Lավագույն գրողները միշտ առաջ ընկած են լինում իրենց ժամանակից

Ըստ ձեզ Արցախյան առաջին պատերազմը, իր բավարար արտացոլումը գտե՞լ է մեր գրականության մեջ:

Երիտասարդ սերունդը որքանո՞վ է տեղեկացված այդ պատերազմի և հաղթանակի մասին:

Իսկ ի՞նչ չափով է գրականության մեջ արտացոլվել Անկախության նվաճումը։ Իսկ ժողովրդավարությունը շուրջ 20 տարի քրեապետության վերածելու ընթա՞ցքը։ Ինչո՞ւ ոչ ոք մեզնից չի «պահանջում» դրսևորել քաղաքացիական դիրքորոշում այդ հարցերում։ Պատերազմի եւ հաղթանակի մասին հարցադրումն ինքնին կարծես ակնկալում է, ինչպես անցած երկու տասնամյակում, փառաբանել, չափազանցնել հաղթանակը, որի ծանր «առօրյան» ինքս տեսել եմ՝ մի կամավորական ջոկատի կազմում 1992-ին ռազմաճակատ գնալով։ Երբ պարտություններ էինք կրում, ծանր կորուստներ, և ոչ ոք չէր կարող կանխատեսել, երազել 1994-ի արդյունքները։ 

Գոյություն ունեն  կարծրատիպեր, համաձայն որոնց՝ գրողները, մշակույթի գործիչները պետք է ամեն ինչ արտացոլեն,  հասանելի դարձնեն ժողովրդին: Ես կարծում եմ, որ մշակույթը, գրականությունը գործում են իրենց ներքին ռիթմով, օրակարգով: Պատերազմին «սպասարկելու» պահանջը ստալինյան իշխանությունը առաջադրել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, երբ թշնամու դեմ անհրաժեշտ ատելություն հարուցելու համար ինտերնացիոնալիզմի գաղափարը ժամանակավորապես փոխարինվեց ազգային զգացմունքների հրահրմամբ, այդ թվում պատմական թեմաների  միջոցով: Ճիշտ է, մենք դրա շնորհիվ ունեցանք  «Վարդանանք» պատմավեպը, բայց բռնապետական քաղաքականության արդյունք էր:  Ինչ վերաբերում է Արցախյան առաջին պատերազմին, ես 2005-ին նախաձեռնել էի հայ-ադրբեջանական  արձակի  քառալեզու կայք, ուսումնասիրեցի նյութերը: Քիչ էին այն գործերը, որոնք կհետաքրքրեին այլալեզու ընթերցողին, այդ թվում՝ պատերազմի թեմայով, ի վերջո՝ Լեւոն Խեչոյանից մի պատմվածք ընտրեցի: Ադրբեջանցիներն ուղարկել էին խառը ընտանիքների դրամաների թեմայով գործեր, որոնցից մի քանիսն ընտրեցի։ 

Բայց եթե  գրողները նույնիսկ ամենալիարժեք  ձևով  արտացոլեին  պատերազմը, ժողովրդին  կարևոր ուղերձներ հղեին՝ մեկ տասնյակ հիանալի վեպեր ու պատմվածքներ  առաջարկելով, դրանք  մնալու էին  «ձայն բարբառոյ յանապատի». ընթերցողը հեռացել է գրականությունից, նույնիսկ ժամանակակից ամենահայտնի հեղինակները մի  քանի հարյուր  ընթերցող  ունեն։ 

Լավագույն արվեստավետները, գրողները միշտ առաջ ընկած են լինում իրենց  ժամանակից, առաջադիմության, այդ թվում՝ խաղաղության, բարիդրացիության, մարդու իրավունքների, ինքնության  պաշտպանության  քարոզիչներ են։ Դիցուք, իմ  «Հանուն խաչի  ծպտվածները» վեպում, որը խաչակրաց արշավանքների շրջանի Կիլիկիայի  պատմությանն է վերաբերում, հայ քրիստոնյա և մուսուլման  հերոսներն իրար «անհավատ» են կոչում, բայց ՄԱՐԴԻԿ են, յուրաքանչյուրն առաջնորդվում է իր պետության շահով՝ հարկ եղած դեպքում համագործակցելով «թշնամու» հետ։ 

Այսինքն, գրականությունը քիչ թե շատ արձագանքել է իրականությանը։ Բայց ապամշակութային, քաղաքականացված միջավայրում երիտասարդությունը համարյա ծանոթ չի եղել այդ գործերին։ Օրինակ բերեմ կերպարվեստից։ Գայ Ղազանչյանի «ԱԿԱՆատես» նկարաշարը Արցախյան երկրորդ պատերազմի արձագանքն է։ Իմ ապրած դառնության, բարձր չարտահայտած ողբի սահմռկեցուցիչ պատկերն է։ Ցավոք, համոզված եմ՝ հասարակության մեծ մասը անտեղյակ կմնա «44-օրյա պատերազմի» երիտասարդ զինվորների կորստի ամբողջ սարսափն արտահայտող այդ պատումին, նույնիսկ երբ այն ներկայացվի առանձին ցուցահանդեսով։     

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

Նույն մտքերը, որոնց մասին բազմիցս խոսել ու գրել եմ՝ չէր կարելի վատնել խաղաղության քառորդ դարը Հայաստանում փողի, կաշառքի իշխանություն հաստատելու համար։ Ճշտեմ՝ հարաբերակա՛ն խաղաղության, որ ընթերցողը չկարծի էդ տարիների զոհերին անտեսում եմ։ Ցանկացած զարգացման դեպքում մենք ավելի ամուր դիրք կունենայինք, ամենակարևորը՝ պակաս մարդկային կորուստներ։ 

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Իրատեսական է։ Պատերազմներ, բախումներ Երկրորդ աշխարհամարտից առաջ շատ ավելի հաճախ են եղել, հետո հարաբերությունները նորմալացել են։ 

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու  փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Թուրը կտրում էր։ Մինչև էդ որոշ ուժեր կարողացան Թրամփին կարգել նախագահ, ԱՄՆ-ին հետ մղելով՝ խախտել ուժերի հավասարակշռությունը մեր ու հարևան տարածաշրջաններում։ Դա ագրեսիայի նոր հնարավորություններ բացեց Էրդողանի համար։

Գրողի խոսքը, գիրն այսօր ի՞նչ դեր կարող են խաղալ ժողովուրդների հաշտեցման մեջ, խաղաղարար նախաձեռնություններում:

Կարող է դեր խաղալ, բայց հակամարտության կողմերը միայն մեր երկու ժողովուրդը չէ, և մենք էլ խառը հայ-ադրբեջանական բնակչությամբ երկրներ չենք, որ ներսում դրանով բախումները կանխենք կամ մթնոլորտ փոխենք։ Արյունալի պատերազմից հետո պետք է նախ միջազգային մակարդակում փոխըմբռնում լինի, հետո գրողի խոսքը, գիրը կարող է լսելի դառնալ։ 

Տարիներ շարունակ  մենք  տեսել ենք, որ հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք մտավորականները, հասարակական   գործիչները  հանդիպել  են, մասնակցել  տարբեր   սեմինարների  թե՛ Երեւանում ու  Բաքվում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում, դրանց  համար  ծախսվել են   պատկառելի դրամաշնորհներ: Ինչո՞ւ  այդ  ամենը  չկարողացավ գլոբալ  իմաստով  ծառայել  իր  նպատակին՝ խաղաղության  եւ  հաշտության   հասնելուն, եւ տեղի ունեցավ Արցախյան երկրորդ  պատերազմը:

Տեղի  ունեցավ, որովհետեւ երկու երկրների  ժողովուրդները մեծ մասամբ իրենք չէին ընտրում իշխանություններ, որոնք իրենց հերթին անկեղծորեն չեն փնտրել ու չեն հասել  խաղաղության  բանաձեւին: Սեմինարները, «գրանտները» չեն, որ մեղավոր են՝ դրանք հող են  նախապատրաստել  խաղաղության համար, որը պետք է կառավարությունները  հերկեին։ Ադրբեջանը գնալով  ավելի կոշտ էր դիմադրում շփումներին, իսկ Հայաստանում, Քոչարյանի ու Սարգսյանի օրոք, դրանք չտեսնելու էին տալիս։ Այդ հանդիպումներին մասնակցել են խաղաղության փոքրաթիվ դեսպաններ, իսկ բանն ավարտվել է արյունալի պատերազմով:

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու  փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Թուրքիան Առաջին արցախյան  պատերազմում էլ  չեզոք չէր, փակեց Հայաստանի հետ իր սահմանը։ Թուրքիան 20-րդ դարում  արել է ժամանակակից աշխարհիկ պետություն կառուցելու  քայլեր: Հիմա հայտարարություններ է անում համագործակցության վերաբերյալ։ Ամենայն զգուշությամբ, բայց մենք պետք է քննարկենք  համակեցության  բանաձևը, որպեսզի  ծանր կորուստներից հետո կարողանանք ընթանալ  ինտենսիվ  զարգացման ուղիով:

Իսկ  ինչպե՞ս է  հնարավոր  մեր գերիներին չվերադարձնող Ադրբեջանի հետ  բարիդրացիություն  հաստատել:

Գերիները  պետք է վերադարձվեն, պատերազմական հանցագործությունները քննվեն։  Իրենք  էլ են  ինչ-որ  մեղադրանքներ ներկայացրել մեզ պատերազմի ընթացքում, չեմ բացառում, որ դրանց մի մասը հիմնավոր  լինի։ Արդյո՞ք երկու  կողմն  էլ պատրաստ է մեղավորներին  պատժել։ Եթե` ոչ, համագործակցենք, որտեղ  հնարավոր է, մինչեւ խաղաղությունը թույլ կտա բարձրացնել մարդու իրավունքներին վերաբերող պահանջների նշաձողը։