«Այրվող բանաստեղծ»-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

ՓԵՆ եռալեզու գրական օրերի շրջանակում հունիսի 9-ին նախատեսված միջոցառումների և հանդիպումների մեծ մասն անցկացվեց Երևանի պարծանք հանդսիացող Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ 

Շրջայց

Ետկեսօրին ծրագրի մասնակիցների համար կազմակերպվեց հատուկ շրջայց։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը ներկայացրեց Կասկադ համալիրի և ԳԱԿ-ի պատմությունը, ծանոթացրեց մշտական ցուցադրության հավաքածուի հետ։ «Խանջյան» սրահի ազդեցիկ որմնանկարի ներկայացումը հայ-վրացական պատմամշակութային երկխոսությանը նոր լիցք հաղորդեց, մասնավորեպս գրող Թեա Թոփուրիան հետաքրքրվեց Հայ և Վրաց եկեղեցիների ընդհանրական սուրբ Շուշանիկի հոր՝ Վարդան Մամիկոնյանի կերպարով և Վրաստանի Ազատություն ռադիոկայանի համար թեմատիկ հոդված գրելու ցանկություն հայտնեց։ «Սասունցի Դավիթ» սրահում հյուրերն առիթ ունեցան դիտելու նաև «Յարխուշտա» աուդիովիզուալ ինստալացիան (հեղինակ՝ Հելենա Թադևոսյան, հնչյունային ձևավորումը՝ Հայկ Կարոյի)։ Շրջայցն ավարտվեց «Արծիվ» սրահում՝ Թերեզա Միրզոյանի 100-ամյակին նվիրված բացառիկ ցուցադրության դիտումով։ 

Այնուհետև ԳԱԿ Հատուկ միջոցառումների սրահում կայացավ «Այրվող բանաստեղծ» երեկոյի գլխավոր փորձը։ Զուգահեռաբար նախագծի մասնակից վրացի արձակագիրները հանդիպեցին ԳԱԿ-ի կրթության գծով տնօրեն, արվեստաբան Ելիզավետա Շիրինյանի հետ, որ նրանց «Կանայք հայ արվեստում» կրթական ծրագրի շրջանակում ներկայացրեց Սովետական շրջանի կին արվեստագետների հաճախ մոռացության մատնված ժառանգության և կյանքի պատմությունը, որոնցից շատերը Վրաստանի հետ անմիջական կապ ունեն։ 

«Այրվող բանաստեղծ» պոեզիայի հանդիսավոր երեկույթ

Երեկոյան ԳԱԿ Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Այրվող բանաստեղծ» հանդիսավոր միջոցառումը, որը մեկնարկեց հյուրասիրությամբ, իսկ այնուհետև կայացան երկու բաժնից բաղկացած պոեզիայի բեմական, եռալեզու ընթերցումները։

Ողջույնի անմիջական խոսքով հանդես եկավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Միջոցառումների համակարգող Էմմա Կիրակոսյանը, որը թե՛ Ամերիկյան Համալսարանի շրջանավարտ է և թե՛ «Գրենք Հայաստանում 2018» միջազգային գրական ճամբարի։ Իր խոսքում Էմմա Կիրակոսյանը կարևորեց, որ հատկապես նման ինքնատիպ ձևաչափով է շարունակվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ձեռնարկներից մեկը, և «Այրվող բանաստեղծ» անավանումը հղվում է Դիանա Ուկլեբայի քառատողին, որին նվիրված «Սեր» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը 5 տարի առաջ՝ հենց այս սրահում է կայացել։ Հանգամանքը, որ քովիդ 19-ի սահմանափակումներով պայմանավորված երկու տարուց ավելի սրահը փակ էր և վերստին իր դռները բացվել է «Այրով բանաստեղծ»-ի երեկոյի համար էլ ավելի խորհրդանշական ու հուզիչ դարձրեց պահը։  

Ուրախությամբ ենք փաստում, որ Հայաստանի ՓԵՆ-ը այսուհետ հանդիսանում է ԳԱԿ-ի «Նվիրատու» անդամ, ինչպես նաև համագործակցության դրական մեկնարկի առիթով շնորհակալություն ենք հայտնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանին և  ողջ անձնակազմին՝ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար։