Սախարովյան օրեր Երևանում

Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի մոսկովյան բյուրոյի և ՓԵՆ Հայաստանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 27-28-ին կայացան «Սախարովյան օրեր» խորագրով միջոցառումներ։ 

Հոկտեմբերի 27-ին մեր գործընկեր «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» գրասենյակում անկացվեց կլոր սեղան քննարկում՝ Անդրեյ Սախարովի «Աշխարհը կես դար անց» հոդվածի շուրջ, որը վարեց լաբորատորիայի աշխատակից Աննա Մարգոլիսը։  

1974-ին ամերիկյան «Սաթըրդեյ րեվյու» հանդեսը դիմել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ գործիչների՝ այդ թվում Անդրեյ Սախարովին, հարցով, թե՞ ըստ նրանց ինչպիսին կլինի աշխարհը կես դար անց։ Անդրեյ Սխարովի պատասխանը հետագայում հրապարակվեց «Աշխարհը կես դար անց» վերնագրով։ 

Գրեթե կես դար անց, հետևելով Սախարովի հարյուրամյակի առիթով Ռուսաստանում կազմակերպված քննարկումների օրինակին, Երևանում նույնպես կայացավ նմանատիպ միջոցառում։  Այսօր հանրային գիտակցությունում Սախարովի կերպարը հաճախ պարզունակացվում է՝ որպես «ջրածնային ռումբի հայտագարծող», «Գերագույն Խորհրդի պահպանողական մեծամասնության դեմ պայքարող» կամ «անկոտրում աքսորյալ»։ Մինչդեռ Սախարովն ավելին է, քան իրեն վերագրվող պարզ սահմանումներն ու պիտակները։ Որքանո՞վ են արդիական նրա գաղափարները համատարած ճգնաժամի ու արժեքների վերանայման մեր օրերում։ Սախարովի անունը կրող հրապարակ, դպրոց և անգամ բիզնես կենտրոն ունեցող Երևանում ինչքանո՞վ է վերաիմաստավորման ենթարկվում նրա անցած ուղին և թողած ժառանգությունը։ Բուռն քննարկում ծավալվեց այս և նմանատիպ հարցերի շուրջ։ 

Հոկտեմբերի 28-ին մեր գործընկեր «Լոֆթ Երևանում» տեղի ունեցավ «Սախարով․ մարդ, որը չէր վախենում» պատկերազարդ գրքի Երևանյան շնորհանդեսը։ 

Միջսերնդային ընթերցանության համար նախատեսված գիրքը, որի թիրախային ընթերցողը դպրոցականներն են, իր ձևաչափով ու ինքնատիպությամբ մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ։ 

Երեկոն վարեց ՓԵՆ-ի նախագահ, արձակագիր Արմեն Օհանյանը։ Վերջինս ի պաշտոնե հանդես եկավ գրքի հայերեն թարգմանությանը և հրապարակմանն աջակցելու պատրաստակամությամբ։ Գիրքը ներկայացրեցին նկարազարդող, գրքի շապիկի հեղինակ և կազմարար Պոլյա Պլավինսկայան, Սախարովի կենտրոնի ցուցադրությունների համակարգող Նատալյա Սամովերը, ինչպես նաև Նաումանի հիմնարդամի աշխատակից Գալինա Կազլովան։ 

Միջոցառման մասնակից ՓԵՆ անդամները Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ռուսաստանյան գրասենյակի կողմից նվեր ստացան գրքի օրինակներ։ Ներկաներին բաժանվեց նաև «Սախարով/նոր դար» գրքույկը, որի կազմող և խմբագիր Օլգա Գրինկուրը նույնպես ներկա էր և ակտիվ մասնակցություն ունեցավ Սախարովյան օրերի միջոցառումներին։ 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ֆրիդրիխ Նաումանի մոսկովյան բյուրոյի աշխատակից, ՓԵՆ Հայաստանի բարեկամ և գործընկեր Աննա Այվազյանին Երեւանում Սախարովյան օրեր կազմակերպելու նախաձեռնության և հավուր պատշաճի իրականացման համար։