Տեղի ունեցած պատերազմով իսպառ բացառվեցին ընկալման այլընտրանքները

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես մտավորականի:

Հարաբերական խաղաղության տարիները, ցավոք, գոյաբանական զգոնության համար որոշակիորեն դեգրադացնող նշանակություն ունեցան: Մենք հավատացինք, թե վերջ, ամենայն պատերազմները մնացել են հետևում և պատին դեմ տրված զենքին իբրև այլընտրանք տեսանք ով ինչ կարող էր. մեկս՝ գրիչը, երկրորդը՝ վրձինը, երրորդը՝ հոբոյը: Չնայած պարբերաբար ի հայտ եկող ազդակներին, հարաբերական անդորրը ծնեց այն միֆը, թե ադրբեջանցիները միգուցե պատմական իրողություններն ընդունելու ճանապարհին են, որ մի օր վերջապես գալու է ժամանակը, երբ չեն լինելու պատերազմներ ու միևնույն ժամանակ ստեղծվելու է տարատեսակ կամուրջներ գցելու պատմական առիթը, բայց, ցավոք, պարզվեց խաղաղության հոմանիշը պատերազմն է, գոյակցության հոմանիշը՝ ոչնչացումը, սիրո հոմանիշը՝ ատելությունը: Ամենակարևորը՝ զենքի այլընտրանքը՝ զենքը:

Տեղի ունեցած պատերազմով իսպառ բացառվեցին ընկալման այլընտրանքները:

Տարիներ առաջ, 2002թ., երբ Հրանտ Մաթեւոսյանին հարցրել էին, որ եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղի, նա ասել էր. «Միայն հաղթանակ ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ...»: Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը: Ինչպե՞ս եք պատրաստվում այն արտացոլել գրականության մեջ:

Դարեր ի վեր, պատմական իրողություններով պայմանավորված, հայ մարդը զբաղված է եղել գոյապահպանության խնդիր լուծելով, որի հայեցակարգային հիմնադրույթն է եղել եղածի սահմաններում ունեցածի պաշտպանությունը: Ինսունչորս թվականից հետո գենետիկ կոդում գեներացված այդ հայեցակարգը հաղթահարվեց: Տիգրան Մեծի ժամանակներից սկսյալ հայ մարդը հազվագյուտ անգամ արեց ավելին, քան պաշտպանությունն ու թվաց երկրորդ պատերազմը գալիս է հաստատելու ժառանգականության թեզը: Ասում եմ առանց մեղավորներ նշանակելու՝ մտայնություն էր: Մենք վերադարձանք ի շրջանս յուր: Աստված մի արասցե լա՜վ, վա՜տ, բայց հանկարծ չունենանք սահմաններ, որտեղ չկարողանանք պաշտպանել մեր ունեցածը: Եվ այս տեսանկյունից իմ գրականության մեջ լինելու է և արդեն՝ է հայ մարդը, որ իր տեղը չի գտնում այս հարցի պատասխանի բացասական ելքի հնարավորությունից: Մարդն է, ով կսկծում է  սեփական արյունատար անոթներից արձակված իր եղբոր ամեն կաթիլ արյան կորստից ու փորձում է գտնել ճանապարհները, երբ զենքի այլընտրանքն, այնուամենայնիվ,  գրիչն է, վրձինը, հոբոյը:

Գրողի խոսքը, գիրն այսօր ի՞նչ դեր կարող են խաղալ ժողովուրդների հաշտցեման մեջ, խաղաղարար նախաձեռնություններում: 

Ցավով պետք է արձանագրեմ, որ աշխարհը կառավարում են ո՛չ գրողները, ո՛չ էլ մտավորականների համար ընդհանուր դարբնոցի մյուս կոլեգաները: Մոլեռանդ հայատյացության օրինակները ցույց են տալիս, որ հասարակությունները հեշտորեն տրվում են մանիպուլացման, որտեղ ընդհանուր ժխորի մեջ գրողի ձայնը կարող է և որպես կանոն հենց մնում է չլսված: Ի պատասխան ազերի գրող Աքրամ Այլիսլիի դիրքորոշման, թե «Քարե երազները» նա գրել է ցույց տալու համար, որ հայերն ու ազերիները դարեր շարունակ ապրել են միմյանց հարևանությամբ, նրա ընդդիմախոսները, ի դեպ, նրանց մեջ նաև մեկ գրող, հակադարձել են, թե նկարագրելով հայերի ջարդերը, Այլիսլին ջուր է լցնում թշնամու ջրաղացին և որ իրենք պետք է բոլոր հայերի մասին միշտ վատը խոսեն: Մինչդեռ այդ հայերի մեջ է Լևոն Ջավախյանը  իր հրաշալի «Քիրվա» պատմվածքով, որ հանդուրժողականություն և խաղաղություն է քարոզում ու մինչև իսկ մրցանակ է ստացել այդ քարոզի համար:

Ինչպես տեսնում ենք ո՛չ Այլիսլիին, ո՛չ Ջավախյանին չի հաջողվել ընդհանուր ժխորի մեջ լսելի դարձնել իրենց ձայնը, որը տարփողում է նույն բանը բարիկադի տարբեր կողմերից: Ցավով եմ արձանագրում՝ չեմ հավատում, որ գրողի խոսքը, գրողի գիրը կարող է հաշտեցման նախաձեռնություններում որևէ նշանակալի դեր խաղալ: Եթե որևէ մեկը ինձ ցույց կտա մի օրինակ, երբ գրողի գիրը կանգնեցրել է մի որևէ վերահաս պատերազմ կամ այդ պատերազմում փրկել գեթ մի մարդու կյանք, ապա խոստանում եմ քննարկել դիրքորոշումս փոխելու հարցը: