Մարդու հոգու մեջ է պետք կարողանալ մտնել, ոչ թե նրա ազգային պատկանալելության կաղապարի

Ըստ ձեզ Արցախյան առաջին պատերազմը, իր բավարար արտացոլումը գտել է՞մեր գրականության մեջ: Երիտասարդ սերունդը որքանո՞վ է տեղեկացված այդ պատերազմի և հաղթանակի մասին:

Գրվել են բավականին աշխատանքներ։ Բայց դրանք բոլորը ունեն հիմնականում հայրենասիրական համատեքստ, ինչը վատ չէ, բայց շատ է սահմանափակում պատերազմի գեղարվեստական նկարագրության շրջանակները։ 

Ձեր սերունդը տեսավ պատերազմ, հաղթանակ, կրկին պատերազմ, պարտություն: Այդ ամենն, ըստ Ձեզ, ի՞նչ արտացոլում կարող է գտնել  մեր գրականության մեջ, որպեսզի մեր ապրած  ժամանակների ամբողջական պատկերը ներկայացնի:

Լավ կլիներ գրականությունն ունենար քննադատական վերաբերմունք պատերազմին ու այդ քննադատության դիրքից խնդիրներ դներ մարդու արժեքի, քաղաքացիականության, համամարդկային արժեքների տեղայնացման ու աշխարհի հետ ավելի ներդաշնակ ինտեգրվելու հարցերի շուրջ։ Իմաստավորեր պետության ձեռքբերումը՝ ոչ թե հողի կամ ազգի բաղադրիչի վրա կառուցվող հայրենասիրության, այլ մարդու, նրա ստեղծարարության իրականացման մասին հոգ տանող պետություն կառուցելու տեսանկյունից։ Ի՞նչ են մեզ տվել պատերազմները զարգանալու, անվտանգ ու աշխարհի հետ ներդաշնակ ապրելու տեսանկյունից։ Սա այն գլխավոր հարցն է, որ պետք է քննադատականության դիրքից գրականությունը քննարկի ու նոր դիսկուրս ստեղծի։ Թե չէ բոլորը լռվել են 1960-ականներից եկող սովետական ազգայնականության ու հայրենասիրական դիսկուրսի մեջ ու անկեղծ ասած զզվեցրել են ու զահլա են տանում բավական չի, մի հատ էլ նպաստում են նոր սերնդի մեջ նախկինից եկող ու դեպի ազգայնական փակուղի տանող ստերեոտիպերի վերարտադրությանը։

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրողի:

Ես գրող չեմ, բայց կարող եմ ասել, որ շատերի մեջ հայդատականության անպտուղ դիսկուրսն առնվազն կասկածի տակ է դրվել ու ակտուալացել է զարգանալու ու զարգացման միջոցով բարեկեցիկ ու ապահով պետություն ստեղծելու գաղափարը։

Պատերազմն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ:

Լավ կլինի, որ բարձրացվի պատերազմի ու խաղաղության հարցը ու գրականությունը հնարավորինս հակազդի Սովետից եկող ու Ռուսաստանի գաղութատիրության համար պարարտ հող ստեղծող ազգայնական դիսկուրսին։

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Իրատեսական կդառնա, եթե գրականությունն իր դիրքից նույնպես այս հարցերը կարողանա ակտուալացնել։

Մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը հասարակական կազմակերպությունների, ժողովրդական դիվանագիտության մակարդակով եղել են հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք գործիչների միջեւ փոխայցեր, ճանաչողական հանդիպումներ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ,  այդ ամենը չհանգեցրեց այլատյացության մերժմանը:

Որովհետեւ երկու հասարակություններում էլ խաղաղությունից խոսող մարդկանց այդ խմբերը չունեն ու չեն գտել հասարակության լայն շրջանակների մեջ խաղաղության դիսկուրսը տարածելու ու ընդունելի դարձնելու թեմաներ ու այդ թեմաները գեղարվեստականացնելու գրական գրավիչ ու հանրայնորեն ընկալելի եղանակներ։

Տարիներ շարունակ  մենք  տեսել ենք, որ հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք մտավորականները, հասարակական   գործիչները  հանդիպել  են, մասնակցել  տարբեր   սեմինարների  թե՛ Երեւանում ու  Բաքվում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում, դրանց  համար  ծախսվել են   պատկառելի դրամաշնորհներ: Ինչո՞ւ  այդ  ամենը  չկարողացավ գլոբալ  իմաստով  ծառայել  իր  նպատակին՝ խաղաղության  եւ  հաշտության   հասնելուն, եւ տեղի ունեցավ Արցախյան երկրորդ  պատերազմը:

Նույն պատճառով ինչ որ նախորդ հարցի պատասխանում ասել եմ։ Դրան գումարած այն, որ գրականությունը չկարողացավ փոխճանաչողական խողովակներ ստեղծել։ Հայ գրականության մեջ քիչ են ադրբեջանցի մարդուն, իսկ ադրբեջանականում էլ հայ մարդուն մարդկային պարզ երջանկությունների համատեքստում նկարագրող պատմություններ։ Պարզ ասած, գրականությունը պետք է հակազդեր քաղաքական շրջանակների ազգայկանականության տարածման ու խորացման գործընթացին, բայց չի արել դա։

Տարիներ առաջ, 2002թ., երբ Հրանտ Մաթեւոսյանին հարցրել էին, որ եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղի, նա ասել էր. «Միայն հաղթանակ ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ...»: Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը: Ինչպե՞ս եք պատրաստվում այն արտացոլել գրականության մեջ:

Կարծում եմ պետք է գրականությունը վերաիմաստավորի պարտությունը ու դուրս բերի այն ազգայնական դիսկուրսից։ Գրականությունը պետք է նոր դիսկուրս ծնի, որը մարդկանց մեջ կձեւավորի զարգացման ու ապագան այդ եղանակով ապահով դարձնելու գաղափարներ։ Նաեւ լավ կլինի, որ գրականությունն ինքը դուրս գա ազգայինի նեղ սահմաններից ու խոսի աշխարհին հուզող մեծ գաղափարների մասին ու դրանց մեջ կարողանա տեղավորել Հայաստանն ու հայաստանում ապրող մարդուն։ 

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու  փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Որովհետեւ Թուրքիան ծայրահեղ ազգայնական պետություն է դարձել ու դա խորացվում է Էրդողանի կառավարության կողմից ամենօրյա ռեժիմով։

Իսկ  ինչպե՞ս է  հնարավոր  մեր գերիներին չվերադարձնող Ադրբեջանի հետ  բարիդրացիություն  հաստատել:

Դա անհնար է այս պահին։ Բարիդրացիությունը երկկողմանի գործընթաց է։ Պարտադիր չէ, որ գրականությունն արհեստականորեն սկսի բարիդրացիություն քարոզել։ Այն կարող է ակտուալացնել ու քննադատել դրան խանգարող երևույթները։ Այդ թվում նաեւ գերիների հարցը։

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ հանդես գալ ու հաջողել:  Նրա խոսքը կարո՞ղ է ընկալելի լինել:

Եթե լավ գրող է՝ կկարողանա։ Մարդու հոգու մեջ է պետք կարողանալ մտնել, ոչ թե նրա ազգային պատկանալելության կաղապարի։

Որպե՞ս մտավորական այսուհետ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր առաքելությունը ժողովուրդների միջեւ հաշտության եւ բարի դրացիության հասնելու հարցում:

Ես ինքս նման հատուկ առաքելություն չեմ ուզում վերցնել։ Հիմնականը, ինչ անում եմ, ազգայնական բարդույթներից դուրս խոսքի ու մտքի տարածումն է։ Մարդակենտրոն արժեքների մասին խոսելը ու դրան համարժեք վարվելակարգի տարածումը սեփական կյանքի ու խոսքի օրինակով։ Խնդիրը մեր հասարակությունը փոխելն է ու այն մարդակենտրոն ու իրավահավասար դարձնելը։ 

Գրողի խոսքը, գիրն այսօր ի՞նչ դեր կարող են խաղալ ժողովուրդների հաշտցեման մեջ, խաղաղարար նախաձեռնություններում:

Այսօր առանձնապես դեր չի խաղում, բայց եթե լավ գործեր գրվեն, հետպատերազմյան ցնցումի ֆոնին կարող են շատ լավ ընկալվել։ Այսօր հասարակությունը նոր գաղափարների ու իրավիճակից ելքերի մասին խոսքի կարիք ունի։ Բայց իրեն նման խոսք ասողները շատ քիչ են։