Ցավակցական։ Աննա Հակոբյան

Խորը վշտով տեղեկացանք ականավոր գրական և հանրային գործիչ, անվանի թարգմանիչ, Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախագահ (1999-2017) և պատվավոր անդամ Աննա Հակոբյանի մահվան մասին։ 

Աննա Հակոբյանը բազմաշնորհ անհատականություն էր, իր գործին անմնացորդ նվիրվող և խանդավառվող մարդ։ Երիտասարդ տարիներին որպես շախմատիստ նշանակալի հաջողություններ է գրանցել՝ Հայաստանի շախմատի կանանց բազմակի չեմպիոնուհի, հանրապետության շախմատի հավաքականի անդամ։ Ճանաչվել է սպորտի վարպետ, միութենական կարգի մրցավար։ Այնուհետև հիմնականում նվիրվեց գրական թարգմանության գործին՝ ֆրանսերենից հայերեն թարգմանելով մի քանի տասնյակ հեղինակների։ Հայ ընթերցողը նրան է մեծապես պարտական, որ բնագրային թարգմանությամբ ծանոթացել է Ալբեր Կամյուի, Անդրե Ժիդի, Պոլ Վալերիի, Սեն Ժոն Պերսի, Արթյուր Ռեմբոյի, Մարգարիտ Դյուրասի և շատ այլ ֆրանսագիր հեղինակների բազմաթիվ գործերի։ Նույնքան նվիրված էր դասախոսական իր գործին և գիտական աշխատանքին․ հեղինակ է 30-ից ավելի գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից «Թարգմանության տեսության հիմունքները» (2 հատորով) ուսանողների սերնդների համար ծառայել է որպես անփոխարինելի բուհական ձեռնարկ։ 90-ականների սկզբից զբաղվել է նաև հրատարակչական գործունեությամբ՝ հանդիսանալով հիմնավորապես ֆրանսիական հատընտիր գրականություն լույսընծայող «ԱևՄ» հրատարակչության համահիմնադիր։ 

ՓԵՆ միջազգային համայնքի և Հայաստանի կենտրոնի մեր բոլոր գրչակից ընկերների անունից ցավակցում ենք Աննա Հակոբյանի զավակներին, հարազատներին, նրա գործն ու ավանդն արժևորողներին։