Պոլինա Սադովսկայայի Ֆանտաստիկ Դուքյանը

ՔաղԳիրՓԵՆ-ի շրջանակներում հունիսի 10-ին առավոտյան Երևանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Միրզոյան գրադարանում կայացավ «Պոլինա Սադովսկայայի ֆանտաստիկ դուքյան» նախաձեռնությունը։ 

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ դասախոսություն-քննարկումից և մեր գործընկեր «Մարաշլեան» ֆոտոատելիեում կազմակերպված լուսանկարահանումներից (լուսանկարները կհրապարակվեն առաջիկայում «Այրով բանաստեղծ»-ի առցանց արշավի շրջանակներում)։ 

Գրադարանի սրահում ներածական դասախոսությամբ հանդես եկան արվեստագետ Արման Գրիգորյանը և գրականագետ Սիրանույշ Դվոյանը, որոնք ներկայացրեցին 20-րդ դարասկզբի տեղի գրական, արվեստային միջավայրի համար բեկումնային վիճակը՝ կապելով մեր օրերի հետ։ Թարգմանությունը հայերենից վրացերեն և հակառակ ուղղությամբ ապահովեց Ասյա Դարբինյանը։

Խոսակցության առանցքում Կարա Դարվիշն էր, որ դեռևս 1914-ին հեղինակել է «Ինչ է ֆուտուրիզմը» մանիֆեստ․ ըստ բանախոսի հետահայաց գնահատման՝ «ֆուտուրիզմ առանց ֆաշիզմի»։ Արման Գրիգորյանը համառոտ ներկայացրեց 1914-1921 թթ․ Թբիլիսիում տիրող գրական և արվեստային աննախադեպ մթնոլորտը՝ հատկապես արտահայտման ազատության առումով կարևորելով խորհրդայնացմանը նախորդած անկախ հանրապետության տարիների ավանգարդիստական շարժումները, որոնց անքակտելի մասն էին 1917-ին կազմավորված «41°» կոչվող ֆուտուրիստական խմբակը և «ֆանտաստիկ դուքյան» հավաքատեղին։ Նրա խոսքերով․ «Չնայած ճիշտ այսօրվա պես պատերազմի բովում նոր աշխարհ էր ծնվում, բայց պատերազմը մերժող մտավորականների, արվեստագետների համար Թբիլիսին դարձել էր խաղաղ հանգրվան, որտեղ դեռևս կարելի էր ազատ  երազել լուսավոր ապագայի մասին»։ Սիրանույշ Դվոյանն իր խոսքում կենտրոնացավ հաջորդող շրջանին՝ հատկապես 20-ականների սկզբից մինչև բռնաճնշումների գագաթնակետ դարձած  1937 թ․, երբ, ըստ էության, երազանքների վերջը տրվեց, այդ թվում նաև Ֆանտասիկ դուքյանչիների մեծ մասը գնդակահարվեց, ոմանք ինքնասպան եղան, իսկ ոմանք էլ ստիպված էին հրաժարվել իրենց հայացքներից։ Ծագումով հայ, բայց իրեն անարխիստ ու կոսմոպոլիտ հչռակած Կարա Դարվիշը մահացավ միայնության և ծայրահեղ աղքատության մեջ, ապա տասնամյակներով մոռացության մատնվեց (թաղված է Թբիլիսիում)։

Միայն Վերակառուցման խոստացած բացախոսության (Պերեստրոյկա, Գլասնոստ) շրջանում հայաստանցի արվեստագետներն ու մտավորականները վերաիմաստավորեցին 20-ականների տեղական ավանգարդն ու հայկական ֆուտուրիզմը՝ կրկին հիշելով Կարա Դարվիշին՝ ըստ որի հերոսը ոչ թե ձիուն հեծած քաղաք մտնող զորքի զինյալ առաջնորդն է, այլ մորեմերկ փողոց ելնողը։ Արման Գրիգորյանը ներկայացրեց նաև մերօրյա Հայաստանի արվեստում Կարա Դարվիշից եկող ազդեցությունները, նրան հղվող և նրանից ոգեշնչված արվեստի մի շարք գործեր, այդ թվում իր «Մենք մերկ ենք» կտավը, որտեղ Սևանի գրողների տան երևակայական լողավազանում պատկերել է մերկ գրողների և գրական միջավայրի մարդկանց, Տիգրան Խաչատրյանի «Գարաժ» վիդեո ինստալյացիաների շարքը, որտեղ վերջինս գործածել է նաև Կարա Դարվիշի տեքստերը, ինչպես նաև ներկաներին նվիրեց իր «Սինդիկատ» աշխատանքի մաս կազմող, Կարա Դարվիշին պատկերող բացիկներ։ 

Ներկայացվեցին Սոֆիա Մելնիկովային նիրված եռալեզու հազվագյուտ հանդեսում տեղ գտած Կարա Դարվիշի գործերը։ Այն լույս է տեսել խիստ սահմանափակ տպաքանակով, և մեր ոգեշնչման աղբյուրներից է՝ «Այրվող բանաստեղծ»-ը եռալեզու ձևաչափով իրականացնելու առումով, ինչպես նաև խթան է հանդիսացել «Պոլինա Սադովսկայայի ֆանտաստիկ դուքյանը» շարժական դարձնելու համար (Թբիլիսիում, Գրականության ինստիտուտի ետնաբակում ներկայումս գործում է «Սոֆիա Մելնիկովայի ֆանտաստիկ դուքյան» անունով սրճարան)։ 

Հավելենք, որ վրաց ժամանակակից գրականությունը միջազգայնացվել է հղվելով «դուքյանին»՝ որպես «Վրաստանի ֆանտաստիկ պանդոկ», սակայն առցանց փառատոնն այլալեզու, մասնավորապես հայագիր հեղինակներ չի ներառել։ Ինչ վերաբերվում է բռնաճնշումներին, ապա Թբիլիսիի գրողների տանը գործում է մշտական ցուցադրություն, որտեղ թվարկված են նաև շուրջ երկու տասնյակ ստալինիզմի զոհ թիֆլիսահայերի անուններ, որոնց մեծ մասը անծանոթ է երկու երկրների նոր սերնդին և լայն հանրությանն ընդհանրապես։ 

«Պոլինա Սադովսկայայի ֆանտաստիկ դուքյան» նախաձեռնությունը նպատակ ունի անցյալի թե՛ համատեղ ցնծության, ասել է թե՝ բացառիկ առաջադիմական, լուսավոր պահերի և թե՛ չհաղթահարված ընդհանրական ցավերի ու տրավմաների վերաիմաստավորմամբ նոր խոսակցություն բացել միասնական, լուսավոր ապագայի մասին, որտեղ հնարավոր կլինի հիմնել ու գործարկել նորանոր բազմալեզու «ֆանտաստիկ դուքյաններ»՝ և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում, և թե՛ այլուր, կայացնել միասին երազելու տարածքներ, ուր կխոհածվի տարածաշրջանի համագործակցային, ազատ, խաղաղ, ժողովրդավար և երջանիկ ապագան։