Զավեն Բոյաջյան

Կինոգետ, գրական թարգմանիչ, խմբագիր: Թարգմանում է անգլերենից, իտալերենից, ֆրանսերենից, ռուսերենից, լեհերենից, սերբերենից, բուլղարերենից, չեխերենից: Կինոքննադատների միջազգային դաշնության՝ FIPRESCI-ի անդամ է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գրական-գեղարվեստական քննադատություն մասնագիտացմամբ: 1993-2011 թթ. Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «8 ½» հեղինակային ծրագրով ներկայացրել է համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: Կինոխորագրեր է վարել մի շարք թերթերում, 2001-2006 թթ. պատրաստել  «Ազգ» թերթի «Կինո» էջը:  2005-2013 թթ. եղել է Հ1-ի կինոյի և կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիրը, 2008-ին՝ «CinemArt» հանդեսի գլխավոր խմբագիրը: 2014-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ամենամյա կատալոգի խմբագիրն է:  «Ազնավուրը կինոյում» (Երևան, 1993), «Ֆրանսուա Տրյուֆո (Երևան, 1994) գրքերի համահեղինակն է, «Հայկական կինո. 1924-2008» կատալոգի հայերեն և անգլերեն հրատարակությունների (Երևան, 2009) խմբագիրը, «Ատոմ Էգոյան» ժողովածուի (հայ., Երևան, 2010, ռում., Բուխարեստ, 2014) կազմողը, համահեղինակն ու խմբագիրը: 2002-2014 թթ. կինոլեկտորիումներ է անցկացրել ՆՓԱԿ-ում: Հայերեն է թարգմանել բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև Ուիլյամ Սարոյանի, Ջոն Օսբորնի, Էդուարդ Օլբիի, Հարոլդ Փինթերի, Հենրի Միլերի, Ումբերտո Էկոյի, Վլադիմիր Նաբոկովի, Ռեյ Բրեդբըրիի, Ֆիլիպ Ռոթի, Միլոռադ Պավիչի, Անթընի Բըրջեսի, Քեն Քիզիի, Օլգա Տոկարչուկի, Թենեսի Ուիլյամսի և այլոց գրական գործերից: Խմբագրել է մեծաթիվ ֆիլմեր և գրքեր: 2015-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի թարգմանության, ինչպես նաև թարգմանության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: