Միջազգային PEN-ի Գրողներ հանուն Խաղաղության կոմիտեի հայտարարությունը Արցախ/Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ

Գրողներ հանուն խաղաղության կոմիտեն հայտնում է իր մտահոգությունը Արցախի/Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող պատերազմի առնչությամբ։ Ռազմական գործողությունների ներկայիս շրջափուլը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի գրոհով։ Մի քանի սերունդների կյանքում ավերիչ բռնկումների տեղիք տված հակամարտությունը խոր արմատներ ունի, որոնք սկիզբ են առնում 1921-ին Ստալինի կայացրած որոշումներով, երբ նա միտումնավոր կերպով խճճեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էթնիկ քարտեզը։ 

Միջազգային հանրությունը՝ մասնավորապես ՄԱԿ-ը և Եվրոպայի Խորհուրդը, արդեն մի դար կոչ են անում վերջ տալ հարձակումներին ադրբեջանցիների և հայերի՝ անձանց, նրանց ունեցվածքի և մշակույթի նկատմամբ։ Լուծումը պետություններից մեկի հաղթանակը չէ, այլ խաղաղ բանակցային կարգավորումը, որ թույլ կտա այստեղ ապրող բոլոր մարդկանց անքեն գոյակցել։ 

Այս հեռանկարին չի նպաստում հարևան տերությունների՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության մրցակցությամբ պայմանավորված կողմնակալությունը, որ հարյուրամյակների պատմություն ունի։ Հատկապես մտահոգված ենք ներկայիս բռնության ծավալման համար ընտրված պահի և դրդապատճառների առումով, բռնություն, որով Թուրքիան կարծես թե իր սահմանների շուրջը և տարածաշրջանով մեկ ահագնացող ագրեսիան գիտակցաբար բորբոքում է Օսմանյան կայսրությանը հարիր ձեռագրով։ Նման հետադեմ հավակնությունները չեն ծառայում ոչ խաղաղության, ոչ էլ քաղաքակիրթ մարդկության կայացման գործին։  

Արտահայտման ազատությունը շրջակա երկրների մեծ մասում խստորեն սահմանափակված է՝ գրաքննությամբ, վախի մթնոլորտով և բռնությամբ։ Հայաստանում այս առումով բոլորովին վերջերս է իրավիճակը բարելավվել։ Խուսանավումները, կիսաճշմատությունը, ընտրողական պատմագրությունն ու քարոզչությունը արջի ծառայություն են մատուցում ժողովուրդներին։ Հրետակոծություններն ու նոր սերնդի հեռահար հռթիռների գործածումը բարբարոսություն են և ամբարտավան իշխողների խեղված ուղեղից դուրս  արդարացում չունեն: 

Գրողներ հանուն խաղաղության կոմիտեն կոչ է անում բոլոր կողմերին ջանքեր գործադրել հրադադարի կայացման համար, հարևան երկրներին՝ զերծ մնալ լարվածությունը սրող վիրավորանքներից, ապահովել ազատ և անաչառ լրատվություն, քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատման և վերականգման ուղղությամբ։ Կովկասի գրողներին կոչ ենք անում նաև միավորվել համերաշխության շուրջ, իրենց գրվածքներով ոգեկոչել միմյանց և օգնել իրենց համայնքների ցավն ամոքելուն։ 

Նոյեմբեր 2020

Բնագիրը Միջազգային PEN-ի կայքում

Լուսանկարը Արեգ Բալայանի (Ստեփանակերտ, բնակելի շենք, հոկտ․ 12, 2020)