Պատերազմն ինձ համար տղամարդկանց աշխարհի հնագույն ողբերգությունն է

Տարիներ առաջ, 2002թ., երբ Հրանտ Մաթեւոսյանին հարցրել էին, որ եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղի, նա ասել էր. «Միայն հաղթանակ ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ...»: Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը: Ինչպե՞ս եք պատրաստվում այն արտացոլել գրականության մեջ:

Ուրեմն երեսուն տարի Ադրբեջանի ժողովուրդն այդ պառավին իր թիկունքին տարել է, իսկ մենք չտեսնելու ենք տվել ու թերագնահատել ենք: Մենք էլ պիտի տանենք այնքան ժամանակ մինչև պատվով կթոթափենք բեռը, այսպես եմ մտածում: Պատերազմն ինձ համար տղամարդկանց աշխարհի հնագույն ողբերգությունն է, այդ էլ գրում եմ հիմա:     

Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք եղել են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու փորձեր: Ինչո՞ւ Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան չեզոքություն չպահպանեց:

Կայսրություն լինելը ծխելու պես սովորություն է, թվում է՝ ուրբաթ օրը թարգել էիր, իսկ հիմա երկուշաբթի է ու դու նորից ծխում ես: Թուրքիան հիմա ուրիշ է, ու այս Թուրքիան թունավորում է և՛ իր ժողովրդի, և՛ ուրիշների կյանքը:    

Իսկ  ինչպե՞ս է  հնարավոր  մեր գերիներին չվերադարձնող Ադրբեջանի հետ բարիդրացիություն  հաստատել:

Հնարավոր չէ: