ընթացքում հասարակություններին հուզականորեն անընկալունակ են դարձրել դրանց նկատմամբ և բավարարել են միայն քաղհասարակության և միջազգային հանրության ապրումակցման պահանջները։  

3․ Պատերազմի արմատացած մշակույթ և իներցիա

Տարածաշրջանում ազգայինը կայացվել է հարևան ժողովուրդների նկատմամբ թշնամանքի, ինքնությունների և հակամարտությունների պատմականացման (ինչքան հին՝ այնքան լավ), պատմության նենգափոխման, թունոտ քարոզչության պայմաններում, որտեղ գերակա պատումներին հակադրվող գրողների ձայնը խլացվել է, իսկ «խաղաղ համակեցության» պատումները հաճախ հղվել են վիճարկելի սովետական անցյալին։    

4․ Ետպատերազմական տրավմա

Ետպատերազմական խորը տրավմա է տանում ողջ ազգաբնակչությունը, չկա մեկը որ այս կամ այն կերպ իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքը։ Ամոքման համընդգրկուն մշակված քաղաքականություն չկա, իսկ ԱԻՆ-ի կողմից համակարգվող հոգեբանական աջակցության կոնսորցիումը անվճար ծառայություններ է մատուցում միայն անմիջական տուժածներին և նրանց ընտանիքներին։ Մասնավորապես գրական/արվեստային համայքների ամոքման և վերականգնողական խոշոր ծրագրեր չեն իրականացվում։ 

5․ Մշակութային երկխոսության գործիքայնացում

Խումբը նկատի ունի մի կողմից մշակութային երկխոսական ծրագրերի դրամաշնորհայնացումը (միջազգային դոնորների ակնկալիքները բավարարելու մասով), մյուս  կողմից իշխանական քարոզչությանը ծառայելու, պաշտոնական գծից չշեղվելու միտումը։  

6․ «Եղբայրական ժողովուրդների» տեսլականի անաշխատունակություն

Խումբը նկատի ունի գրաիմաստային տարածությունում՝ «дружба народов», «миру мир!» և այլ սովետաբաղձ հղացքների ժամանակավրեպ լինելը, որոնք այլևս չեն համապատսախանում ժամանակի ոգուն և նոր սերնդի պատկերացումներին։ 

7․ Փոխադարձ հարգանքի բացակայություն

Հայաստանում ազգային իղձերի և պատրանքների ցավոտ փլուզումը, «պարտված» կողմի բարդույթը, իսկ Ադրբեջանում՝ «հաղթողի» անհարկի քարոզչական-ցուցադրական ցնծությունը, չեն նպաստում լարման թուլացմանը և առաջացնում են նոր անջրպետեր, որոնց արդյունքում Հայաստանի քաղհասարակությունն առավել զգուշավոր է դիրքավորվում՝ հատկապես խաղաղասիրական երկխոսությանն ակտիվորեն ներգրավվելու առումով։  Երկու կողմի հանրային ընկալումներում առկա է ներքին քամահրանք, «հարգանքի անարժան կամակատարի» ընկալում՝ Ադրբեջանում հայերն ընկալվում են Ռուսաստանի կամակատար, Հայաստանում ադրբեջանցիները՝ Թուրքիայի։ Թշնամընկեր հռչակված «մեծ եղբայրների» ստվերն ահագնացնում է հանրային վախերը։ 

8․ «Չեզոք գոտու» ժամանակաշրջանի ավարտ

Տասնամյակներով հայ-ադրբեջանական երկխոսությունը, ժողովրդական դիվանագիտության և խաղաղասիրական ծրագրերն իրականացվել են «չեզոք գոտում», հաճախ՝ հյուրընկալ Թբիլիսիում, չորրորդ կողմի (Եվրոպա, ԱՄՆ, միջազգային դոնորներ) աջակցությամբ կամ ան/ուղղակի նախաձեռնությամբ։  

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1․ «Նոր լեզու / նոր բառարան» նախագիծ

Մտահղացվել է մեծ իմաստով խաղաղության լեզվի ստեղծմանը/կայացմանը նպաստող ռազմավարական հայեցակարգի և գործողությունների համալիր պլանի մշակում, որը ՓԵՆ-ի նախաձեռնությամբ կհամախմբի խնդրի կարևորությունը գիտակցող մտավորականների, համապատասխան կառույցների և մեդիաների լայն շրջանակ։ Որպես առաջին քայլ դիտարկվել է «Խաղաղության լեզու» խորագրով եռօրյա համաժողով-աշխատանոցի իրականացումը՝ հնարավոր գործընկերների ընդգրկմամբ։  

2․ «Ներքնապատերի փլուզում» նախագիծ (վերնագիրը՝ պայմանական)

Ներհայաստանյան երկխոսական նախագծերը կարևորվել են ներքին հաշտեցման, փոխհանդուրժողականության մթնոլորտի վերականգման առումով։

Որպես պատերազմի հետևանք ոչ միայն քաղաքական հակառակորդ ճամբարների, այլև հանրության տարբեր շերտերի, այսպես կոչված «էլիտայի և ժեխի», տարբեր սերունդների միջև են ներքին պատեր խոյացել։ Շարունակական մեդիա-պատերազմի պայմաններում «հայրենիքի դավաճանների» և «Ղարաբաղը ծախողների» անվերջ փնտրտուքը խաթարել է հանրային համերաշխությունը, որի վերականգումն անհրաժեշտ նախապայման է խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Պարզ ասած՝ ժողովուրդն ինքը նախ պետք է խաղաղվի, վերագտնի իր ինքնավստահությունը, որ պատրաստ լինի խաղաղության և դրացիների հետ հաշտեցման։  

Գրական/արվեստային ներուժի կիրառմամբ ետպատերազմական տրավմայի հաղթահարման ծրագրերի մշակում և իրագործում։ Սերունդների երկխոսության կայացմանը նպաստող միջոցառումների՝ այդ թվում ռադիոհեռուստատեսային թողարկումների կազմակերպում։    

3․ «Հին տներ՝ նոր հարևանություն» նախաձեռնություն

Տարածաշրջանային երկխոսության ընդլայնում (նոր ձևաչափերի փորձարկում՝ երկկողմ, անմիջնորդ ձևաչափ;  սահմանակից հարևաններ՝ 1+4; 3+3; 19+; AGUMB և այլն)։ Նախաձեռնությունը փորձելու է տարբեր ձևաչափերով առցանց քննարկումներ կազմակերպել «նոր հարևանության» երկրների գրողների հետ, հաստատել նոր կապեր՝ հետագայում գրական միջազգային խաղաղասիրական փառատոնի վերածվելու միտումով։

4․ «Մեր մեղքը» կլոր սեղան-քննարկում (նախաձեռնող՝ Մարինե Պետրոսյան)

Ներհայաստնյան հավաք գրող/մտավորականների ընդգրկմամբ՝ որը կքննարկի գրող/մտավորականների պատասխանատվության հարցը, հնարավոր ապագայի սցենարները և անցյալի սխալների շտկման հնարավորությունները։ 

5․ «Խաղաղության քառուղիներ» նախագիծ

Ճամփորդական, գրական, երկխոսական նախագիծ է, որի նպատակը այլոց ցավի, 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբին պատերազմների, զինված հակամարտությունների բովով անցած ժողովրդների, երկրների փորձառության հետ առնչակցումն է, դրանց հիման վրա ճամփորդագրական նոթերի, հուշագրությունների, ակնարկների ստեղծումը, այլոց կողմից հաղթահարված բարդ հակամարտությունների պատմությանը լայն ընթերցողական հանրությանը հասու դարձնելը՝ ի նպաստ սեփական արմատացած թշնամանքի հաղթահարման։ 

Նախագիծը կներառի նաև առցանց մեդիա արշավ, մասնակցություն այլ միջազգային հարթակների, գործընկեր փառատոններում պանելային քննարկումներ։ 

6․ «Գրա/խոսելով միմյանց» բազմալեզու հարթակ 

Բազմալեզու առցանց գրական ինտերակվիտ հարթակի ստեղծում, որտեղ կողմերը գրախոսում են միմյանց թարգմանական գործերը։ Հայ գրաքննադատները գրական իմաստավորման են ենթարկում ադրբեջանական դասական և ժամանակակից գրականության նմուշներ, ընթերցողները՝ գրախոսում, գնահատում, քննարկում (goodreads-ի եւ www.rottentomatoes.com խառը համանմանությամբ) և հակառակը։ Պարբերաբար քննարկման է դրվում որևէ գիրք/տեքստ, անց են կացվում գրախոսությունների մրցույթներ։ Հարթակը կարող է համալրվել՝ ներառելով այլ լեզուներ (թուրքերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն և այլն), ինչպես նաև չսապհամաափակվել գրականությամբ, այլ գրախոսել հարևանների մշակութային այլ արտադրանք՝ թատրոն, կինո, գեղարվեստ և այլն:  

7․ Նոր լեզվի մանիֆեստ (նախաձեռնող Արման Գրիգորյան)

Գրողների/արվեստագետների մանիֆեստ, որը կհռչակի խաղաղության, հաշտեցման և բարիդրացիության նոր էթիկական և էսթեիկական սկբունքները և որին կարող են միանալ Անդրկովկասի, ինչպես նաև մեծ տարածաշրջանի այլ մտավորականներ։  

8․ «Ինքնամոքում» ծրագիր (առաջարկը՝ Կարինե Խոդիկյանի)

Ծրագիրը նպատակ ունի զորակցել և աջակցել գրական, արվեստային հանրույթին՝ հաղթահարելու ետպատերազմական տրավման, ստեղծագործական ճգնաժամերը, նպաստել արվեստային միջավայրում փոխօգնության և հոգատարության մթնոլորտի վերականգնմանը, հարևանների նկատմամբ թշնամանքի, վիրավորանքի հաղթահարմանը։

9․ «CC Համաստեղծագործարան» նախագիծ

Տարածաշրջանային օտարման հաղթահարման նախագիծ (փոխթարգմանությունների բացի լրացում, մշակութային փոխներթափանցումներ, համաստեղծագործական նախագծեր)։

Համաստեղծագործարանը համախմբելու է տարածաշրջանի ստեղծագործողներին համամարդկային մարտահրավրեների շուրջ՝ կիլմայի  փոփոխություն, համավարակներ, տեխնոլոգիական հեղաշրջումներ, հիբրիդ պատերազմներ։ 

10․ Ինքնազարգացման ծրագրեր (նախաձեռնող՝ Սեդա Շեկոյան)

Հանդուրժողականության լեզվի, ինքնատիրապետման, բանակցային կարողությունների զարգացման դասընթացներ, թեմատիկ վարպետության դասեր՝ նամակագրությունից մինչև ելույթագրություն, մեդիագրագիտության, կիբերանվտանգության փորձագետների հետ հանդիպումներ։   

11․ «Գրագնաց» հայ-թուրքական գրական երխոսության համալիր ծրագիր

«Գրագնացը» ՓԵՆ Հայաստանի համակողմանիրոն մշակված, երկարաժամկետ ծրագրերից է, որի իրականացման համար փնտրում է ֆինանսական միջոցներ։ Քանի որ ծրագրի նկատմամբ խոշոր դրամաշնորհատուները հետաքրքրություն չեն ցուցաբերել, որոշում է կայացվել ծրագիրն իրականացնել փոքր քայլերի տրամաբանությամբ։ Նախորդ տարի հրատարակվել է «Մեր ներսի հայը» ժողովածուն։ 

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավկովկասյան տարածաշրջանի երբեմնի lingua franca ռուսերենը ընկրկում է՝ զիջելով իր տեղը գլոբալ անգլերենին։ Լեզվական քարտեզի անհամաչափությունը (հայերենը և ադրբեջաներենը Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների լեզուներ են, իսկ Ադրբեջանում եւ Հայաստանում տասնամյակներով լեզուներն ուսուցանվել են որպես «թշնամու լեզու»)։ Ադրբեջաներենը հասկանալի է թուրքախոս աշխարհին և ավելի մեծ լեզվական քարտեզի մաս է, մինչդեռ փոքր և ինքնատիպ լեզուներ համարվող հայերենը և վրացերենը, լինելով լեզվահեն մշակույթի հիմքերի հիմքը, այլևս պետական լեզվի կարգավիճակով, ազգային ողջ խոսույթի հիմնաքարն են։ Լեզվաաղաքականությունը՝ ներառյալ բարեփոխումները, լեզուների ազատականացման խնդիրները, բարբառների և խոսվածքների, փոքրամասնական լեզուների և գրականության պաշտպանությունը, առնչակից մշակութային իրավունքները,  ՓԵՆ-ի գործունեության հիմնական ուղղություններից է, որ իրականացվում է «Թարգմանչաց և լեզվական իրավունքների» կոմիտեի կողմից։ 

ՓԵՆ-ը նաև թարգմանչակենտրոն կազմակերպություն է, որ գրական թարգմանիչների դերը կարևորում է՝ որպես ժողովրդական դիվանագետներ (կուլտուրտրագերներ), որոնց ջանքերով կայանում է տարածաշրջանային խորքային, մնայուն երկխոսություն՝ ոչ միայն գրական փոխներթափանցումների, այլև լայն հանրային ընկալումների դրական տեղաշարժերի մակարդակում։

Մոդերատոր՝ Արևիկ Աշխարոյան

Հիմնական իրականացնող՝ Թարգմանչաց և լեզվական իրավունքների կոմիտե

Հիմնական փաստաթղթեր՝ Լեզվական իրավունքների Ջիրոնայի մանիֆեստ ; Թարգմանչաց հարցերով Քվեբեկյան դեկլարացիա

 Այլ առնչակից փաստաթղթեր՝  «Լեզվի մասին» ՀՀ օրենք

Մասնակիցներ՝ Ասյա Դարբինյան, Անահիտ Արամունի-Քեշիշյան, Նազարեթ Սեֆերյան, Նարեկ Թոփուզյան, Մարատ Յավրումյան, Հերմինե Նավասարդյան

ԽՆԴԻՐՆԵՐ

1․ Լեզվի դոգմատիկա

Լեզվի դոգմատիզի հաղթահարումը անհրաժեշտ նախապայման է գոյապահպանման իզյոլացիոնիզմից դեպի բաց, քննադատական աշխարհայացքի անցման համար։  

2․ Լեզվական քաղաքականության բացեր

ՀՀ լեզվական օրենսդրության հիմքում ընկած է ՀՀ սահմանադրությունը, ՀՀ Լեզվի մասին օրենքը, որը ենթակա է վերանայման։ Լեզվական քաղաքականության հիմնական իրացնող կառույցը՝ «Լեզվի կոմիտեն» հիմնականում կատարում է լեզվի ոստիկանի գործառույթ, հանդես է գալիս լեզվի անաղարտության պաշտպանի դիրքերից։ 2018-ի իշխանափոխությունից հետո «Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ․ պետական ծրագիրը» չի գործում, ներկայիս կառավարությունը հաստատված պետական ծրագիր չունի։ 

3․ Արևմտահայերենի վտանգվածություն

Թեև հայերենը ՀՀ սահմանադրությամբ հռչակված է պետական լեզու, սակայն նրա մի ճյուղը՝ արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների ցուցակում է 

4․ Թվային դարի մարտահրավերներ

5․  Հայ գրական գործընթացի միջազգային անտեսանելիություն 

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1․ «Թարգմանչաց և լեզվական կոմիտեի» հնգամյա ռազմավարության և գործողությունների համապարփակ ծրագրի մշակում, որը կանդրադառնա լեզվական քաղաքականության հետևյալ ուղղություններին․

«Օրենսգրքի» ստեղծում, մասնակցություն օրենսդրական բարեփոխումների օրակարգին և լոբբինգ

Այլընտրանքային հայեցակարգերի ստեղծում և հանրահռչակում։ 

Լեզվի ազատականացում, լեզվի ազատագրում էթնոցենտրիկ բռնությունից

Թվայնացման և հայերենի ավտոմատացման, լեզվի մոդելի ստեղծման, կորպուսների հարստացման նախագծերին աջակցում, խնդիրների հանրայնացում

Արևմտահայերենի պաշտպանության և ինտեգրման նախագիծ

2․ Ալմանախ

Տարածված պրակտիկա է հակամարտող կողմերի գրականության անթոլոգիաների հրատարակումը, որոնք, որպես կանոն, չեն հետաքրքրում լայն ընթերցողական հանրությանը։ Առավել արդյունավետ է տարեկան պարբերականների տպագրությունը (նաև էլեկտրոնային), որոնց շուրջ հնարավոր է ձևավորել կայուն աճող ընթերցողական լսարաններ և հաջորդ թողարկման սպասում։  

3․ Անգլերեն անթոլոգիա 

Անգլերեն անթոլոգիաները տեղի գրականությունը միջազգային գրաշուկաներում, հրատրակիչներին և խմբագիրներին ներկայացնելու հիմնական միջոցներից են։ Նախկինում երբևէ փորձ չի արվել տարածաշրջանի բոլոր երկրների՝ ներառյալ հակամարտության գոտիներից հեղինակներին, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների լեզուներով գրողներին մեկ համընդգրկուն անթոլոգիայով ներկայացնելու, քանի որ ամեն պետություն առաջ է մղել իր ազգային գրականությունը։   

4․ «Բառ առ բառ, քայլ առ քայլ» մանկապատանեկան մատենաշար (վերնագիրը՝ պայմանական)

Հանրային ընկալման փոփոխությանը, լեզվի զգայունակության խրախուսմանը, կոնֆլիկտների հաղթահարմանը (միջանձնայինից մինչև ազգամիջյան) նվիրված ուսուցողական, նկարազարդ գրքերի շարք՝ տարբեր տարիքի դպրոցականներ համար, որը  համալրված է մշակված մեթոդական ուղեցույցներով, ձեռնարկներով, վարժություններով։   

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գենդերային խնդիրները Հայստանում երկար ժամանակ է քննարկվում են։ Մինչդեռ թե՛ ՀՀ սահմանադրությամբ ու տեղական օրենսդրությամբ, թե՛ Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել գենեդրային հավասարություն, այս առումով շատ անելիքներ ու բացեր կան։ Մի կողմից՝ ավանդական հայրիշխանական համակարգը և դերաբաշխումը, մյուս կողմից՝ խորհրդային շրջանում իրականացված կանանց էմանսիպացիան, որի արդյունքում կինը կրկնակի ծանրաբեռնված էր՝ աշխատելով թե՛ դրսում, թե՛ տանը, հետխորհրդային սոցիալ-տնտեսական ճգնաժամի արդյունքում առաջացած գործազրկության հետևանքով կանանց նվազ ներգրավվածությունը տանից դուրս աշխատանքներում (երբ աշխատանքի առկայության պարագայում նախապատվությունը տրվում էր տղամարդուն), ինչպես նաև աշխատանքի հնարավորություններին սատարող ենթակառուցվածքի փլուզումը (մանկապարտեզներ, երկարօրյա դասապատրաստում դպրոցում և այլն), կանանց շան տեղերում դուրս մղեցին տնտեսական և հանրային կյանքից։ 

