Հին միֆերին մշտապես փոխարինելու են գալիս նոր միֆերը

Արցախյան առաջին պատերազմը, ըստ Ձեզ, որքանո՞վ իր բազմակողմանի արտացոլումը գտավ հայգրականության մեջ:

Կարծում եմ՝ Արցախյան պատերազմը բազմակողմանի արտացոլված չէ հայ գրականության մեջ ու նաև հենց այդ պատճառով երիտասարդ սերունդը տեղեկացված չէ այդ պատերազմի մասին: Մեղքի իր բաժինն ունի, իհարկե, կրթական համակարգը, պաշտոնական պատմագրությունը, պետական կամ պետության կողմից խրախուսվող միակողմանի պաթետիկ պրոպագանդան, որը հերոսական պահերի վրա միայն կենտրոնանալով ու հակառակորդին թերագնահատելով ու ծաղրելով հասավ նրան, որ համատարած իրականությունից կտրված հանրություն ունեցանք, միանգամայն անպատրաստ, անհիմն մեծամիտ ու մաքսիմալիստ:

Ձեր սերունդը տեսավ պատերազմ, հաղթանակ, կրկին պատերազմ, պարտություն: Այդ ամենն, ըստ Ձեզ, ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ, որպեսզի մեր ապրած ժամանակների ամբողջական պատկերը ներկայացնի:

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրողի:

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

Պատերազմն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ:

Վերևում նշված չորս հարցերն իրար սերտորեն փոխկապակցված են և որպես գրող այդ հարցերին կարելի է պատասխանել միայն գրականությամբ: Հնարավոր չէ դրանց մասին կարճ ու հստակ խոսել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեռ շատ բան վերաիմաստավորված չէ և շոկը դեռ անցած չէ: Անձամբ ինձ համար միֆեր չջարդվեցին, որպես այդպիսիք, սակայն ջարդվեցի ես: Հարցը միֆերը չեն, քանզի նույնքան միֆ է առանց միֆեր ապրելը հավանական համարելը: Հին միֆերին մշտապես փոխարինելու են գալիս նոր միֆերը, սովորաբար ավելի տափակ, ցինիկ ու կարճատև: Արդյո՞ք միֆ է, որ մարդն ի սկզբանե լավն է, չնայած մենք գիտենք, որ մարդը ոչ լավն է, ոչ վատն է, որ մարդը մի փոքր ավելին է, քան զուտ ֆիզիոլոգիան,  արդյո՞ք միֆին հավատալ է, երբ ուզում էինք հավատալ, որ մարդն այնուամենայնիվ ավելի շուտ լավն է, ու մի փոքր ավելին է, որպեսզի առողջ ձգտում ու դրականի չնչին հույս ունենանք: Կարծում եմ սա միֆերին հավատալ չէ, սա մարդուն հավատալու փորձ էր, որ ձախողվեց: Բայց այս ձախողումը սովորական ձախողում չէ, որի միակ պատասխանատուն ու մեղավորը ես ու իմ նման առանձին հավատացողներն են: Այս թվացյալ անհատական ձախողումը մեծ հետևանքներ է ունենալու հանրային մակարդակում, որովհետև հանրային ինքնախաբեությունից արթնանալուց հետո, սեփական մեղքի գիտակցումից հետո սովորաբար մեծ փոփոխություններ են լինում, բայց ոչ անպայմանորեն դրական: Վերջերս կարդացի, որ Թուրքիայում մի երիտասարդ, որ ամբողջ կյանքում հպարտ էր եղել, որ թուրք է, անսպասելի իմանալով, որ իրականում հայ է, ինքնասպան էր եղել: Ամեն ինչ շատ ավելի բարդ է ու ես չեմ կիսում ոմանց միանշանակ ոգևորությունը, թե իբր էս ձևով արթնացումը ամեն դեպքում դրական հեռանկար է ապահովում: Բազմաթիվ տարբերակներ կարող են լինել, պայմանավորված բազմաթիվ գործոններով: Ի դեպ դրական ու բացասականն էլ մի հարց է. ում համար ոնց: Ի՞նչն է դրականը և ի՞նչն է բացասականը մեր հանրության հեռանկարի առումով, շատ մեծ հարց է:

Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք մտավորականները, հասարակական գործիչները հանդիպել են, մասնակցել տարբեր սեմինարների թե՛ Երեւանում ու Բաքվում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում, դրանց համար ծախսվել են պատկառելի դրամաշնորհներ: Ինչո՞ւ այդ ամենը չկարողացավ գլոբալ իմաստով ծառայել իր նպատակին՝խաղաղության եւ հաշտության հասնելուն, եւ տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմը:

Որովհետև ծայրահեղ մնակերեսային միֆ է, թե վերևում նշված ձևերով հնարավոր էր խաղաղության հասնել:

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Որովհետև Թուրքիան երբեք չեզոք չի եղել, ու բոլոր էն դեպքերում, երբ Թուրքիան թվացյալ չեզոքություն է պահպանել (օրինակ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ), դա պայմանավորված է եղել աշխարհաքաղաքականությամբ, Թուրքիայի սեփական դերի այդ պահին ընկալման առանձնահատկություններով, անպատրաստվածությամբ, որոշ հիմնականում ինտելեկտուալ, բայց խիստ փոքրաթիվ շրջանակների եվրոպական ձգտումներով, որը թուրքական հանրության խորքային ձգտումները չեն: 

Իսկ ինչպե՞ս է հնարավոր մեր գերիներին չվերադարձնող Ադրբեջանի հետ բարիդրացիություն հաստատել:

Հնարավոր չէ:

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ հանդես գալ ու հաջողել: Նրա խոսքը կարո՞ղէ ընկալելի լինել:

Չի կարող, անհույս գործ է:

Որպե՞ս գրող, մտավորականՙ այսուհետ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առաքելությունը ժողովուրդների միջեւ հաշտության եւ բարի դրացիության հասնելու հարցում:

Չգիտեմ, չեմ պատկերացնում: