Մենք պետք է հսկենք իշխանությունների վարքագիծը

Աննա Հակոբյանի հարցազրույցը Հայաստանի կենտրոնի 10-ամյակի առիթով

ԿԱՆՉ զրույցը՝ Լիանա Չիչակյանի

ԿԱՆՉ Հայաստանի մանկապատանեկան պարբերական / 2001 թ․ 8 օոստոսի, չորեքշաբթի, թիվ 32 (5893)

 ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Գրողերի P.E.N. միջազգային ընկերակցության Հայկական կենտրոնի նախագահ

- Գրողների միջազգային P.E.N. ընկերակցության Հայկական կենտրոնը նշեց հիմնադրման 10-ամյակը, սակայն համափայնեք, որ ընկերության գործունեության մասին պատկերացումները մեզանում խիստ կցկտուր են։ Մինչև անգամ P.E.N.-ի անդամ հայ գրողներից շատերը դժվարանում են սահմանել, թե ինչ է P.E.N.-ը

- 1921 թվականին, երբ Գոլսվորդին Լոնդոնում հիմնադրեց P.E.N.  միջազգային ընկերակցությունը, ոչ ինքը, ոչ էլ իր շուրջը համախմբված մի քանի գրողներ չէին էլ կարող երևակայել, որ 8 տասնամյակ անց շուրջ 140 երկրի գրողներ կմիավորվեն ընդամենը մի քանի կետից բաղկացած հռկակագրի շուրջը․․․

P.E.N.-ի գործունեությունը բխում է հռչակագրից, որը 80 տարի շարունակ հղկվել է, վերաշարադրվել՝ հիմքում մնալով նույնը։ Հռչակագրի առանձին կետերը պարզ են ու հասկանալի բոլորին։ Թվում է յուրաքանչյուր գրող կարող է դառնալ P․E․N․ անդամ։ Հռչակագրում ասվում է․ «Գրականությունը, որքան էլ ազգային լինի բնույթով, սահմաններ չի ճանաչում, և գրական կապերը պետք է անկախ մնան ժողովուրդների քաղաքական կյանքի իրադարձություններից»։ Սա նշանակում է, որ PEN-ի անդամը չի կարող լինել ազգայնամոլ կամ և որևէ կուսակցության գաղափարակիր, պետք է բարձր լինի ազգայնական և քաղաքական կրքերից։ 

Ահա թե ինչու մեր գրողներից շատերը, որ այս կամ այն կուսակցության անդամ են, ստիպված էին դուրս գալ P․E․N․-ից, այդ թվում՝ Ռուբեն Հովսեփյանը, Ազատ Եղիազարյանը և այլոք։ Նոր կանոնադրության համաձայն՝ մինչև անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցնող գրողները չեն կարող P.E.N.-ի անդամ դառնալ։ 

Ինչ վերաբերում է P.E.N.-ի գործունեությանը, այնտեղ շատ ընդարձակ ծրագիր է իրականացվում։ Դա և գրական քաղաքակնություն է, և գրական մշակութային փոխմերձեցումը, նաև գրողի, գրչի մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանություն։ 

-10-ամյա Հայկական P.E.N.-ը ընդամենը վերջին մեկ-երկու տարում է կենդանության նշաններ ցույց տալիս։ Դուք դա ինչո՞վ եք բացատրում։

- Չէի ուզենա անձնավորել, սակայն իրականությանը նայենք ճշմարիտ հայացքով։ Գևորգ Էմինի օրոք P.E.N.-ի Հայկական կենտրոնում գրողների միության նույն վերնախավն էր ընդգրկված՝ Սիլվա Կապուտիկյան, Անահիտ Սահինյան, Հրանտ Մաթևոսյան, Մարո Մարգարյան, Համո Սահյան, Գևորգ Էմին, Էդվարդ Ջրբաշյան։ Ոչինչ չունեմ այս մարդկանց դեմ, սակայն ցուցակից իսկ երևում է, որ այս մարդիկ չէին կարող համախմբվել P.E.N.-ի խարտիայի (հռչակագրի) շուրջը։ Նրանք հանձնառու գրողներ էին։ Եվ հետո միայն գրողները չէ որ կարող են լինել P.E.N.-ի անդամ։ Այստեղ պետք է ներգրավվեն նաև լրագրողներ, թարգմանիչներ, հրատարկիչներ, պատմաբաններ, լեզվաբաններ և այլոք։ Ես առաջին 8 տարիների հարաբերական թմբիրը, կենտրոնի պասիվությունը դրանով եմ բացատրում։ 

Վերջին 2 տարում (1999-ից ես եմ ղեկավարում կենտրոնը) քիչ-քիչ, բայց շնչառություն է նկատվում, ինչ-որ շարժում կա։ Թեև այսօր էլ անդամներից շատերը խուսափուն են «ավելորդ» ակտիվությունից։ Մեկ օրինակ բերեմ։ Ամեն տարի միջազգային P.E.N.-ը համագումար է անցկացնում։ Անցյալ տարի Մոսկվայում փաստաթուղթ ստորագրեցինք ընդդեմ Չեչնիայի պատերազմի։ Հայկական P.E.N.-ից ոմանք ինձ մեղադրում էին նման «վտանգավոր», «հակակառավարական» քայլի համար։ Սակայն ես վախենալու բան չունեմ, քանի որ վերաբերմունքս ամբողջությամբ բխում է հռչակագրից, մենք պետք է հսկենք իշխանությունների վարքագիծը։

- Համագումարին ներկա են լինում տասնյակ երկրների գրողներ, նաև այնպիսի երկրների, որոնց միջև պետական լուրջ հակասություններ կան։ Ինչպիսի՞ն են այդ երկրների գրողների հարաբերությունները։ 

- Այսօր քաղաքականությունը ամեն տեղ է, ինքնաբերաբար, P.E.N.-ը նույնպես քաղաքականցվել է ինչ-որ չափով։ Սակայն նրա հիմնական առաքելությունը եղել և մնում է մշակույթի, գրականության, գրչի և գրի հետ առնվող անհատների իրավունքների պաշտպանությունը։

-Այսօր քանի անդամ ունի Հայկական P.E.N.-ը։

- P.E.N. կենտրոնի գոյության համար նվազագույնը 25 հոգի է պետք։ Անդամավճարը տարին 12 դոլար է, որը, սակայն որևէ մեկը չի մտահոգվում վճարել։ Երեք տարի շարունակ ինքս եմ վճարում։ Խենթություն է, իհարկե, սակայն դա կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում հավասարի իրավունքով կարող ես դիմել միջազգային P.E.N.:  Նիկոլ Փաշինյանի, Աշոտ Բլեյանի, Վահագն Ղուկասյանի գործերի առնչությամբ ես ավելի շոշափելի զգացի P․E․N․-ի ծանրակշռությունը։ 

Աշխարհում կան գրողների բազմաթիվ անքանակ ընկերակցություններ, սակայն միջազգային P.E.N.-ն է, որին հովանավորում է ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕՆ։ Սա, կարծում եմ ինչ-որ բան ասում է։ 

- Գրական մթնոլորտի ձևավորման առումով հայկական P.E.N.-ը ի՞նչ քայլեր է անում։

- Գրեթե ամեն տարի պոեզիայի, էսսեի, նովելի ժանրերում կազմակերպվում են մրցանակաբաշխություններ՝ համեստ դրամական մրցանակներով։ Յուրաքանչյուր մարտի 21-ին նշվում է Պոեզիայի օր։ Հավաքվում ենք, բանավիճում, կազմակերպում քննարկումներ։ Ես ուզում եմ, որ P․E․N․-ը աշխատի, այնպիսի մարդիկ հավաքվեն, ովքեր անելիք ունեն։ 

Թե չէ, օրինակ՝ Սիլվա Կապուտիկյանը ինքնաբացարկ հայտարարեց՝ ասելով, որ ինքը սովոր է մշտապես ուշադրության կենտրոնում լինել, իր բառերով ասած՝ սովոր է «գուրգուրանքի»։

- Եվ ինչ, շա՞տ են անելիք ունեցող գրողները․․․

- Մենք շատ հաճախ գնահատականներ տալիս անաչառ չենք։ Իրականությանը պարզ, մարդկային հայացքով նայենք․10 գեղարվեստական գործի մեջ երկու իրական արժեք չես գտնի։ Նաև հանդուրժողականությունն է բացակայում մեզանում։

Օրինակ՝ Վիոլետ Գրիգորյանի տպագրած գործը գուցե իմ ճաշակով չէ, բայց ես նրան ընդունում եմ այնքանով, որքանով նա այդպիսինն է և չի փորձում կեղծել իրեն։ Ես իրավունք չունեմ բացարձակ գնահատական տալ և առավել ևս իմ սուբյեկտիվ գնահատականով հասարակական կարծիք ստեղծել։ 

- Հայական P.E.N.-ի անդրանիկ ալմանախի նախաբանում այսպիսի միտք եք հայտնում․ «Երկլեզվյա հրատրակությունը նպատակ չունի հայ գրականությունը ներկայացնել աշխարհին․․․»։

Ինչու՞․․․ Մի՞թե հայ գրականությունը աշխարհին ներկայացնելու տանջող ցավը ձեզ չի պատում։

- Ավելի ճիշտ կլինի նախ ճշտենք՝ ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ ասել է ժամանակակից հայ գրականություն։ Եթե անգամ եղածի մեջ կարողանանք ընտրություն կատարել, թարգմանչների խնդիր կառաջանա։ 

Այսօր ով ասես թարգմանություն է անում, սակայն դա դեռ թարգմանություն չէ։ Ինչո՞ւ երկու տարի ձգձգվեց ալմանախի հրատարակությունը, երբ երկու-երեք ամսում գրքեր են տպագրում։ Իհարկե, միջոցները սուղ էին, բայց առաջին հերթին որակյալ թարգմանիչների պակասն էր պատճառը։ 

Երևի անհավանական կթվա, բայց հաճախ անձնական հոնորարներս եմ դնում իբրև մրցանակ։ Սա խենթություն չէ։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ գրական նիրհը կթոթափենք, կառույցը կսկսի գործել, և կփոխհատուցվեն դժվարությունները։