Ավելին, անակախացումից ի վեր շարունակվող չլուծված Ղարաբաղյան կոնֆլիկտը և պատերազմները հանգեցրել են ավանդական հայրիշխանական համակարգի ամրապնդմանը և հասարակության այնպիսի կառուցվածքի, որտեղ ամեն բան պտտվում է պատերազմի ու անվտանգության շուրջ, որտեղ տղամարդն արժևորվում է որպես զինվոր, իսկ կինը՝ որպես «հերոսածին մայր»։ 

Որպես իրավապաշտպան կազմակերպություն՝ ՓԵՆ-ը գենդերային հավասարության ջատագով է,  հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Հայաստանյան ՓԵՆ կենտրոնը ունի Կին գրողների կոմիտե, որն անդամակցում  և ակտիվորեն մասնացկում է միջազգային կոմիետի աշխատանքներին։

Հարկ է նշել, որ մեծ տարածաշրջանում ունենալով Ստեվտլանա Ալեքսևիչի դրական օրինակը («Պատերազմի չունի կնոջ դեմք»-ը հրատարակվել է նաև հայերեն) Հայաստանի կին գրողների ներուժը դեռևս իրագործված չէ, նրանց ձայները այդքան էլ լսելի չեն Հայաստանի սահմաններից դուրս։ 

Մոդերատոր՝ Լուսինե Խառատյան

Հիմնական իրականացնող՝ Կին գրողների կոմիտե

Հիմնական փաստաթուղթ՝ Միջազգային ՓԵՆ-ի կանանց մանիֆեստ  

այլ առնչակից փաստաթուղթ՝ ՀՀ գենդերային քաղաքականության ընթացիկ ռազմավարություն և ծրագիր

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Լիլիթ Կարապետյան, Նարինե Կռոյան, Հասմիկ Հակոբյան, Սուսաննա Հարությունյան, Գևորգ Տեր-Գաբրիելյան, Յուրի Մանվելյան, Վիգեն Գալստյան

ԽՆԴԻՐՆԵՐ

1․ Պատերազմի՝ որպես հասարակության ընդհանուր կառուցվածքի և գենդերային դերերի վրա ազդող գործոն, տղամարդու արժևորումը որպես զինվոր, իսկ կնոջ՝ որպես «հերոսածին մայր», ռազմականացումը

2․ Հայրիշխանական քաղաքական համակարգը և պատերազմի «առնական» լեզվի խնդիրը 

3․ Կրթական համակարգի խնդիրներ

Դպրոցը, կրթությունը, որպես գենդերային պատկերացումներ, մոտեցումներ, դերեր ձևավորող գործոն

4․ Աշխատաշուկայի և սոցիալական բեռի խնդիրներ

50 տարեկանից բարձր կանայք ավելի դժվար են աշխատանք գտնում քան տղամարդիկ, երեխա ունենալուց հետո կանայք զբաղվում են երեխաներով և չեն աշխատում (թեև բարձրագույն կրթություն ստացող կանանց տեսակարար կշիռը անհամեմատ ավելի բարձր է), շատ համայնքներում չկան մանկապարտեզներ և դպրոցները չունեն երկարօրյա, ուստի կանայք չեն կարող աշխատել, քանի որ պետք է զբաղվեն երեխաներով։

5․ Հանրայի տարածքի գենդերայնացվածությունը և անտեսանելի խտրականությունը

Ընտանիքը, որպես հանրային դաշինքի հիմք և ընտանիքում ավանդաբար գործող դերաբաշխումը

6․ Կին գրողների/ստեղծագործողների սակավ ներակայացվածությունը հանրային տարածքում, կրթության մեջ և առհասարակ կին հեղինակների ժառանգության ուսումնասիրության և հանրայնացման հարցը

7․ Լռեցված ձայներն ավելի լսելի դարձնելու հարցը

Պատերազմից տուժած, մասնակցած կանանց, որդեկորույս մայրերի, զոհվածների այրիների, դուստրերի, և այլ կանանց պատմությունները պաշտպանել «ռազմահայրենասիրական» քարոզչության գործիքայնացումից։ 

8․ Սեռականության ընկալումները, կարծրատիպերը, հանրային տաբուները

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1․  «Կինը և պատերազմը» թեմայով միջազգային համաժողովի կազմակերպում

2․ Հրատարակել սեռականությանը նվիրված գործերի ժողովածու 

3․ Կազմակերպել 1-2 օրյա աշխատարան

(աշխատաժողով, որն ավելի խորությամբ կքննարկի գենդերային խնդիրները` ետպատերազմական իրողությունների դիտանկյունից) 

4․ Կրթական բարեփոխումների օրակարգում գենդերային կրթության ներառման ծրագրեր

Կազմել առաջարկությունների փաթեթ՝ գենդերային կրթության վերաբերյալ, որը կապահովի ոչ միայն կին հեղինակների առավել մեծ ընդգրկվածությունը կրթության բովանդակության մեջ, այլև կառաջարկի յուրաքանչյուր տարիքային խմբի առանձնահատկություններից բխող ստեղծագործություններ, որոնք կօգնեն գենդերային կրթությանը

5․ Ադվոկացիոն և պաշտպանական ծրագիր՝ կին ստեղծագործողների, ինչպես նաև սեռական կողմնորշման պատճառով հետապնդման ենթարկվող ստեղծագործողների համար։  

Ավելի ակտիվ հանդես գալ հետապնդումների ենթարկվող ստեղծագործողների պաշտպանությամբ, արտահայտել դիրքորոշում՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական։

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առկա իրավիճակը կարելի է բնորոշել որպես ժողովրդագրական աղետ․ ծերացող ազգաբնակչություն, որտեղ փոքրաթիվ երիտասարդությունն առավել խոցելի տարիքային խմբի կարգավիճակում է հայտնվել։ Պատերազմի անմիջական զոհերի բացարձակ մեծամասնությունը 18-20 տարեկան երիտասարդներ էին՝ պարտադիր զինծառայողներ։ Զումերների ողջ սերունդը դարձել է ետպատերազմական տրավմայի անմիջական կրող՝ կորցնելով սերնդակիցներց շատերին՝ համադասարանցի, կուրսեցի, բակի ընկեր, եղբայր և զուգընկեր, շատերն այլևս պատերազմի հաշմված վետերաններ են։ Մյուս կողմից ավանդաբար փոքրաթիվ երիտասարդությանն է վերագրվում հասարակության լոկոմոտիվի՝ երկրի ապագայի կերտման, բարեփոխումների պահանջատիրոջ դերը, և տարածաշրջանային խաղաղասիրական երկխոսության ջահը փոխանցվում է նրանց։ 

Այս իրողություններից ելնելով ՓԵՆ-ը որոշում է կայացրել ստեղծել երիտասարդության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ՝ առանց տարիքային խտրության: Հնարավոր համագործակցության եզրերը ճշտելու նպատակով ֆորումին հրավիրել է Գոհար Մամիկոնյանին, ով ներկայումս գործադիրում զբաղեցնում է երիտասարդւթյան գծով ամենաբարձր վարչական պաշտոնը, ինչպես նաև քննարկման է դրվել ՄԱԿ-ի 2250 «Երիտասարդներ, խաղաղություն և անվտանգություն» բանաձևը, որի տեքստի գրման աշխատանքային խմբում կամավորել է մեր գործընկեր Պոլինա Սադովսկայան։  

Մոդերատոր՝ Րաֆֆի Մովսիսյան

Հիմնական իրականացնող՝  երիտասարդության հարցերով աշխատախումբ

Հիմնական փաստաթուղթ՝  ՄԱԿ-ի 2250 «Երիտասարդներ, խաղաղություն և անվտանգություն» բանաձև  

Այլ առնչակից փաստաթուղթ՝ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարություն 

Մասնակիցներ՝  Կարեն Անտաշյան, Հովհաննես Հովակիմյան, Սամվել Խաչատրյան, Քրիստիան Գինոսյան, Օվսաննա Շեկոյան, Մհեր Արշակյան,  Նորայր Սարգսյան

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը

ԽՆԴԻՐՆԵՐ

1․ Ետպատերազմական տրավմա

Առկա են տեղեկատվության հասանելիության, հասցեականության խնդիրներ։ Տրավման բազմաշերտ և խորն է, որի հաղթահարումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ 

Ետպատերազմական շրջանում Հայաստանի գրավաճառներն արձանագրել են գրքի վաճառքի աննախադեպ աճ։ Թեև համապատասխան վերլուծական հետազոտություն չի արվել, սակայն ենթադրելի է,  որ հոգեբան-թերապևտների դիմելու ազգային բարդույթը, խոստովանահոր ինստիտուտի բացը, հարազատներին ցավից զերծ պահելու մղումը, գիրքը վերածել են այլևնտրանքային «զրուցակցի»։ ՓԵՆ-ը կարևորում է գրամոքման մշակույթի կայացումը Հայաստանում (բիբիլիոթերապիա և ստեղծագրական թերապիա) և այդ ուղղությամբ արդեն ունի մշակված, իրագործման ենթակա նախագիծ։ 

2․ Երիտասարդների գործազրկություն (սոցիալ-տնտեսական խնդիրներ)

Մշակութային շուկայում՝ մասնավորապես գրաշուկայում (բացառությամբ գրավաճառների) հիմնականում ներգրավված են միջին տարիքի մարդիկ, թեև ոլորտը զարգացման միտումներ է ցուցաբերում և երիտասարդ մասնագետների կարիք ունի։

Գրահրատարակչական ոլորտի՝ հատկապես գրական գործակալների պակաս, էլեկտրոնային գրահրատարակիչների պակաս, վերապատրաստման և որակավորման ծրագրերի պակաս։

3․ Մշակութային երիտասարդական քաղաքականություն (խաթարված էկոհամակարգ)

Գրաքննադատության պակաս, քննադատական մտածողության լուսանցքայնացում, «Հայ մեծերի» և «կենդանի դասականների» կողմից մշակութային իմաստային տարածության «զավթում», երիտասարդական սեկցիաների «կոմսոմոլացում», քարոզչական նպատակներով երիտասարդության գործիքայնացում։

4․ Երիտասարդ գրողների առաջխաղացման բարդություններ

Բազային, պրոֆեսիոնալ հմտությունների պակաս, տարածաշրջանային և միջազգային երկխոսությունից օտարվածություն, լեզուների չիմացություն և այլն։

5․ Երիտասարդ գրողների և արվեստային մյուս համայնքների օտարում

Մասնավորապես գրականություն-կինո, թատրոն, երաժշտ․, ժամանակակից արվեստ խզված կապեր՝ ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներով։ 

6․ Գրադարանավարների անտեսվածություն

Գրադարանավարությունը ՀՀ-ում ամենացածր վճարվող աշխատանքներից է, ծերացող մասնագիտություն։ Գրադարանավարներն աչքի չեն ընկնում ժամանակակից գրականության իմացությամբ։ ՓԵՆ-ն առանձնակի կարևորություն է տալիս գրադարանավարներին, ընկալում նրանց որպես խաղաղաշինության պոտենցիալ աջակիցներ: 

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

1․ Գրաշուկայի երիտասարդացման նախագիծ

Գրական գործակալների, էլեկտրոնային հրատարակիչների, գրաշուկայի այլ մասնագենտրի վերա/պատրաստման ծրագիր՝ լրացուցիչ կրթության, վերավորակավորման միջոցով։ 

Ծրագիրը ներառում է գրաշուկայի համընդգրկում հետազոտություն, որին կհաջորդեն թիրախային վերապատրաստման և որակավորման կուրսեր (առաջնահերթություն տալով գրքի ոլորտում աշխատել ցանկացող պատերազմի մասնակիցներին)։ 

2․ Միջազգային համագործակցություն երիտասարդական ոլորտում

Դրամաշնորհային ծրագրերի, փառատոնների, ռեզիդենսիների մասին տեղեկատվության և դրանց մասնակցության կարգի իրազեկում ՓԵՆ-ի կայքում և գործընկերների հարթակներում (հայտերի լրացման անվճար խորհրդատվություն, օժանդակում)։ Նպատակը՝ պատերազմի արհավիրքը անմիջականորեն կամ միջնորդավորված կերպով վերապրած երիտասարդների ձայնը լսելի դարձնել թե՛ երկրի ներսում, թե՛ տարածաշրջանում և միջազգային հարթակներում։ 

3․ Գրախոսությունների խրախուսման և ետ/պատերազմի գրականագիտական իմաստավորման համալիր ծրագիր։

Գրական քննադատների կրթական, ընթերցողական գրախոսությունների, ինչպես նաև մշակութային լրագրողների վերապատրաստման համալիր ծրագիր՝ ետ/պատերազմական իրավիճակում գրահրատարակչական ոլորտի և գրական գործընթացի լուսաբանման/մեկնաբանման գծով։ 

Պատերազմից հետո ամենքը գրում է «իր պատերազմի» մասին, ստեղծվում է մեծաքանակ տեքստային բովանդակություն՝ հաճախ տուրք տալով հին նարատիվներին։ Հրատարակիչները վաճառքներից ոգևորված երբեմն անտեսում են բովանդակային կողմը։ Գործընթացը որևէ կերպ չի ենթարկվում գրականագիտական, մշակութաբանական, ընթերցողական քննադատական իմաստավորման։ 

4․ ՓԵՆ-ին առընթեր կարողությունների զարգացման երիտասարդական կենտրոն

Կենտրոնը զբաղվելու է պատերազմից տուժած երիտասարդ ստեղծագործողների թիրախային աջակցությամբ, կամավորության խրախուսման և ոչ ֆորմալ կրթական նախագծերի միջոցով սատարելու է նրանց առաջխաղացմանը։ Պարբերաբար ներկայացնելու է ժամանակակից գրականության և համաշխարհային մշակութային համատեքստը, կազմակերպելու է ստեղծագրության, օտար լեզուների ուսուցման դասընթացներ, աջակցելու է այազգի երիտասարդ ստեղծագործողների հետ երկխոսական ծրագրերի։ Կենտրոնը գործելու է Մարդու իրավունքների տուն Երևանի գրասենյակում։ 

5․ Zoom սերնդի հարթակ 

Գրականության և արվեստի այլ տեսակների համագործակցության հարթակի ստեղծում՝ ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային ներառմամբ։ Քննարկվել է երիտ․ արվեստագետների առցանց հարթակի ստեղծումը (բիոների բազա, կատալոգ, առցանց շփման հնարավորություն), որտեղ երիտասարները կարող են ծանոթանալ իրար հետ, ստանալ փորձագիտական  (մենթորային) խորհրդատվություն, ֆոնդահայթայթման հնարավորություններ՝ համաստեղծագործական նախագծեր իրականացնելու համար։ 

6․  Գրադարանավարների վերապատրաստման և գրադարանային ֆոնդերի թիրախային համալրման ծրագիր

Գրադարանային ֆոնդերի համալրումը հակապատերազմական, խաղաղասիրական գրականությամբ, հարևան ժողովուրդների մարդասիրական թարգամանական գրականությամբ, ինչպես նաև ինքնամոքման, ինքնազարգացման հատընտիր հավաքածուներով, որը կուղեկցվի գրադարանավարների թիրախային վերապատրաստմամբ, ինչն իր հերթին կհանգեցնի ընթերցասեր հանրության ընկալումներում դրական փոփոխությունների։ 

Նշում։ Գրադարանները դիտարկում ենք ապահով տարածներ, որտեղ ՓԵՆ հռչակագրի առաջին հոդվածի (Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է մնա համընդհանուր արժեք ժողովուրդների համար՝ անկախ քաղաքական կամ միջազգային վայրիվերումներից) իրագործումն առավել ներառական և հասանելի կարող է լինել (գիրք ոչ բոլորը կարող են գնել, գրադարանից կարող են օգտվել բոլորը)։ 

7․ Հակապատերազմական էլեկտրոնային գրահրատարակչության խրախուսման ծրագիր

Համանման բովանդակությամբ և մոտեցմամբ էլեկտրոնային գրահրատարակչության խրախուսումը և թվային գրադարանների ստեղծում/համալրումը նույնպես կարելի է դիտարկել որպես նախագիծ։ ՓԵՆ-ն արդեն իսկ իրականացրել է էլեկտրոնային գրահրատրակչության հիմունքների  հաջողված դասընթաց, որը կարող է նախատիպ հանդիսանալ երիտասարդներին էլեկտրոնային գրահրատրակչության գործում ներառելու գործում։ 

--

Հաջորդ առավոտյան տեղի ունեցավ կազմակերպչական հարցերով ժողով, որի ընթացքում Արմեն Օհանյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով, հայտարարեց նոր՝ ՓԻՆՔ ՓԵՆ ենթադրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին, որի վերջնանպատակն է գրականության և արվեստի ներուժի կիրառմամբ նպաստել  ԼԳԲՏԻ հարցերի շուրջ հասարակական դիրքորոշման ու վերաբերմունքի դրական փոփոխությանը։ Այնուհետեւ հրավիրյալ զեկուցող Պոլինա Սադովսկայան ներկայացրեց ՓԵՆ-ամերիկայի հետ համագործակցության երեք հիմնական ուղղությունները։ 

1․ ՓԵՆ կենտրոնների զորակցում

Ներկայացվեց Հայաստանի կենտրոնի նախաձեռնած AGUMB համագործակցային ենթացանցի ստեղծման գաղափարը, որը կմիավորի Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի PEN կենտրոնները։

2․ Տեղի գրականության միջազգայնացում

Խոսվեց այս տարի «Աշխարհի ձայներ» փառատոնում տարածաշրջանի գրողների և գրական թարգմանիչների ներգրավման մասին, նաև ներկայացվեց ապրիլի 12-ին Թբլիսիում կայանալիք պանելային քննարկումը՝ Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի ՓԵՆ նախագահների մասնակցությամբ։ 

3․ Ադվոկացիա եւ պաշտպանություն

Ներկայացվեց այս ուղղությամբ տարածաշրջանում իրականացված գործողությունները։

Արմեն Օհանյանը հավելեց , որ գործում է Մարդու իրավունքների տուն Երեւանի պաշտպանության ծրագիրը, որին կարող են դիմել ոչ միայն իրավապաշտպաններ, այլեւ գրողներ, լրագրողներ, արվեստագետներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների այլ ջատագով գործիչներ, որոնք ճնշումների են ենթարկվում։

Ժողովի ընթացքում ձեւավորվեց էթիկայի հանձնաժողովը՝ հետեւյալ կազմով․ Հասմիկ Հակոբյան (նախագահ), Լուսինե Խառատյան, Կարեն Անտաշյան։ 

Երկօրյա հավաքի ավարտին ՓԵՆ անդամները հավաստեցին տարածաշրջանային երկխոսություն ծավալելու իրենց պատրաստակամությունը և վերահաստատեցին Հռչակագրի արժեքներին հավատարմությունը։