ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ

PEN-ն աշխարհի առաջին հասարակական կազմակերպություններից է, ինչպես նաև Մարդու իրավունքների համար պայքարող միջազգային առաջին մարմիններից։ Մենք գրողների առաջին միջազգային միավորումն ենք և առաջին կառույցը, որ շեշտադրեց արտահայտման ազատության և գրականության անքակտելի կապը․ մի սկզբունք, որին առայսօր հավատարիմ ենք և որը տեղ է գտել մեր Հռչակագրում: Եթե մեկ բառով սահմանելու լինենք, կարելի է ասել, որ առաջամարտիկ ենք։  

Մեկ դար շարունակ մենք գործում ենք իբրև միջազգային կազմակերպություն՝ ներառելով բազմաթիվ մշակույթներ ու լեզուներ, իսկ ներկայումս միջազգային PEN-ի շուրջ 150 կենտրոնների մեծ մասը գտնվում է Եվրոպայի սահմաններից անդին։

Այսօր իբրև Միջազգային PEN աշխարհով մեկ հայտնի կազմակերպությունը հիմնադրվել է Լոնդոնում՝ 1921 թ-ին, P․E․N․ (Պ․Է․Ն․՝ Պոետներ, Էսսեիստներ, Նովելիստներ) պարզ հապավում-անվանմամբ։ Հաջորդող չորս տարիների ընթացքում արդեն իսկ 25  կենտրոն էր գործում Կենտրոնական Եվրոպայում, իսկ 1931-ի դրությամբ կենտրոններ էին բացվել Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Չինաստանում։ 

Մոտալուտ Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին կենտրոններ էին գործում տարբեր երկրներում՝ այդ թվում Արգենտինա, Ավստրալիա, Բոլիվիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Կոլումբիա, Եգիպտոս, Հնդկաստան, Իրաք, Ճապոնիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Պաղեստին, Ուրուգվայ, ԱՄՆ և այլն։ Սկանդինավյան բոլոր երկրները դիմել էին անդամակցության, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ։ 

Կազմավորվելով Առաջին աշխարհամարտից հետո, անցնելով Երկրորդի արհավիրքի, այնուհետև Սառը պատերազմի ու հաջորդող Խորհրդային Միության փլուզման տագնապների միջով՝ PEN-ը հասել է 21-րդ դար ոչ միայն որպես նախորդ դարի վայրիվերումների վկա, այլև ազդեցիկ գործոն, կառույց, որ աշխարհով մեկ հազարավոր գրողների, լրագրողների, ակտիվիստների իրավունքների պաշտպան է եղել։ Մենք միավորել ենք ամենաանվանի մտավորականների, անխոնջ ու նվիրյալ տասնյակ հազարավոր անդամների, որ պայքարել են ազատորեն գրելու, խոսելու, ընթերցելու և հրապարակվելու իրավունքն ընդմիշտ համամարդկային մշակույթի մաս դարձնելու համար։ 

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

PEN-ը (ՊԷՆ) վաղուց արդեն դուրս է եկել իր նախնական հապավում-անվամբ սահմանված շրջանակից և գրական ակումբի կարգավիճակից, այսօր մեզ անդամակցում են ոչ միայն գրողներ, այլև լրագրողներ, գրական թարգմանիչներ և այլ անձինք, որ հիմնական մասնագիտության կամ զբաղմունքի բերումով գործ ունեն գրի և գրավոր խոսքի կամ գրքի և գրականության հետ։ 2010-ին ընդհանուր վերաոճավորման (ռեբրենդինգ) շրջանակներում կազմակերպությունը վերանվանվեց Միջազգային PEN-ի (PEN International): Հայաստանյան ՊԷՆ-ը նույնպես, հեևելով միջազգային օրինակին, վերանվանվել է ՓԵՆ։ 

 

ՍԿԻԶԲԸ․ ՆՈՐԱՏԻՊ ԱԿՈՒՄԲ 

Բրիտանացի պոետ, դրամատուրգ և ակտիվիստ Քեթրին Էմի Դյուսոն-Սքոթը Առաջին աշխարհամարտից հետո ՊԷՆ ակումը հիմադրում էր իբրև գրողների մի հավաքատեղի, որտեղ նրանք ճաշի շուրջ կարող էին շփվել ու փոխանակվել մտքերով։ Նմանատիպ ակումբներ բացվեցին նաև այլ եվրոպական քաղաքներում, որ գրողները ճամփորդելիս գրչակից ընկերներին և համախոհներին հանդիպելու հաճելի վայր ունենան։

Դյուսոն-Սքոթի ճաշկերույթների մշտական հյուրերից էր նաև PEN-ի առաջին նախագահ Ջոն Գոլսուորսին, որ հավաքները միջազգային շարժման վերածելու միտք ուներ, իր ձևակերպմամբ՝ «Ազգերի Լիգա՝ գրի կանանց և տղամարդկանց համար»։

 

 

«ՄԻ՛ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ» ԿԱՐԳԱԽՈՍԸ

PEN-ի առաջին Կոնգրեսը տեղի ունեցավ 1923-ին, 11 կենտրոնի մասնակցությամբ։  20-ականներին PEN-ը անկախ մշակույթից, լեզվից ու քաղաքական հայացքներից գրողներին միավորող մի բացառիկ կառույց էր, հատկապես, եթե հաշվի առնենք ժամանակի խճճված քաղաքական իրավիճակը։ Փաստացի PEN-ն այդ տարիներին առաջնորդվում էր «Ոչ մի դեպքում ոչ մի քաղաքական խոսակցություն PEN ակումբներում» կարգախոսով՝ նպատակ ունենալով համախմբել մարդկանց արտահայտման ազատության, խաղաղության և ընկերության գաղափարների շուրջ և ոչ թե քաղաքական բանավեճի։ 

Բայց և այնպես, 1933-ին, Գերմանիայում ահագնացող նացիզմի ֆոնին, մոտեցումը փոխվեց։ Դուբրովնիկի Կոնգրեսի ընթացքում պատվիրակները սուր քաղաքական բանավեճի մեջ մտան, որից հետո PEN-ը այլևս դարձավ քաղաքական դիրքորոշում արտահայտող հարթակ։ 

 

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԸ

1926-ին Բեռլինում տեղի ունեցած Կոնգրեսին արդեն իսկ կրքերը բորբոքվել էին Գերմանիայի PEN-ի և մյուս ակումբների միջև։ Մի քանի երիտասարդ գերմանացի գրողներ, որոնց թվում էին նաև Բերտոլդ Բրեխտը, Ալֆրեդ Դյոբլինը և Ռոբերտ Մուզիլը, մտահոգություն արտահայտեցին, որ իրենց երկրի PEN-ը չի արտացոլում գերմանական գրականության իրական դեմքը։ Նրանք անգամ հատուկ հանդիպում ունեցան Գոլսուորսիի հետ իրենց դժգոհությունը հայտնելու համար, իսկ դրամատուրգ Էրնստ Թոլլերը պնդում էր, որ PEN-ը չի կարող շրջանցել քաղաքականությունը, որն ամենուրեք է և ազդում է ամեն ինչի վրա։ 

 

ԱՅՐՎՈՂ ԳՐՔԵՐ, ԱՅՐՈՂ ՀԱՐՑԵՐ

1932-ին, Բուդապեշտի Կոնգրեսը քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների վերաբերյալ ուղերձ հղեց բոլոր կառավարություններին։ Գոլսուորսին հանդես եկավ հինգ կետից բաղկացած դեկլարացիայով, որ ևս մեկ կարևոր քայլ էր մերօրյա PEN Հռչակագրի ձևակերպման ճանապարհին։ 

Հաջորդող տարիներին PEN-ում բորբոքված քաղաքական կրքերը հասան իրենց բարձրակետին։ Բրիտանացի արձակագիր Հերբերտ Ուելսը, որ 1933-ին Գոլսուորսիի մահից հետո ստանձնեց նախագահությունը, Գերմանիայում իրականացված աուտոդաֆեյի դեմ արշավ սկսեց։ Գերմանական PEN-ը ոչ միայն չմիացավ շարժմանը, այլ հակառակը՝ Դուբրովնիկի Կոնգրեսի ժամանակ փորձեց խոսքի իրավունքից զրկել ծագումով հրեա, դրամատուրգ Էրնստ Թոլլերին։ Այս ամենը հանգեցրեց Գերմանիայի PEN-ի անդամակցության դադարեցմանը։ «Եթե Գերմանիայի PEN-ը առաջնորդվում է նացիստական գաղափարներով, պետք է վտարվի մեր շարքերից»,- ասվում էր PEN-ի հայտարարությունում։

 

ԳՐՈՂՆԵՐԸ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ։ ԵՐԿՈՒ ՎԱՂ ՆԱԽԱԴԵՊ

Ուշ 30-ականներին PEN-ն արդեն ակտիվություն էր ցուցաբերում բռնաճնշումների ենթարկված գրողների պաշտպանության հարցերում։ Հունգարիայից Արթուր Քյոսթրելի պաշտպանության արշավը հաջողության հասավ․ նրան ֆաշիստական Իսպանիայում մահվան էին դատապարտել, բայց PEN-ի ջանքերի շնորհիվ ստիպված եղան ազատ արձակել։ 

Ցավալիորեն PEN-ը նույն արդյունքը չէր գրանցել Ֆեդերիկո Գարսիա Լորկայի դեպքում (նրան սպառնացող վտանգի մասին հեռագիրն ուշացումով է տեղ հասնում և կազմակերպությունը չի հասցնում պաշտպանության արշավ կազմակերպել)։ 1937-ի Փարիզի Կոնգրեսում կազմակերպությունը հանդես է գալիս Իսպանիայի ժողովրդին ուղղված ցավակցական ուղերձով և հարգանքի տուրք է մատուցում Լորկայի հիշատակին։ Նման ուշացած արձագանքը, այնուհանդերձ, դրական ազդեցություն ունեցավ Քյոսթլերի փրկության գործում։ 

 

ԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ PEN

Երկրորդ համաշխարհայինից հետո PEN-ը ժամանակի պարտադրանքով հեռացավ իր նախնական նպատակից՝ լինելու բոլոր գրողների համար (անկախ սեռից, մաշկի գույնից կամ հավատքից) ակումբ-հավաքատեղի։ 

Հրատապ հարցեր էին բացվել, օրինակ, ինչպես պաշտպանել նախկինում նացիստական Գերմանիայի հետ կապ ունեցած գրողներին, կամ թե ինչպես ապահովել, որ հետզհետե աճող PEN միջազգային համայնքը կարողանա պարբերաբար հավաքվել և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել։ Նաև վտարանդի գրողների մեծ հանրույթ էր ձևավորվել ինչպես Լոնդոնում, այնպես էլ Նյու Յորքում։ Այս հարցերին լուծում տալու համար էլ ստեղծվեց Գործադիր Կոմիտեն։ 

1949-ին, Ամերիկյան PEN-ի ընդունած բանաձևի սկզբունքներին հետևելով, PEN-ը դիմեց և ստացավ խորհրդատվական ձայնի իրավունք ՄԱԿ-ում՝ որպես «աշխարհի գրողների ներկայացուցիչ»։ 

1950-ականներին PEN անդամներն ակտիվորեն քննարկում էին իրենց կարծիքի արտահայտման համար հետապնդվող կամ բանտարկված գրողների պաշտպանության մարմին ստեղծելու հարցը, որի արդյունքում 1960 թ․ ապրիլին հիմնվեց Բանտարկված Գրողների Կոմիտեն։  Ի հեճուկս կամ գուցե ի պատասխան Սառը պատերազմով երկփեկղված աշխարհին, PEN-ի միջազգային ազդեցությունը գնալով ընդլայնվեց։

 

ՎՈԼԵ ՇՈՅԻՆԿԱՆ ԵՎ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ ԱՄՈՒՍՆՈՒ ՆԱՄԱԿԸ

1967-ին ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի նախագահությամբ PEN-ը դիմեց Նիգերիայի կառավարությանը՝ ի պաշտպանություն Վոլե Շոյինկայի, որի անունն այդ ժամանակ Նիգերիայի սահմաններից անդին հայտնի չէր։ Շոյինկային մահապաժի էր դատապարտել երկրի ղեկավար, ռազմական դիկտատոր, գեներալ Յակուբու Գովոն։ 

Մի գործարար Գովոյին է փոխանցում PEN-ի նամակը և հայտնում, որ նամակագիրը Մերիլին Մոնրոյի ամուսինն է (Միլլերն իսկապես Մոնրոյի հետ ամուսնացել էր եղել 1956-61 թվերին)։ Գովոն համոզվելով, որ իրեն խնդրանքով դիմում է Մոնրոյի ամուսինը, ազատ է արձակում բանտարկյալին, որ անմիջապես լքում է երկիրը, ապագայում դառնում աշխարհահռչակ պոետ և դրամատուրգ, 1986-ին արժանանում Գրականության Նոբելյան մրցանակի։ 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Արթուր Միլլերը նաև այցելել է ԽՍՀՄ հանդիպելու Սովետական Գրողների Միության հետ, որի նախագահությունը ցանկություն էր հայտնել միանալու PEN-ին, բայց Հռչակագիրը համարում էին հիմնական խոչընդոտ։ Բանակցությունների ընթացքում Միլլերը հստակ դիրքորոշում է հայտնում, որ Հռչակագիրը շրջանցման ենթակա չէ և ողջ աշխարհի PEN կենտրոններին միավորող հիմնարար փաստաթուղթն է։ Ամեն դեպքում, նրա շնորհիվ սկսված երկխոսությունը շարունակվում է և միայն Վերակառուցման շրջանում՝ 1988-ին Ռուսաստանում բացվում է տեղական առաջին PEN-ը։ ԽՍՀՄ փլուզումից հետո PEN կենտրոններ են բացվում գրեթե ողջ ետխորհրդային տարածքում, իսկ Հայաստանի կենտրոնը հիմնվում է 1991 թ․-ին՝ Գևորգ Էմինի կողմից։ 

 

ՌՈՒՇԴԻԻ ԳՈՐԾԸ

80-90-ականներին ի պաշտպանություն հետապնդվող և բանտարկված գրողների PEN-ի կատարած հետևողական աշխատանքի շնորհիվ թե՛ միջազգային կառույցների, թե՛ ազգային կառավարությունների և թե՛ ողջ աշխարհի գրողների միջավայրում կազմակերպության հեղինակությունն ու վարկանիշը աճում է։ 1989-ին Սալման Ռուշդիի անունը թնդում է ողջ աշխարհով, քանի որ նրա նկատմամբ Խոմեյնին մահվան դատապարտող ֆաթվա էր հայտարարել՝ «Սատանայական բանաստեղծություններ» վեպով իսլամն անարգելու համար, ուստի և նրա պաշտպանությամբ լրջորեն զբաղվում էր PEN-ը։ Ռուշդին արագորեն դառնում է գրողի նկատմամբ քաղաքական հետապնդման խորհրդանիշ, իսկ PEN-ը գործածում է իր բոլոր կապերը, խրախուսում հրատարակիչներին, որպեսզի գիրքը հնարավորինս շատ երկրներում և լեզուներով լույս տեսնի և, ի վերջո, ֆաթվան չեղյալ հայտարարվի։ Սալման Ռուշդին առայսօր միջազգային PEN-ի նվիրյալ անդամ է։ Նա եղել է նաև Ամերիկյան PEN-ի նախագահ։ 

 

ԿԵՆ ՍԱՐՈ-ՎԻՎԱ․ ԼՌԵՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ

1995-ին  PEN-ի ուշադրության կենտրոնում կրկին Նիգերիան էր․ վաղ 90-ականներից PEN-ը հետամուտ էր վիպասան, սցենարիստ և մարդու իրավունքների պաշտպան Կեն Սարո-Վիվայի գործի նկատմամբ, որ առաջին անգամ բանտարկվել էր 1992-ին, օգանի ժողովրդի շահերի պաշտպանության համար, որոնց ավանդական բնակավայրերն աղտոտվում էին նավթային թափոններով։ Թեև մի քանի ամսից նրան ազատ արձակեցին, բայց 1993-ի հունվարին կրկին ձերբակալեցին խաղաղ ցույցեր կազմակերպելու համար, որ դաժանաբար ճնշվել էին Նիգերիայի զինուժի կողմից։ 1994-ի մայիսին օգանի ժողովրդի չորս ցեղապետ սպանվեց զինված ակտիվիստների ձեռամբ։ Սարո-Վիվոն, որ ցեղապետերի հետ հանդիպմանը չէր մասնակցել, միևնույնն է ձերբակալվեց օգանցիների իրավունքների պաշտպանության տասնչորս առաջնորդների հետ մեկտեղ։  

Շինծու դատավարության արդյունքում, չնայած ողջ թափով ընթացող PEN-ի միջազգային արշավին, 1995-ի նոյեմբերի 10-ին Սարո-Վիվային մահապատժի ենթարկեցին։ Ողբերգական դեպքերին հաջորդեց միջազգային քննություն և 1996-ին «Ռոյալ Դաթչ Շել» անդրազգային կորպորացիան պատասխանատվության կանչվեց՝ այդ թվում Սարո-Վիվայի սպանության համար (2009-ին կորպորացիան համաձայնեց վճարել 15․5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում, թեև այդպես էլ չընդունեց իր մեղքը)։

 

ԵՐԿՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

2006-ի հոկտեմբերին ռուս հայտնի լրագրող և «Նովայա գազետա»-ի թղթակից Աննա Պոլիտկովսկայայի դին գտնվեց իր մոսկովյան բնակարանի մուտքի վերելակում (Չեչենական պատերազմի լուսաբանման համար նա բազմիցս մահվան սպառնալիքներ էր ստացել)։ PEN-ը Պոլիտկովսկայայի մարդասպաններին պատասխանատվության կանչելու գործում մեծ ներդրում է ունեցել։   

Երեք ամիս անց, 2007-ի հունվարին,  Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում։  Իր կենդանության օրոք Դինքը քաղաքական հետապնդումների էր ենթարկվել, նրան մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով (թուրքականության անարգում), որը ոչ այլ ինչ էր, քան Հայոց Ցեղասպանության նկատմամբ մերժողական քաղաքականությամբ պայմանավորված իշխանությունների վրիժառությունը։ Դինքի սպանությունից հետո PEN-ը եղել է նրա ընտանիքի կողքին, հետևողականորեն պահանջել արդար դատավարություն: 

 

100-ամյակ

2021-ին միջազգային PEN-ը նշում է իր հարյուրամյակը՝ միավորելով աշխարհի բոլոր ծայրերից գրի և գրականության, ազատ խոսքի և մտքի մարդկանց։ PEN-ը այսօր էլ հավատարիմ է մնում իր հիմնադիրներ Դյուսոն-Սքոթի և Գոլսուորսիի որդեգրած սկզբունքներին և գործում ի նպաստ արտահայտման ազատության, խաղաղության և ընկերության։ Նրանց չլռող ձայնը, ինչպես նաև մեկդարյա մեր պատմության ընթացքում մեզ միացած բոլոր գրողների ազդեցիկ խոսքն ու նրանց ձայներն են, որ մեզ առայսօր լսելի են դարձնում աշխարհի չորս ծայրերում։ Առանց նրանց միջազգային PEN-ը չէր կայանա իբրև զորավոր, կենսունակ և գործուն համաշխարհային շարժում, ինչպիսին է ներկայումս։