Գրողներ հանուն խաղաղության․ Բլեդի մանիֆեստ

Գրողներ հանուն խաղաղության հանձնախմբի Բլեդի մանիֆեստը

1. Բոլոր անհատներն ու ժողովուրդներն ունեն խաղաղության իրավունք, և այդ իրավունքը պետք է ճանաչվի Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես մարդու համընդհանուր իրավունք:

2. PEN-ը նպաստում է քննարկումներին ու երկխոսությանը հակամարտող երկրներ ու աշխարհի տարբեր տարածաշրջաններ ներկայացնող գրողների միջև, որոնց հայրենիքներում վերքերը բաց են, իսկ քաղաքական կամքն ի զորու չէ լուծել լարվածությունը:

3. PEN-ը ձգտում է համախմբել ողջ աշխարհի ժողովուրդներին գրականությամբ, ինչպես նաև գրողների միջև ու լայն հանրության հետ քննարկումների միջոցով:

4. PEN-ն աշխարհի ամենամեծ մարտահրավերներից մեկն է համարում անցումը բռնությունից բանավեճի, քննարկման և երկխոսության: Մեր նպատակն է այս գործընթացին բերել մեր ակտիվ մասնակցությունը՝ ըստ անհրաժեշտության առաջ քաշելով միջազգային իրավունքի սկզբունքները։

5. Խաղաղության պայմաններն ապահովելու համար պետք է հարգվի ու որպես հիմնարար իրավունք պաշտպանվի խոսքի և ստեղծագործելու ազատությունն իր բոլոր ձևերով, եթե այն հարգում է մարդու բոլոր մնացած հիմնական իրավունքները՝ Մարդու Համընդհանուր հռչակագրի սկզբունքներին համապատասխան։

6. PEN-ը գիտակցում է, որ առաջնահերթ կարևորություն ունի մշտական հավատարմությունն այն պայմանների ստեղծմանը, որոնք կարող են հանգեցնել բոլոր տեսակի հակամարտությունների դադարեցմանը: Ո՛չ ազատություն կա առանց խաղաղության, ո՛չ էլ խաղաղություն` առանց ազատության. սոցիալական և քաղաքական արդարությունն անհասանելի է առանց խաղաղության և ազատության:

7. Խաղաղության կայուն պայմաններ ապահովելու համար PEN-ը կոչ է անում հարգել շրջակա միջավայրը՝ համաձայն Ռիոյի Շրջակա միջավայրի և զարգացման մասին հռչակագրի (1992 թ.): Մենք դատապարտում ենք տեխնոլոգիական չարաշահումներն ու ֆինանսական շահարկումները, որոնք հանգեցնում են աշխարհի բնակչության զգալի մասի աղքատացմանը։

8. PEN-ը հարգում և պաշտպանում է բոլոր մարդկանց արժանապատվությունը: PEN-ը դեմ է անարդարությանն ու բռնությանը, ներառյալ կեղեքումները, գաղութացումը, ապօրինի օկուպացիան և ահաբեկչությունը` անկախ վայրից:

9. Խոսքի ազատության և արդարության սկզբունքներին համապատասխան՝ հակամարտության մեջ ներգրավված յուրաքանչյուր անհատ կամ խումբ իրավունք ունի պահանջելու հակամարտությունների ոչ բռնի լուծումներ և պետք է ազատ լինի միջնորդություններ ներկայացնելու և դիմելու միջազգային կառույցներին ու պետական մարմիններին:

10. Բոլոր երեխաներն ունեն խաղաղության և մարդու իրավունքների վերաբերյալ համապարփակ կրթություն ստանալու իրավունք: PEN-ը նպաստում է այս իրավունքի իրականացմանը:

Թարգմանությունը՝ Կարեն Ղարսլյանի