Արցախյան երկրորդ պատերազմին հետևեց ոչ թե խաղաղություն, այլ խաղերազմ

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրողի:

90-ականների կեսերին Հայաստանում դժվար էր դիմանալ ազգային գերակայության կամ գերբնական ունակությունների մասին միֆերի գրավչությանը, հատկապես երբ 13-ամյա դեռահաս ես, և փոքրաթիվ, թերզինված ու թերսնված բանակդ անհավանական հաղթանակներ է տանում: Բայց չէին հասցրել այդ միֆերը վտանագավոր արմատներ խրել դեռատի գիտակցությանս մեջ, երբ դրանք մեկ նախադասությամբ ճաքեցրեց ոչ այլ ոք, քան նույն այդ առասպելական հաղթանակները կռողներից մեկը` Մոնթե Մելքոնյանը: Երբ մի օր 1993 թ. ՀՀ ՊՆ Վազգեն Մանուկյանը հեռուստատեսությամբ հեռարձակվող հարցազրույցի ժամանակ խնդրեց նրան նշել մեր ռազմական հաջողությունների գրավականը, Մոնթեն ասաց` մենք էշ ենք, բայց նրանք մեզնից ավելի էշ են:

Ճիշտ, թե ուռճացված, տեղին, թե անպատշաճ, դա սթափեցնող խոսք էր: Ու թեև իրերի դասավորությունը զուտ տվյալ ժամանակահատվածում նկարագրող մի փոխաբերություն էր Մոնթեի ասածը, սակայն հասարակության շրջանում այն կարծում եմ ժամանակի հետ կարծրացավ` վերածվելով պակաս պոռոտ, բայցևայնպես անփոփոխ միֆի: Եթե ոչ հայոց գերակայության, ապա գոնե հակառակորդի մշտական անլիարժեքության, նսեմության միֆ էր դա: Երկրորդ արցախյան պատերազմի առաջացրած ավերածությունների թվում է նաև այդ միֆը:

Այս վերջին պատերազմից հետո մտածեցի` կա՞ մի ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական, որ արցախյան երկրորդ պատերազմում տարած իրենց հաղթանակն այս ոգով նկարագրելու քաջություն կամ հնարավորություն ունենա: Իսկ երբ այս տեսակ ինքնահեգնական միտքը հնարավոր լինի նաև ադրբեջանական հեռուստատեսությամբ անխոչընդոտ հեռարձակել, մեր ժողովուրդները շատ ավելի մոտ կլինեն խաղաղության: 

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Երևի թե չկա խաղաղություն, որին չի նախորդել պատերազմ: Այնպես որ խաղաղությունը ոչ միայն իրատեսական է, այլ իր էությամբ հետպատերազմական: Այլ բան է, որ մեր պատերազմը վերջնականապես չի ավարտվել. վկա են բազմաթիվ հայ ռազմագերիները, որոնց Ալիևյան ռազմատենչ ռեժիմը անմարդկային պայմաններում շարունակում է պահել Բաքվում: Արցախյան երկրորդ պատերազմին հետևեց ոչ թե խաղաղություն, այլ խաղերազմ: Եվ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի վերջին 30 տարիների պատմությունն է խաղերազմ և պատաղություն: Տրավմաները, վերքերը առանց այդ էլ շատ էին մինչև երկրորդ պատերազմը, ու վերջինս այդ ամենը բազմապատկեց: Հեշտ լուծում չկա: Բայց եթե ոչինչ չարվի իշխանական ռազմատենչ քարոզի մենախոսությունը ժողովուրդների երկխոսությամբ փոխարինելու կամ գոնե դրան զուգակցելու ուղղությամբ` երկուստեք արժանապատիվ հաշտության ելքեր փնտրելու նպատակով, այս տրավմաները միայն բազմապատկվելու են: Սրան որպես հակափաաստարկ կարելի է բերել խորհրդային շրջանում մեր ժողովուրդների միջև տեղի ունեցած լիուլի երկխոսությունների օրինակը, որն ի վերջո ավարտվեց արյունալի պատերազմների շարքով: Արդյո՞ք սա կարող է պատճառ լինել երկխոսությունների պատուհանը փակելու համար:

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ հանդես գալ ու հաջողել:  Նրա խոսքը կարո՞ղ է ընկալելի լինել:

Տասնամյակներ շարունակ ամեն ինչ արվել է հատկապես ալիևյան ավտորիտար ռեժիմի կողմից մեր ժողովուրդների շփումն ու փոխադարձ ճանաչողությունը սահմանափակելու և ատելություն սերմանելու համար: Իսկ ալիևյան հայատյացությանը ժամանակին Քոչարյանը հակադրել էր հայերի ու ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության` գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթ թեզը: Իսկ տգիտությունը հրեշներ է ծնում: Այսօր մեր ժողովուրդները մինչև ատամները զինված են միմյանց մասին տգիտությամբ, որով ատելություն են կրակում միմյանց վրա: Գրականությունն ի զորու է ձեռնոց նետել ինչին ուզես, և այդ հրեշը բացառություն չէ: Իսկ կհաջողի կամ ընկալելի կլինի, թե ոչ, դա արդեն երկրորդական հարց է, նաև անկանխատեսելի: Այս առումով տիպական օրինակ բերեմ իմ փորձառությունից:

2016 թ. ապրիլյան բախումներից հետո համագործակցության ձեռք մեկնեցի ադրբեջանցի տարագիր գրող Ալեկպեր Ալիևին, որպեսզի ադրբեջաներեն թարգմանի մի քանի հատված «Ատերազմա» փորձարարական վեպից, որտեղ փորձ է արվում ազգային պատկանելության թաքստոցում գտնել մարդուն, մերկացնել ազգամիջյան ատելությունը, ու երևակայվում է տապալման դատապարտված երկխոսության հնարավորություն: Գիրքը նախ տարակուսանք առաջացրեց Հայաստանում ընթերցողների շրջանում (հատկապես դժվարըմբռնելի փորձարարականության պատճառով), և բարձր գնահատվեց շատ քչերի կողմից: Թեև անթարգմանելի հայերեն էր գրված գիրքը, այն նախատեսված էր նաև ադրբեջանցիների ընթերցանության համար, սակայն որևէ հնարավորություն չստեղծվեց նրանց հետ երկխոսելու: Իսկ երբ երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում աչքովս ընկան նույն այդ Ալեկպեր Ալիևի հայատյաց հրապարակումներն ու հետպատերազմյան հիացմունքը Բաքվում բացված ռազմական ավարի ֆաշիստական այգիով, որտեղ մահացող կամ վախեցած հայ զինվորների մոմե քանդակներ են ի ցույց դրված, նողկացի մեր գրական համագործակցությունը հիշելով:

Սակայն մեծ էր զարմանքս ու գոհունակությունս, երբ պատերազմից ամիսներ անց տեղեկացա, որ «Ատերազմա»-ն վերջապես թղթե կամուրջ է հանդիսացել հայի ու ադրբեջանցու երկխոսության համար: Եվ հենց Սամիրա Ալակբարլիի և Առաքել Մինասեանի այս զրույցի  շնորհիվ բացահայտեցի Caucasus Talks կազմակերպությունը, որը խոստումնալից նորաստեղծ հարթակ է կնճռոտ հարցերի շուրջ անդրկովկասյան երեք երկրների ներկայացուցիչների քննարկումների համար: