ԵՄ Գրական Մրցանակի տոնական երեկոն

ՔաղԳիրՓԵՆ-ի երևանյան օրերի շրջանակում հունիսի 10-ի երեկոյան Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հյուրընկալությամբ գրական երեկո և ընդունելություն, որի հատուկ հյուրերն էին ԵՄ Գրական Մրցանակի հաղթողները՝ Հայաստանից Արամ Պաչյանը  և Վրաստանից Իվա Փեզուաշվիլին։ 

Միջոցառումը վարում էր համակազմակեպիչներից ՓԵՆ Հայաստանի նախագահ Արմեն Օհանյանը, որը նաև 2021-ին Եվրոպական Գրական Մրցականի ազգային ժյուրիի նախագահն էր։ 

Իր ողջույնի խոսքը դեսպան Վիկտորինը մեկնարկեց անձնական ջերմ վերաբերմունքի հավաստիացումով․ «Ինձ ճանաչողները բոլորը գիտեն, որ գրականության ուսուցիչ եմ, ուրեմն ինչպե՞ս կարող եմ չսատարել գրականությանը»։  Այնուհետև կարևորեց իրադարձությունը՝ մասնավորապես նշելով․ «Այս դժվարին ժամանակներում պետք է մեզ դրական զգացումներ պարգևող, միտք սնուցող, տարբեր մշակույթներ ի մի բերող ու մեզ հարստացնող բաներ գտնենք։ Ինքս շատ եմ խթանում տարածաշրջանային համագործակցությունը։ Երբ խաղաղությունն այսքան հեռու է թվում, անհրաժեշտ է գտնել տարբեր միավորներ, որ մեզ թույլ կտան տարբեր ոլորտներում միասին աշխատել»։ 

Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը նույնպես ողջունեց ներկաներին՝ շնորհավորելով հարևան Վրաստանին նշանակալի հաղթանակի առիթով։ Ներկայացրեց Ստեղծագործ Եվրոպայի ընթացքը Հայաստանում, կիսվեց նախորդ տարի ԵՄ Գրական մրցանակին Հայաստանի անդրանիկ մասնակցության դրական հիշողություններով։ Գրասենյակի կողմից բոլոր ներկաները նվեր ստացան 2021-ի հաղթող գործերի «Եվրոպական պատմություններ» ժողովածուն։ 

Ողջույնի կարճ ելույթներին հաջորդեցին հաղթող վեպերից հատվածների ընթերցումները՝ «Այրվող բանաստեղծ»-ի եռալեզու մոտեցմանը մոտ ձևաչափով, բայց այս անգամ արձակագիրների մասնակցությամբ։ Արամ Պաչյանն ընթերցեց «P/F»-ի վերջին՝ Գետառին նվիրված ազդեցիկ ֆրագմենտը, որից հետո ՓԵՆ Ամերիկայի Եվրասիական բաժնի ղեկավար Պոլինա Սադովսկայան ընթերցեց նույն հատվածի անգլերենը (թարգմանությունը Նազարեթ Սեֆերյանի)։ 

Իվա Փեզուաշվիլին ընթերցեց «Բունկեր»-ից մի խոսուն հատված, որի հայերեն թարգմանությունը կարդաց Արմեն Օհանյանը (հատվածը թարգմանվել է սույն ծրագրի շրջանակներում, հրապարակվել հեղինակին առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացնող նյութի հետ մեկտեղ մեր գործընկեր «Գրանիշ» կայքում, թարգմանիչ՝ Ասյա Դարբինյան)։  

Ներկաների վրա մեծ տպավորություն գործած ընթերցումներին հաջորդեց իրական արվեստային տոնի վերածված ընդունելությունը։ Երեկոն երիցս խորհրդանշական էր․ նախևառաջ, Եվրամիության զորակցությամբ, ԵՄ Գրական մրցանակի առիթով կրկին, մեկ տարի անց Արթբրիջում էինք՝ ազգային ժյուրիի Եվրոպական գրավաճառների ասոցիացիայի կողմից առաջադրված անդամ Շաքե Հավանի հյուրընկալ միջավայրում, որտեղ անց են կացվել նախորդ տարվա բոլոր առնչակից ժողովներն ու միջոցառումները։ Ինչ-որ առումով վերամիավորման երեկույթ էր նաև գրողների համար, քանի որ  Արամ Պաչյանը և Իվա Փեզուաշվիլին ծանոթացել են 2018-ին Այովայի միջազգային գրական ծրագրին մասնակցելիս, որտեղ գործում է ԱՄՆ-ի ամենահին ու հեղինակավոր միջազգային գրողական կացատունը։ Կացատանը հյուրընկալվել է նաև Արմեն Օհանյանը 2015-ին։ Այովայի միջազգային ծրագիրը ՓԵՆ Հայաստանի և  «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հավատարիմ ու մշտական գործընկերներից է, որի հետ կապերի հաստատման և շարունակական բնույթի համար մեծապես պարտական ենք Արևիկ Աշխարոյանին։ Ի վերջո, պատերազմի, ճգնաժամի ու բազմաթիվ դառնությունների ֆոնին, թերևս առաջին անգամ էր գրական միջազգային փառատոնի ոգևորություն տիրում Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի վրա, ինչը դրական լիցքեր ու հույս էր հաղորդում անգամ պատահական անցորդներին։ 

Հավելենք, որ տարածաշրջանային քաղաքականությունը հանդիսանում է ՓԵՆ Հայաստանի չորս գերակա ուղղություններից մեկը (տես՝  Տարեկան ժողով 2022)։ Հարկ է նշել, որ սույն ծրագրի հիմնական ֆինանսավորող ԵՄ-ն ոչ միայն մեր աջակիցն ու բնական, արժեհամակարգային դաշնակիցն է, այլև մշակութային ինտեգրացիայի և մարդու իրավունքների իրացման առումով կարող է օրինակ ծառայել ողջ տարածաշրջանի՝ այդ թվում ռազմաքաղական առումով դեռևս տարբեր կողմեր նայող Հայաստանի և Վրատանի համար։