Մեր առաջին անելիքը ինքներս մեզ խաղաղություն առաջարկելն է

Արցախյան առաջին պատերազմը, ըստ Ձեզ,  որքանո՞վ իր բազմակողմանի արտացոլումը գտավ հայ գրականության  մեջ:

Արցախյան առաջին պատերազմի արձագանքը գրականության մեջ տարօրինակ ֆենոմեն է։ Մենք երևի չգիտեինք, թե ինչպես է պետք խոսել հաղթանակի մասին, չգիտեինք՝ ուժեղի դիրքերից հանդես գալը որն է։ Առաջին պատերազմի մասին գրականություն, այո, ունենք, բայց դա, մեծ մասամբ, հաղթանակի գրականություն չէ, այլ պատերազմի բացասական երևույթների, գլուխ բարձրացրած տգեղ ու ցավոտ կողմերի, մարդու ողբերգության գրականություն է։ Ես հիմա եմ անդրադառնում, որ մեծացել եմ՝ մտածողությանս մեջ որպես ողնաշար չունենալով այդ հաղթանակի բացառիկության, մեծության գիտակցումը։ Խոսքը փաստերի, պատմական դեպքերի իմացությանը չի վերաբերում, այլ դրանք արյան մեջ զգալուն։ Ցեղասպանությունն ու թուրքը իմ ստացած կրթության, կարդացածս գրականության մեջ ավելի որոշիչ, առանցքային տեղում են եղել, քան Արցախը, հաղթանակը և ադրբեջանցին։ Ես, առանց երեսս թաքցնելու, իմ անունն եմ տալիս, բայց դուք ամբողջ սերունդ պատկերացրեք, ես որպես գրականության մարդ չեմ նայում ու վերլուծում, հասուն կյանքում արած սեփական վերաարժևորումների դիրքերից չեմ խոսում, այլ դպրոցական նստարանին  նստած ու հայ գրականություն սիրողի իմ աչքերով եմ հիմա նայում ու պատասխանում։ 

Մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը հասարակական կազմակերպությունների, ժողովրդական դիվանագիտության մակարդակով եղել են հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք գործիչների միջեւ փոխայցեր, ճանաչողական հանդիպումներ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ,  այդ ամենը չհանգեցրեց այլատյացության մերժմանը:

Դա ընդամենը կաթիլ էր օվկիանոսում։ Մի քանի հարյուր անհատների փոխըմբռնումը չի կարող տրամադրությունների փոփոխության, շոշափելի արդյունքների հանգեցնել։ Ես ինքս 3 տարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ծրագրերում եմ աշխատել։ Թուրքիայից տարբեր խմբեր եմ դիմավորել այստեղ, Հայաստանից պատվիրակություններ ճանապարհել, ինքս էլ աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում։ Պատերազմի ընթացքում իմ՝ ազգությամբ թուրք ֆեյսբուքյան ընկերներից արձագանք էի ակնկալում, մտածում էի՝ միասին հաց ենք կերել, ծիծաղել, գործ արել։ Մի մասն անտարբեր էին, եղան չարախնդացողներ, կային ծածուկ մտահոգվողներ, ովքեր վախենում էին ուղիղ տեքստով համակրանք ցուցաբերել, բայց համակրանքի նշաններ էին ցույց տալիս։ Ես համոզվեցի, որ ամեն դեպքում քիչ անհատներ են պատրաստ ինքնուրույն մտածել, զգալ կամ գործել։ Մեծամասնության հետ լինելն ավելի հեշտ է, ավելի ապահով։ Իսկ մեծամասնությունը այդ փոխայցերին ոչ միայն չի մասնակցել, այլև բոլորովին անտեղյակ է դրանցից։      

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ հանդես գալ ու հաջողել:  Նրա խոսքը կարո՞ղ է ընկալելի լինել:

Հանդես գալը դժվար եմ պատկերանում, հաջողելը՝ առավել ևս։ Բայց պիտի անի։ Պարզապես այստեղ երկրորդ «բայց» էլ կա։ Խաղաղություն կարող է առաջարկել ուժեղ, հաղթած կողմը։ Պարտվողի խաղաղությունը, որպես կանոն, հաշտվողականությունն ու խեղճությունն է։ Ես չեմ ուզում, որ այդ տեսակ խաղաղության նախաձեռնողներ լինենք։ Մեր խաղաղությունը պիտի լինի ուժեղանալու, կրթվելու մասին, պահանջատեր լինելու մասին, հավասարը հավասարին խոսելու մասին։ Այս պահին, կարծում եմ, մեր առաջին անելիքը ինքներս մեզ խաղաղություն առաջարկելն է, մտքով խաղաղվելու, բայց հոգու փոթորիկը չկորցնելու, որովհետև հոգով քնած երկար ենք եղել։