Անուշ Քոչարյան

Անուշ Քոչարյանը գրող, մշակութային լրագրող է, 2014թ-ից «Ինքնագիր» գրական հանդեսի հեղինակներից է, թղթակցում է «Հետք» էլեկտրոնային պարբերականին, որտեղ էլ վերջին տարիներին ներկայացել է էսսեներով, բանաստեղծական մի քանի շարքերով, քննադատական հոդվածներով եւ հարցազրույցներով։ 

Սովորելով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ կես տարի բնակվել է Թբիլիսիում, ապա որպես մշակութային լրագրող, ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով անցել է մշակութային փորձի փոխանակման ծրագիր Ամերիկայի հինգ նահանգներում։ Այնուհետեւ 2 տարի (2012-2014թթ․) դասավանդել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ «Ինֆորմացիա եւ լսարան» առարկայի շրջանակներում։ Հանդիսացել մի շարք մշակութային նախագծերի հեղինակ, համահեղինակ եւ պրոդյուսեր։

2012թ-ին հանրությանն է ներկայացրել «Ֆաուստուտոպիա» պիեսի հանրային քննարկումը, նույն թվականին թարգմանվել է անգլերեն (թարգմ․՝ Անիգ Կլեկչյան, Կալիֆորնիա), որից հետո 2013թ․-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության «Լևոն Շանթ» թատերգության մրցույթի շրջանակներում պիեսն ընդգրկվել է «Ժամանակակից հայ դրամատուրգիա» անթոլոգիայի մեջ, իսկ 2014թ-ին արժանացել «Եվրոդրամ» թատերգության թարգմանչական միջազգային ցանցի մրցանակին՝ որպես Հայաստանից ներկայացված լավագույն պիես՝ կիսելով նույն մրցանակը Հովհաննես Թեքգյոզյանի հետ։