ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:
Այնքանով, որքանով իրատեսական է նման գրականության գոյությունը: Ես հավատում եմ, որ աշխարհը ստեղծվում է գրականության մեջ: Այն իրավիճակը, որում մենք արդեն ավելի քան հարյուր տարի է ցիկլիկ կերպով հայտնվում ենք, նույնպես որոշակիորեն կառուցվել է գրականության մեջ: Ըստ այդմ, եթե ունենանք գրականություն, որտեղ այլ աշխարհը հավանական է, հնարավոր կլինի նաև այդ աշխարհի գոյությունը: Այս առումով, մեր գրականությունն առայժմ հիմնականում փակուղային է:
Ըստ ձեզ Արցախյան առաջին պատերազմը, իր բավարար արտացոլումը գտել է՞մեր գրականության մեջ: Երիտասարդ սերունդը որքանո՞վ է տեղեկացված այդ պատերազմի և հաղթանակի մասին:
Պատերազմի մասին գրականություն այո, կա: Բավական է հիշատակել Լեւոն Խեչոյանին: Իսկ թե որքանո՞վ է նոր սերունդը կարդում այն, կամ որքանով է այն խոսում նոր սերնդի հետ՝ դա այլ հարց է: Նաև, գրականության խնդիրը տեղեկացնելը չէ: Տեղեկացմամբ զբաղվում են լրատվամիջոցները: Գրականությունը պատմում և արարում է իրականությունը: Ու երևի ոչինչ գոյություն չունի, քանի դեռ այն չկա գրականության մեջ: Կա՞ արդյոք մեր գրականության մեջ “հաղթանակը”: Չգիտեմ, դժվարանում եմ ասել: Ես որ չեմ հանդիպել: Պատերազմը հաստատ կա, հաղթանակը՝ չեմ կարծում: Հաղթանակը կար քարոզչության, լրատվության մեջ, դասագրքերում, բայց վստահ չեմ, որ կա նաեւ գրականության մեջ: Եվ առհասարակ, եթե գրականությունը պատվեր չէ, այն չունի սև-սպիտակ, հաղթանակ-պարտություն, այն բազմաշերտ է, որովհետև կյանքն ու աշխարհն են բազմաշերտ, մարդն է բազմաշերտ, ու գրականության մեջ հենց հաղթանակը կարող է պարտություն լինել:
Մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը հասարակական կազմակերպությունների, ժողովրդական դիվանագիտության մակարդակով եղել են հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք գործիչների միջեւ փոխայցեր, ճանաչողական հանդիպումներ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդ ամենը չհանգեցրեց այլատյացության մերժմանը:
Նման փորձեր եղել են: Բայց էստեղ հարցի ձևակերպման մեջ խնդիր եմ տեսնում: Հանդուրժողականությունը չի սերմանվում, այլատյացությունն էլ չի մերժվում: Սա շատ տեխնիկական, ծրագրային ձևակերպում է, որը սովորաբար օգտագործվում է ծրագրային լեզվում: Նման ձևակերպումը, սակայն, շատ է պարզունակացնում այն երկար խոսակցությունը, որն ընթացել է ժողովրդական դիվանագիտության տարբեր ծրագրերի շրջանակներում: Այդ ծրագրերը նպաստել են իրար ճանաչելուն, դիմացինի դիրքից խնդրին նայելուն և այդպիսով՝ մի քայլ ավել մոտենալու կոնֆլիկտի հնարավոր խաղաղ լուծմանը: Թե ինչու չեն հաջողվել, թերևս կարելի է բացատրել նրանով, որ դրանք միշտ լուսանցքային են եղել և ներգրավել են մարդկանց փոքր շրջանակ: Չի փոխվել ո՛չ քաղաքականություն իրականացնողների դիրքորոշումը, ո՛չ աշխարհակարգը: Չի ընդլայնվել նման խոսակցության տարածքն ու ընդգրկումը: Բայց սա մի թեմա է, որի մասին արժե առանձին մտորել, փորձել դասեր քաղել: Ու այստեղ էլ պետք է ասեմՙ կա գրականություն, որը կարելի է կարդալ՝ հասկանալու համար: Օրինակ, 2015թ. նման մի ծրագրի շրջանակներում (“Գործելով միասին”), մի թուրք և մի հայ գրող մասնակցել են ծրագրի ճամփորդությանը և օրագիր վարել: Հայհեղինակի՝ Աննա Մուրադյանի օրագրությունն այնուհետև լույս է տեսել 2018-ին՝ “Պատ հայ-թուրքական սահմանում” վերնագրով: Արժե կարդալ, քանի որ այն գործընթացներին ներսից նայելու բացառիկ հնարավորություն է ընձեռում: Նման մի “պատուհան” էլ իմ “ծուռ գիրքն” է: Երկուսն էլ ինչ-որ առումով թույլ են տալիս ներսից տեսնել հաշտեցման ծրագրերի մեխանիկան: