Հուսամ մի օր արդարությունը կվերականգնվի

Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք մտավորականները, հասարակական գործիչները հանդիպել են, մասնակցել տարբեր սեմինարների թե՛ Երեւանում ու Բաքվում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում, դրանց համար ծախսվել են պատկառելի դրամաշնորհներ: Ինչո՞ւ այդ ամենը չկարողացավ գլոբալ իմաստով ծառայել իր նպատակին՝ խաղաղության եւ հաշտության հասնելուն, եւ տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմը:

Խաղաղության ու հաշտեցման ձգտումը միակողմանի էր, ինչպես պարզվեց այն միակողմանի էր. մենք պատրաստվում էինք խաղաղության, նրանք՝ պատերազմի։ Ո՞վ պարտվեց, պարտվեց խաղաղության ձգտողը։ Ինքս էլ մասնակից եմ եղել նման հանդիպումների, ադրբեջանցիների հետ երկխոսել հնարավոր չի եղել երբեք, նրանցից մեկը պատերազմի օրերին ինձ գրեց՝ եթե ասես քո կոորդինատները, մենք քեզ նվեր կուղարկենք, մոտավորապես այսպես, գիտեր, որ Արցախից եմ։ Իմ ունեցած բազում թուրք ընկերներից մեկ-երկուսը գրեցին ինչ-որ բան, մնացածը խորը լռության կողմնակից էին։ Երբ մարդիկ ասում են, թե ժողովուրդն ինչ կապ ունի, քաղաքական գործիչներն են, կեղծ թեզ է, իսկ այդ նույն ժողովուրդը չէր, որ Պաղեստինի համար ցույցեր էր անում Ստամբուլում։ Ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին չեն դադարի ատել հային։ Ես դրան այլևս չեմ հավատում։ Վերջին շրջանում ընթերցում եմ եղեռնազոհ հայ գրողներին՝ ինչպես հավատացին Երիտթուրքերին, ինչպես օգնեցին նրանց գալ իշխանության, և ինչ ստորությամբ նրանց բոլորին ձերբակալեցին ու խողխողեցին։ Չէ։ Չեմ հավատում։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր մեր գերիներին չվերադարձնող Ադրբեջանի հետ բարիդրացիություն հաստատել:

Այո, ինչպե՞ս է հնարավոր մեր գերիներին չվերադարձնող, ավելին՝ գերիների մասին արհամարհանքով Թուրքիայի առաջին տիկնոջ հետ զրուցող առաջնորդ ունեցող Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Ինչպե՞ս։

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Ինֆորմացիոն բաց կա, չգիտեմ ինչ են խոսել էդ նախագահները, չգիտեմ ինչ են պայմանավորվել Թուրքիան ու Ռուսաստանը, այլ երկրներ։ Հուսամ մի օր արդարությունը կվերականգնվի։