Մարդկանց միջև հաշտություն պիտի լինի

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա մեր դեպքում իրատեսական:

Ես կխնդրականացնեի ամեն ինչ. անկախությունը, կոնֆլիկտը և բարի դրացիական հարաբերությունների կարիքը: Ամենն այնքան սխալ է գնացել, որ առանց անկեղծ, խորքային, ազատ, անվախ ու շատ երկար քննարկման անհնար է որևէ իմաստավոր բան ասել:

Ըստ ձեզ Արցախյան առաջին պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, իր բավարար արտացոլումը գտել է՞ մեր գրականության մեջ: Երիտասարդ սերունդը որքանո՞վ է տեղեկացված այդ պատերազմի մասին:

Պատերազմն արտացոլվել է գրականության մեջ, բավարար թե ոչ՝ ո՞վ կարող է դատել: Պատերազմը մեր լավ գրականության մեջ արտացոլվել է որպես արհավիրք: Եվ ահա եղավ երկրորդ արհավիրքը: Երիտասարդությունը տեղեկացավ դրան իր մսով: Ես չեմ սիրում «հաղթանակ» և «պարտություն» բառերը: Նույնիսկ «մրցույթ» բառը: Դրանք ելնում են նրանից, որ մեկը մյուսից լավն է, կամ որ կա ռեսուրսի պակաս, և մեկը պիտի ստանա, մյուսը՝ կորցնի: Դա, ինձ թվում է, հսկայական սխալ է, արխայիկ, քարանձավային պատկերացում:

Մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը հասարակական կազմակերպությունների, ժողովրդական դիվանագիտության մակարդակով եղել են հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք գործիչների միջեւ փոխայցեր, ճանաչողական հանդիպումներ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ,  այդ ամենը չկարողացավ թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդների մեջ մեր նկատմամբ հանդուրժողականություն սերմանել, մերժել այլատյացությունը:

Դրանք շատ քիչ են եղել, և երբ պետությունների ղեկավարները, որոշում ընդունողները չեն աջակցում, չեն ցանկանում, որ լինի խաղաղություն՝ այն չի լինում: Որոշում ընդունողներն արել են այնպես, որ դպրոցը, պատմության դասագրքերն ու գաղափարախոսությունը, քարտեզները, մեդիան, ամենն այլատյացություն քարոզեն տասնյակ տարիներ: Մի քանի հանդիպումը դա չէր կարող փոխել: Բայց, իհարկե, տարբերություն կա Թուրքիայի և Ադրբեջանի գործիչների մոտեցումներում: Թուրքիայում ավելի շատ կան մարդիկ, որոնք չեն ատում հայերին և հասկանում են, ինչ կատարվեց, թեկուզև որպես մասնավոր անձ հայտնում իրենց անհամաձայնությունն իրենց ղեկավարի քաղաքականությանն այս պատերազմում:

Որպե՞ս գրող, մտավորականՙ այսուհետ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առաքելությունը ժողովուրդների միջեւ հաշտության եւ բարի դրացիության հասնելու հարցում:

Ես պիտի իմ գիրը գրեմ, ով ուզի, կարողանա՝ կարդա: Դա է իմ առաքելությունը: Իմ գրի մեջ ես գրում եմ ողջ մարդկության անունից և դիմում եմ ողջ մարդկությանը: Մարդկանց միջև հաշտություն պիտի լինի, ազգերի միջև անհաշտությունն արհեստական և միտումնավոր քաղաքականություն է: Ես խորապես քննադատում եմ իմ շրջապատի արածն ու արվողը և սպասում եմ, որ մեր աչքի գերանները մենք տեսնենք, ուրիշներն էլ թող իրենց աչքերի գերանները տեսնեն: Եթե չտեսնեն՝ ոչինչ չի փոխվի: