PEN-ի ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

PEN-ը հավաստում է՝

Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է մնա համընդհանուր արժեք ժողովուրդների համար՝ անկախ քաղաքական կամ միջազգային վայրիվերումներից: 

Ցանկացած պարագայում, և հատկապես պատերազմի ժամանակ, արվեստի գործերը, լինելով համամարդկային սեփականություն, պետք է զերծ պահվեն ազգային կամ քաղաքական կրքերից: 

PEN-ի անդամը պետք է գործի դնի իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ ժողովուրդների և ազգերի միջև փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի, ջանք չխնայի ատելության բոլոր դրսևորումների վերացման գործում, պայքարի հանուն՝ «մի աշխարհ, մի մարդկություն՝ խաղաղության և հավասարության պայմաններում» իդեալի։ 

PEN-ը սատար է կանգնում մտքի անարգել՝ ներազգային ու ազգամիջյան փոխանակման սկզբունքին, իսկ նրա յուրաքանչյուր անդամ պարտավոր է դիմադրել արտահայտման ազատության ճնշման ցանկացած դրսևորման՝ լինի դա իր երկրում, թե համայնքում, իսկ հնարավության դեպքում՝ ամբողջ աշխարհում: PEN-ը հանդես է գալիս հօգուտ ազատ մամուլի և ընդդեմ խաղաղ պայմաններում իրականացվող կամայական գրաքննության: Համարում է, որ կառավարությունների, պետական մարմինների և ինստիտուտների ազատ քննադատությունն օրվա հրամայականն է, որը բխում է աշխարհի առաջխաղացման անհրաժեշտությունից՝ դեպի առավել կազմակերպված տնտեսական և քաղաքական կարգի։ Հաշվի առնելով, որ ազատությունը ենթադրում է ինքնակամ սահմանափակումներ, իր յուրաքանչյուր անդամ պարտավորվում է դիմադրել ազատ մամուլի արատավոր դրսևորումներին, ինչպիսիք են՝ քաղաքական և անձնական նկատառումներով արված ստահոդ հրապարակումները,  միտումնավոր կեղծիքները, փաստերի խեղաթյուրումը։

 

Հռչակագրի նախապատմությունը

Թեև 1921 թ. հիմնադրումից ի վեր կազմակերպության սկզբունքները հստակ նախանշված էին, այնուամենայնիվ, ինչպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, PEN-ի Հռչակագիրն էլ ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան իրողությունից և ընդունվել է 1948թ. Կոպենհագենի Կոնգրեսի ընթացքում:   

Գոլսուորսիի ոգեշնչումը

PEN-ի առաջին նախագահը` բրիտանացի գրող և թատերագիր Ջոն Գոլսուորսին, հեղինակել է Հռչակագրի առաջին երեք կետերն այն բանից հետո, երբ 1926թ. Բեռլինի համաժողովում վեճ ծագեց հավաքված գրողներին միջև՝ կառույցի քաղաքական կամ ոչ քաղաքական բնույթի շուրջ: Վերադառնալով Լոնդոն Գոլսուորսին սկսեց աշխատել «Ծառայել` որպես PEN-ի գործունեության փորձաքար» պաշտոնական հայտարարության տեքստի վրա: 1927թ. Գոլսուորսիի բանաձևն անխոչընդոտ ընդունվեց Բրյուսելի Կոնգրեսի ընթացքում, և նրա հեղինակած կետերն առայսօր ներառված են Հռչակագրում:  

Պատերազմի սկիզբը

PEN-ը լուրջ փորձությունների միջով է անցել Գերմանիայում նացիզմի վերելքի տարիներին` մասնավորապես 1933թ. Դուբրովնիկի Կոնգրեսում: Նախորդող ամիսներին Գերմանիայով մեկ նացիստական կուսակցությունը այրել էր հազարավոր գրքեր` դրանք համարելով «պիղծ»` անհամապատասխան կամ հակասող իրենց գաղափարախոսությանը: Դուբրովնիկի Կոնգրեսի պատվիրակների ժողովը` PEN-ի նախագահ Հերբերտ Ուելսի ղեկավարությամբ, ի պատասխան աուտոդաֆեի, վերահաստատեց Գոլսուորսիի բանաձևը: Հաջորդ օրը գերմանական պատվիրակությունը փորձեց կանխել ծագումով հրեա, գերմանացի դրամատուրգ Էռնստ Թոլլերի ելույթը: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը մերժեց գերմանական կողմի դիրքորոշումը, ինչի արյունքում գերմանական պատվիրակությունը լքեց Կոնգրեսը և դադարացրեց PEN-ի անդամակցությունը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Պատերազմից հետո 1946 թ-ին Սթոքհոլմում գումարված առաջին Կոնգրեսի ընթացքում ամերիկյան PEN-ը, բրիտանական PEN-ի օժանդակությամբ, ներկայացրեց երկու բանաձև: Առաջինը հորդորում էր PEN-ի անդամներին աջակցել ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը, իսկ մյուսը վերաբերում էր գրաքննությանը: Բանաձևում տեղ գտած ձևակերպումների և նպատակների շուրջ բանավեճերը շարունակվեցին մինչև 1947թ.-ի Ցյուրիխի Կոնգրեսը, որտեղ էլ պատվիրակները վերջապես համաձայնության եկան: Բանաձևը դարձավ Հռչակագրի չորրորդ հոդվածի անկյունաքարը: 

1948-ից մինչև մեր օրեր  

1948թ.-ի Կոնգրեսի պատվիրակների ժողովը վերջապես հաստատեց PEN-ի ամբողջական Հռչակագիրը: 2017թ.-ին Լվովի Կոնգրեսում 3-րդ հոդվածը լրամշակվեց: Նախկին սահմանափակումները, որոնք վերաբերում էին «ատելության դրսևորումների» թվարկմանը (ռասսայական, դասակարգային և ազգային` բոլորն էլ 1920-ականների համար առանցքային կարևորության դրսևորումներ), փոխարինվեց «ատելություն բոլոր դրսևորումներ»-ով: Ավելացավ նաև «հավասարություն» բառը:

Հռչակագրի սկզբունքները շարունակում են ուղղորդել և համախմբել աշխարհում գործող PEN-ի շուրջ 150 կենտրոններին: