Մենք չգիտենք այլազգիների հետ ոնց հարաբերվել

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Իրանի օրինակը միշտ ինձ համար եղել է ու կմնա որպես ցայտուն օրինակ։ Հետհեղափոխական շրջանում սկսված 8 տարվա հոգեմաշ ու ավերիչ պատերազմից հետո, ամենածանր պատժամիջոցների ու ամենածանր ներքին քաղաքական ու տնտեսական կոլապսներով ու սահմանային լարումներով հանդերձ, Իրանը բարիդրացիական ու դիվանագիտական կապերը պահում է ոչ միայն հարևանների, այլ իր ոխերիմ թշնամի ԱՄՆ-ի հետ։ 

Մենք չգիտենք այլազգիների հետ ոնց հարաբերվել (նույնը կարող է հարևան երկրում է, չգիտեմ), մենք դա չենք սովորել, մեր մեջ միշտ թշնամին է առաջին պլանում։ Հատկապես մուսուլմանական երկրների ազգերի հետ շփվել չգիտենք։ Իհարկե դա Հայաստանի մոնոէթնիկությունից ու միատարրությունից է։ Պետք է սովորել, ու այստեղ պետությունը  լուրջ ու ծանր գործ ունի անելու։

Մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը հասարակական կազմակերպությունների, ժողովրդական դիվանագիտության մակարդակով եղել են հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք գործիչների միջեւ փոխայցեր, ճանաչողական հանդիպումներ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ,  այդ ամենը չհանգեցրեց այլատյացության մերժմանը:

Այս հարցին պատասխանելով, կփորձեմ պատասխանել երեք նախագահների ժամանակահատվածի մասին հարցին նույնպես։ 

Համակարգի կամ մեխանիզմի բացակայության ժամանակ, յուրաքանչյուր անհատն է դառնում համակարգ, փորձարարական դիվանագետ, կամ փորձում է ստեղծել մեխանիզմ իր շուրջը բարելավելու համար։ Բնական է՝ դա չի կարող ունենալ մեծ ազդեցություն մեծ մասշտաբների վրա։  

Ըստ իս մենք տանուլ ենք տվել դիվանագիտական դաշտում։ Երբ կընդունենք, որ դիվանագիտորեն մենք թույլ ենք, ու 2021 թվականի դրությամբ ԱԳ նախարար չունենալը պատկերներից մեկն է, գուցե սայլը տեղից շարժվի։ Ղեկավարներից մեկն ասում է՝ հրաժարվեցի՝ քաղաքացիական չսկսի, մյուսը՝ ձգում է, հաջորդը՝ ինչ ստանալու հարց է դնում, վերջինը՝ նախկիններն են մեղավոր, ու էսպես կարող է երկար ճանապարհ գնանք դեպի վար։

Դիվանագիտության համար տնտեսություն է պետք, արդյունաբերություն` մեծ, ուժեղ։ Մենք ունենք միայն սպասարկման ոլորտի տնտեսություն։ Ոմանք կասեն՝ ի՞նչ կապ ունի։ Դիվանագիտությունը միշտ պարտված է, եթե դու տալու բան չունես հողից բացի, ու երկխոսությունը դառնում է երկու մոնոլոգ երբ չկա ընդհանուր շահ։

Իսկ  ինչպե՞ս է  հնարավոր  մեր գերիներին չվերադարձնող Ադրբեջանի հետ  բարիդրացիություն  հաստատել:

Մեր գերիների չվերադարձը մեր մեղքով է` վերը նշվածի պատճառով։

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ հանդես գալ ու հաջողել:  Նրա խոսքը կարո՞ղէ ընկալելի լինել:

Արդի աշխարհում մտածել, թե քո ստեղծագործությամբ կարող ես ինչ-որ բան փոխել, թեթևակի ժպիտ է առաջացնում, բայց միշտ պետք է խնդիրներին անդրադառնալ, միշտ զգոնությունը բզել, որ վտանգավոր թմբիրի մեջ չընկնենք։