Վիգեն Գալստյան

Վիգեն Գալստյանը Երևանում հաստատված արվեստի պատմաբան է ու անկախ համադրող։ 2018 թվականին Սիդնեյի Համալսարանում պաշտպանել է իր դոկտորական թեզը` «Թարգմանելով ավերակները. պատմա-մշակութային ժառանգության լուսանկարչությունը հայկական մշակութային արդիականության համատեքստում`1860-1904թթ.» թեմայով։  2010-ին հիմնադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հետազոտական կենտրոնը և երկու տարի աշխատել է Սիդնեյի Նոր Հարավային Ուելսի պատկերասրահում որպես լուսանկարչության համադրող։ 2006 թ-ից սկսած հեղինակել է բազմաթիվ ցուցահանդեսներ, կինոծրագրեր, հոդվածներ և պատկերագրքեր նվիրված հայկական արվեստի և լուսանկարչության պատմությանը որոնց թվում են հայկական կինոազդագրային արվեստին նվիրված առաջին ցուցահանդեսը (2006թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), «Լուսանկարչությունն ու առօրյա տարածությունը» (2011թ., Նոր Հարավային Ուելսի պատկերասրահ, Սիդնեյ) և հայ լուսանկարչության դասական` Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը (2017թ., Հայաստանի նկարիչների միություն) և այլն։ Նրա նախագծով «Լուսադարանը» վերջերս հրապարակել է «Լուսարվեստ» հայ լուսանկարչության գիտա-հետազոտական առցանց շտեմարանը, իսկ այժմ հրատարակությանն է պատրաստվում հայ լուսանկարչության և դիզայնի պատմության նվիրված առաջին մատենաշարը։