Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը (ծնվ. 1959 թ., Գյումրի/Լենինական) հայտնի գրող է, վեպերի, բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ, էսսեիստ, թարգմանիչ, սցենարիստ: Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1975-ին, «Գարուն» ամսագրում, առաջին ժողովածուն`«Զգացմունքային նավամատյանը», լույս է տեսել 1988-ին: Վ. Մարտիրոսյանի «Սողանք» անտիուտոպիան (2000) Անկախության շրջանի սակավաթիվ բեսթսելերներից է, թարգմանվել է մի շարք լեզուներով (Glissement de Terrain, France-Canada, 2007, Оползни, Дружба народов, 2005, և այլն): 

Մարտիրոսյանը սիրում է փոխել ժանրերը: Հրատարակել է «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպը՝ Հայկական Կիլիկիայի և խաչակիրների փոխառնչությունների թեմայով, 2002 թ., «Փախուստ ավետյաց երկրից» քաղաքական պամֆլետը, 2004 թ., «Հիմար մարդը» մտապատրանքը (միստիֆիկացիա, L'Imbécile, Փարիզ, 2010 թ.), ճանապարհորդական և սիրային գրականության յուրատեսակ խառնուրդ «Սերը Մոսկվայում» վեպը (2015), արկածային սյուժեով «Բամբակե պատերը» (2019), վեպ՝ սովետահայ երիտասարդ ազգայնական-այլախոհների մասին։

Մարտիրոսյանը հայ նոն-կոնֆորմիստ գրողների «Բնագիր» հանդեսի համահիմնադիրն ու համախմբագիրն է (բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի հետ միասին, 2000-2006):

Նա «Գրողներն ընդդեմ հակամարտությունների» նախագծի հեղինակն ու համակարգողն է (2006-08)։ Գրական կայքը ներկայացնում էր 10-ական հայ և ադրբեջանցի հեղինակների, 4 լեզվով:

Մարտիրոսյանը «Գրականության անջատումը պետությունից» հատուկ դասընթաց է կարդացել Վ. Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանում (2002-04):

Նա բնագրից թարգմանել և առանձին գրքերով հրատարակել է հունգարացի բանաստեղծներ Յանոշ Պիլինսկուն, Դյորդյ Պետրիին, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իմրե Կերտեսի «Անբախտություն» վեպը:

 

 «Օսվենցիմից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսություն է», - ասում է փիլիսոփա Թեոդոր Ադորնոն: Բարբարոսությունը Օսվենցիմն է, գրականությունը եղել և մնում է հակամարտությունները, ցեղասպանությունները կանխելու հուսահատ ձևերից մեկը։

 

Մարդը փուխր է և հուզիչ։

 

Lավագույն գրողները միշտ առաջ ընկած են լինում իրենց ժամանակից

նրանք միշտ առաջադիմության, այդ թվում՝ խաղաղության, բարիդրացիության, մարդու իրավունքների, ինքնության պաշտպանության քարոզիչներ են