Այրվող բանաստեղծ․ Դիանա Ուկլեբա

ՓԵՆ-ի նախագահ, արձակագիր Արմեն Օհանյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին է դիմել առաջարկով, որի մեջ մասնավորապես ասված է․

«Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորող հունիսին Երևանում կանցկացվեն հայ-վրացական գրական օրեր, որոնց շրջանակներում կազմակերպիչները՝ երկու երկրի ՓԵՆ կենտրոնները, հանդես կգան Դիանա Ուկլեբայի քառատողից ներշնչված «Այրվող բանաստեղծ» նախաձեռնությամբ։

Պատեհ առիթ է, որ հայ-վրացական նվիրման և անձուրաց սիրո իսկական մարմնավորում դարձած Դիանա Ուկլեբայի ավանդը հանրահռչակվի, ուստի առաջարկում ենք որպես խորհրդանշական քայլ ՀՀ Ազգային պատկերասրահի մասնաճյուղի՝ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի անվանմանը հավելել նրա անունը։

Հայաստանի և Վրաստանի մի խումբ գրչակից ընկերներով ուրախ կլինենք հունիսի 9-ին ձեզ հետ այցելելու արդեն Ջոտտոյի և Դիանա Ուկլեբայի արվեստանոց-թանգարան՝ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) ծննդյան հոբելյանական 125-ամյակը նշելու և ի վերջո արժանին մատուցելու երկու ժողովուրդների նվիրյալ, Վրաստանի Պատվո շքանշանակիր Դիանա Ուկլեբայի հիշատակին»:

 

Իսկ լուսաբացին

Հրդեհով իր մեծ

Արևն ինձ թվաց

Այրվող բանաստեղծ։

                             

Դիանա Ուկլեբան (1910-2001) մշակութային գործիչ էր և բազմակողմանի արվեստագետ՝ նկարիչ, բանաստեղծ, ինչպես նաև թարգմանիչ, որի կյանքն ու գործունեությունն անքակտելիորեն կապված է իր ամուսնու՝ վրացահայ անվանի նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) հետ։ Առանց Դիանա Ուկլեբայի անպատկերացնելի է թե՛ Ջոտտոյի կյանքը, թե՛ նրա արվեստը։ Երևանում Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի գոյությամբ մեծապես պարտական ենք Դիանա Ուկլեբային, որ ընկերների զորակցությամբ ամուսնու և իր արվեստանոցը նրա մահից հետո վերածեց թանգարանի՝ ստանձնելով նաև առաջին տնօրենի պաշտոնը։  Թեև թանգարանի  նվիրյալ աշխատակիցների ջանքերով այս հարկի տակ մշտապես վառ է պահվել Դիանա Ուկլեբայի հիշատակը, սակայն լայն հանրության կողմից հայ-վրացական բարեկամության երախտավորը տարիներ շարունակ մոռացության է մատնվել։ Հարկ է նշել, որ բացի ՀՀ Ազգային պատկերասրահի պահոցներում առկա գործերից, հենց այս մասնաճյուղում Դիանա Ուկլեբայի որոշ գեղանկարներ մշտական ցուցադրության մասն են կազմում։ 

Ինչևէ, 2017-ին՝ Ջոտտոյի ծննդյան 120-ամյակի առթիվ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվեց բեկումնային ցուցահանդես, որով վերարժևորվեց և բոլորովին նոր լույսի տակ ներկայացվեց Ջոտտոյի արվեստը․ հիմնական շեշտը դրվեց նախկինում երբևէ չցուցադրված գրաֆիկական աշխատանքների վրա։ Բացի այդ, կարևորելով Դիանա Ուկլեբայի կյանքն ու գործը, Կենտրոնը կազմակերպեց վերջինիս մասին պատմող «Սեր» վավերագրական ֆիլմի (ռեժ․՝ Լեո Բակրաձե, 1987) հատուկ ցուցադրություն՝ Ջոտտոյին նվիրված «Հանդիպում արվեստի հետ» միջոցառման շրջանակում։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս միջոցառումներով հատկապես նոր սերնդին հնարավորություն տրվեց բացահայտելու Դիանա Ուկլեբային, և մոռացության սառույցը կոտրվեց։

Քանի որ արվեստագետ ամուսիններն անմիջական իրավահաջորդներ չունեին, նրանց նշանակալի մշակութային ժառանգությունն ինքնաբերաբար դարձավ հանրային սեփականություն, և որպես երկու դրացի ժողովրդներին միավորող արժեք, պետք է անխտրաբար հասանելի լինի նրանց արվեստով և հավերժական սիրո պատմությամբ ոգեշնչվողներին։ 

Հ․ Գ․ «Այրվող բանաստեղծ» նախաձեռնությունը, որին մասնակցում են հայ և վրացի բազմաթիվ անվանի հեղինակներ, նպատակ ունի շարունակելու անցյալի վերարժևորման այս գործընթացը՝ հայ-վրացական մշակութային երկխոսությունը բերելով նոր՝ ժամանակի ոգուն ու օրվա հրամայականին հարիր հարթություն։