ԵՄ գրական մրցանակի երևանյան ամփոփիչ երեկոն

Հոկտեմբերի 11-ին Արթբրիջ գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ ԵՄ Գրական մրցանակի ընթացիկ տարվա երևանյան ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված Հայաստանը ներկայացնող «Սիրիավեպ» գրքին։ 

Միջոցառումը վարեց Փեն Հայաստանի նախագահ Արմեն Օհանյանը, որը սկզբում ներկայացրեց ԵՄ Գրական մրցանակի ընթացակարգը, ինչպես նաև Հայաստանի մասնակցության պատմությունը։ Այնուհետև առաջադրված գրքի հրատարակչության` «Գրանիշ»-ի ղեկավար, գրականագետ Հասմիկ Հակոբյանը խոսեց գրքի մասին՝ անդրադառնալով ժանրային, ոճական, լեզվական, սյուժետային առանձնահատկություններին։ 

Ներկաներեն ունկնդրեցին գրքից հատվածներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով՝ հեղինակ Լուսինե Խառատյանի և թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանի ընթերցանությամբ  և մեկնաբանությամբ։ Գրող Վահրամ Մարտիրոսյանը կիսվեց գրքի մասին իր ընթերցողական տպավորություններով, ինչին հաջորդեց հյուրասիրություն-ընդունելությունը, որի ժամանակ ներկաներն ազատ շփման ձևաչափով շարունակեցին քննարկումը։ Ընթերցասերներին բաժանվեցին այս տարվա ԵՄ մրցանակի ժողովածուի անվճար օրինակներ։

Երեկոյին ներկա էին ԵՄ հայաստանյան ներկայացուցչության քաղհասարակության հետ համագործակցության պատասխանատու Բրունո Մոնթարիոլը, Ստեղծարար Եվրոպա ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ԿԳՄՍՆ Երիտասարդության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և տնօրենի խորհդատու Ներսես Հայրապետյանը, ծրագրի գործընկեր, ԱՐԻ գործակալության տնօրեն Արևիկ Աշխարոյանը, հրատարակիչներ, գրողներ, ընթերցասերներ։ 

Հիշեցնենք, որ Փեն կենտրոնը հանդիսանում է ԵՄ Գրական մրցանակի պաշտոնական գործընկեր։

Ուրախ ենք, որ Հայաստանի համար այս դժվար ժամանակահատվածում գրքի և եվրոպական արժեքների շուրջ խոսակցությունը շարունակում է համախմբել մարդկանց։