Եվրոպական Միության գրական մրցանակը հայտարարում է 2023թ. հավակնորդների անունները

Եվրոպական Միության գրական մրցանակը (ԵՄԳՄ) տրվում է ԵՄ սահմաններում և դրանցից դուրս նորահայտ գրողներին: Ներգրավելով Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից 41 երկրներ՝ Մրցանակը հանրահռչակում է բացառիկ նոր գրական տաղանդների՝ եռամյա շրջափուլով: 

Հանրային ուշադրության արժանացնելով Եվրոպայի ժամանակակից գրականության ստեղծարարությունը և ահռելի ու բազմազան հարստությունը գեղարվեստական գրականության ոլորտում՝ Եվրոպական Միության գրական մրցանակը նպատակ ունի խթանել Եվրոպայի ներսում գրականության շրջանառությունը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել օտարալեզու գրական գործերի նկատմամբ:  

2022 թվականի հաջող թողարկումից հետո, երբ փոփոխվեցին Մրցանակի կազմակերպման ընդհանուր սկզբունքները, մենք հպարտությամբ ներկայացնում ենք ԵՄԳՄ 2023 թվականի 13 թեկնածուներին՝  մեկական մասնակից յուրաքանչյուր երկրից: Հեղինակները և նրանց վեպերն առաջադրվել են ազգային կառույցների կողմից, որոնք լավ ծանոթ են իրենց երկրների գրական ասպարեզին, ինչպես նաև փորձված՝ իրենց գրականությունն արտերկրում տարածելու գործում: 

Ուրախ ենք ներկայացնել այս տարվա հավակնորդներին.

 

• Հայաստան. Լուսինե Խառատյան, ՍԻՐԻԱՎԵՊ (A Syrian Affair), Հրատարակիչ. Գրանիշ

• Խորվաթիա. Մարտինա Վիդայիչ, Stjenice (Փայտոջիլներ), Հրատարակիչ. Naklada Ljevak 

• Կիպրոս. Χάρη Ν. Σπανού (Հարի Ն. Սպանու), Φυλάκιο (Ուղեկալը), Հրատարակիչ. Εκδόσεις Αιγαίον (Aegan Publications)

• Չեխիա. Օնդրեյ Շտինդլ, Tolik popela (Այսքան մոխիր), Հրատարակիչ. Argo 

• Էստոնիա. Թոնիս Թութսեն, Ahvide pasteet. Ühe ahvi mälestusi ja mõtteid (Կապիկների մածուկ. մի պրիմատի մտքերն ու հիշողությունները), Հրատարակիչ. Kaarnakivi Seltsi Kirjastus

• Ֆինլանդիա. Լիդա Ռումա, Hävitys (Ոչնչացում), Հրատարակիչ. Siltala Publishing

• Ֆրանսիա. Մաուդ Սիմոնո, L’heure des oiseaux (Թռչունների ժամը), Հրատարակիչ. Editions de l’Observatoire 

• Կոսովո. Ագ Ապոլլոնի, Kësulëkuqja, përrallë për të rritur (Կարմիր գլխարկը, հեքիաթ մեծերի համար), Հրատարակիչ.  Bard Books

• Լիխտենշտայն. Աննա Օսփելթ, Fruhe pflanzung (Վաղ սերմնացան), Հրատարակիչ. Limmat

• Լյուսքեմբուրգ. Ջեֆ Շինկեր, Ma vie sous les tentes (Իմ կյանքը վրաններում), Հրատարակիչ. Hydre Éditions 

• Մոնտենեգրո. Իլիա Դուրովիչ, Sampas, Հրատարակիչ. Treći Trg

• Լեհաստան. Սաբինա Յակուբովսկա, Akuszerki (Մանկաբարձները), Հրատարակիչ. Grupa Wydawnicza Relacja

• Շվեդիա. Մարիտ Կապլա, Kärlek på svenska (Սերը շվեդերեն), Հրատարակիչ. Teg Publishing

Եվրոպական ժյուրիի յոթ անդամ այուհետ կկարդան հատվածներ առաջադրված բոլոր գրքերից և առաջիկա ամսվա ընթացքում կընտրեն 2023թ. Եվրոպական Միության գրական մրցանակի հաղթողին, ինչպես նաև հատուկ մրցանակակիրներին: 

ԵՄԳՄ 2023 մրցանակի դափնեկրի, ինչպես նաեւ հինգ հատուկ մրցանակակիրների անունները կներկայացվեն ապրիլի 28-ին, Լայպցիգի գրքի տոնավաճառում հատուկ արարողության ժամանակ: 

Առաջադրված բոլոր հեղինակները եվրոպական հարթակում առաջխաղացման շարունակական աջակցություն կստանան՝ ավելի լայն և միջազգային լսարան ունենալու, ինչպես նաև իրենց ազգային և լեզվական սահմաններից դուրս ընթերցողների հետ կապ հաստատելու նպատակով:  

Եվրոպական Միության գրական մրցանակը կազմակերպվում է Եվրոպական գրահրատարակիչների ֆեդերացիայից (ԵԳՖ) ու Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայից (ԵՄԳՖ) բաղկացած կոնսորցիումի կողմից՝ ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի աջակցությամբ: 

Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրոպական հանձնակատար Մարիա Գաբրիելի հավաստմամբ՝ «Եվրոպայի Միության գրական մրցանակը լույս է սփռում տաղանդավոր հեղինակների վրա, որոնց ստեղծագործությունները պատկերում են մեր կյանքը և հուզում մեր սրտերը: Սրտանց շնորհավորում եմ առաջադրված տասներեք թեկնածուներին: Կհանդիպենք 2023թ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում՝ պարգևատրելու այս հետաքրքիր գրական մրցույթի հաղթողներին»:

Եվրոպական գրահրատարակիչների ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Ֆրանկո Լևի խոսքերով. «Այսօր 13 նորահայտ հեղինակների կյանքը կփոխվի դեպի լավը: Նրանք արդեն ճանաչվել և գովասանքի են արժանացել իրենց տարածքում, և այժմ մենք նրանց ներկայացնում ենք Եվրոպայի և այլ երկրների հրատարակիչների ուշադրությանը՝ ծանոթանալու նրանց ստեղծագործական կենսագրությանը, կարդալու թարգմանված ծավալուն հատվածներ, որոնք շուտով հասանելի կլինեն, և մտածելու իրենց ցանկերը նոր ձայներով ընդլայնելու մասին»:

Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայի համանախագահ Ժան-Լյուկ Տրյուտենաերն այս առիթով ասել է՝ «ԵՄԳՄ 2023-ը ներկայացնում է 13 փայլուն հեղինակների՝ առաջադրված Եվրոպայի բոլոր անկյուններից՝ ևս մեկ անգամ ընդգծելով մայրցամաքի մշակութային հարստությունն ու բազմազանությունը: Անցյալ տարի մենք առաջին անգամ տեսանք Մրցանակի նոր ձևաչափը. Եվրոպական ժյուրին ընտրեց մեկ գլխավոր և հինգ հատուկ մրցանակակիրների: Ավելին, առաջադրված բոլոր հեղինակները կարող են հաղթող համարվել՝ եվրոպական ժամանակակից գրական աշխարհում իրենց հրաշալի ներդրումն ունենալու համար: Այս տարին ոչնչով չի տարբերվում. Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայի անունից ցանկանում եմ շնորհավորել այս տարվա հավակնորդներին իրենց մեծ աշխատանքի համար և անհամբեր սպասում եմ նրանց վեպերը Եվրոպայի գրախանութներում տեսնելուն»

ԵԳՖ-ի մասին. Եվրոպական գրահրատարակիչների ֆեդերացիան Եվրոպական Միության գրահրտարակիչների միովորումները միավորող անկախ, ոչ առևտրային միություն է: ԵԳՖ-ն ներկայացնում է գրահրտարակիչների Եվրոպայում գործող 29 ազգային միավորումներ:  ԵԳՖ-ն գրահրատարակիչների ճնշող մեծամասնության ձայնն է Եվրոպայում: 1967-ին հիմնված ԵԳՖ-ն աշխատում է եվրոպական օրենսդրության հետ և գրահրատարակիչներին խորհրդատվություն է տրամադրում հեղինակային իրավունքների և այլ օրենսդրական խնդիրների վերաբերյալ: 

ԵՄԳՖ-ի մասին. Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիան աշխարհի գրավաճառներին և գրավաճառների միավորումները ներկայացնող եվրոպական և միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է: Իր անդամ միավորումների միջոցով ԵՄԳՖ-ն խոսում է ավելի քան 25,000 անհատ գրավաճառների անունից: 

Ստեղծագործ Եվրոպայի մասին. Ստեղծագործ Եվրոպա ծրագիրն աջակցում է  մշակութային և ստեղծագործ ոլորտների լայն շրջանակի և խրախուսում է մշակութային համագործակցությունն ու փոխանակումները կազմակերպությունների և արվեստագետների միջև Եվրոպայի սահմաններում և վերջինիս սահմաններից դուրս: Այն աջակցում է թարգմանչական նախաձեռնություններին և առաջ է մղում գրական ստեղծագործությունները ԵՄ շուկաներում՝ նպատակ ունենալով բարձրացնել եվրոպական բարձրորակ գրական ստեղծագործությունների հասանելիությունը ընթերցողների համար: