Արփի Ոսկանյան

Արփի Ոսկանյանը (ծն․1978, Ստեփանավան) բազմաժանր գրող է՝ պոետ և արձակագիր։ Սովորել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում (թատրոնի ռեժիսուրա) եւ  Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում (արվեստի պատմություն, տեսություն)։ Նա սկսել է գրել հինգ տարեկանից, առաջին անգամ տպագրվել է մամուլում 1990-ին։ 

2001թ. լույս տեսած «Ծիկ» գիրքը, որ արձակ բանաստեղծությունների ու փորձարարական գրությունների ժողովածու է, բարոյական և էսթետիկական նորմերը ժխտելու համարձակությամբ դարձավ երկարատև գրական բանավեճի առարկա։

2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո մերժել է գրական մամուլը որպես իրականությունից օտարված, հասարակական իղձերին և մարդկանց տառապանքին անհաղորդ մի տարածք՝ նախընտրելով տպագրվել ընդդիմադիր օրաթերթերում, ինչը մեծ ազդեցություն ունեցավ ոճի վրա։

2012 թվականին ամուսնու՝ արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ հիմնել է ԳՐՈՂՈՒՑԱՎ գրական կայքը ՝ խթանելու համար սոցիալական, քաղաքական, մշակութային իրողություններին անդրադարձող, դրանք քննող և ուսումնասիրող, «պատասխանատու» գրականությունը։ 

2016 թվականին լույս է տեսել պատմվածքների «Չի վաճառվում» ժողովածուն, որի մեջ ներկայացված է հեղինակի՝ փոքր արձակում անցած 20-ամյա ուղին, այդ տարներին գրված բոլոր այն պատմվածքները, որոնք արժանացել են սուր քննադատության կամ մրցանակների։

 

Մրցանակներ

2007- «Գրեթերթ» գրական թերթի ամենամյա մրցանակ «Լավագույն բանաստեղծական շարք» անվանակարգում

2012- «ՍՄԻԼ» հիմնադրամի «1988» պատմվածքների մրցույթում մրցանակ «Իմ անկախությունը» պատմվածքի համար:

2012- «Անտարես» հրատարակչության «Արձակ-2012» մրցույթում մրցանակ «Մարտի 2» պատմվածքի համար։

2013- «Անտարես» հրատարակչության «Արձակ-2012» մրցույթում մրցանակ «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար։

2014- «Հայկական ժամանակ» օրաթերթի սահմանած «Տիգրան Հայրապետյան մրցանակ» «Քաղաքական հանելուկներ» շարքի համար։

2016- «ՍՄԻԼ» հիմնադրամի «20 տարի անց» մրցույթում մրցանակ «Մարտի 2» պատմվածքի համար։

2017- Երեւանյան գրքի փառատոնի մրցանակը «Արձակ» անվանակարգում

2018- Երեւանյան գրքի փառատոնի մրցանակը «Արձակ» անվանաըարգում

2019- Երեւանյան գրքի փառատոնի մրցանակը «Պոեզիա» անվանակարգում

 

Գրքեր

1 Ծիկ,  Երևան, 2001, Զանգակ հրատարակչություն (արձակ բանաստեղծությունների և փորձարարական գրությունների ժողովածու)

2 Անտերուդուս, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2010 (բանաստեղծությունների ժողովածու)

3 Մարադոնան և Ռոնալդինյոն, Երևան, 2011, Անհատական հրատարակչություն (ֆուտբոլային հեքիաթ)

4 Չի վաճառվում, Երևան, 2016, Անտարես հրատարակչություն (պատմվածքների ժողովածու)

 

Երբ ինչ-որ բանի մասին ուզում են ասել, որ այն չի հաջողվել, ասում են՝ բանի նման չէ։ Ես սիրում եմ ստեղծել բաներ, որոնց մասին կարելի լինի ասել այդպես։