ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԱՐԴԸ․ Բյոլյան զրույց «Գիրք ընդ Քո»-ում

Հունիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ «Տղամարդու դարդը․ հայաստանյան և վրաստանյան հասարակությունների հիմնական պատումները․ հայացք գրականության միջոցով» խորագրով Բյոլյան զրույցը: Հանդիպումը կազմակերպել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը՝ «Փեն» Հայաստանի, «Փեն» Վրաստանի և «Փեն» Ամերիկայի  հետ համատեղ։

Քննարկման բանախոսները՝ գրող, թարգմանիչ, դրամատուրգ Դավիթ Գաբունիան, թարգմանիչ և արձակագիր Արմեն Հայաստանցին, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիյա Հովհաննիսյանը, և մասնակիցները՝ գրողներ Հայաստանից, Վրաստանից և ԱՄՆ-ից, անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև առկա մշակութային կապերին՝ փորձելով հասկանալ, թե որոնք են այս երկու հասարակությունների գլխավոր պատումները, ինչպե՞ս են դրանք ազդում գրականության վրա, ինչպե՞ս է երկու հանրույթներում մասկուլինության թեման դառնում գերակա հանրային դիսկուրս: Նույնքան հետաքրքիր էր փորձը՝ հասկանալու, թե տղամարդու ինչ կերպարներ կան հայ և վրացական արդի գրական պատումներում, ի՞նչ խնդիրներ են դրված նրանց առաջ, ո՞րն է նրանց լավագույնս բնորոշող գիծը, արդյո՞ք նրանք նման են միմյանց։

Հանդիպումը տեղի ունեցավ երևանի գողտրիկ անկյուններից մեկում՝ «Գիրք ընդ Քո» գրախանութ-սրճարանում, որտեղ նախորդ տարվա ապրիլին, ետպատերազմական ծանր շրջանում անց էր կացվել Հայնրիխ Բյոլի «Մարդկայինի էսթետիկա» քաղաքական էսսեների գրքի շնորհանդեսը և քննարկում, որը վարում էր ՓԵՆ նախագահ Արմեն Օհանյանը, իսկ բանախոսները ՓԵՆ անդամներ Մարինե Պետրոսյանը և Սարգիս Հովսեփյանն էին, որոնք բոլորն էլ ներկա էին այս անգամվա զրույցին, և ինչ-որ առումով մեկ տարի անց գրողի պատասխանատվության և քաղաքական տեքստի շուրջ խոսակցությունը շարունակելու պատեհ առիթ ունեցան։ Ուրախալի է, որ Բյոլի հետ ՓԵՆ Հայաստանի համագարծակցությունը տարբեր ձևաչափերով շարունակակ բնույթ է կրում, և ներհայստանյան խոսույթից տեղափոխվում ավելի լայն՝ տարածաշրջանային և միջազգային հարթություն։ 

Հարկ է նշել նաև, որ օրվա բանախոսներ Դավիթ Գաբունիան և Արմեն Օհանյանը որպես խմբագիրներ՝ համապատասխանաբար վրացերենի և հայերենի, ներգրավված են Հիմնադրամի «Արականությունը Հարավային Կովկասում» ընթացիկ ծրագրի շրջանակներում։

Շնորհակալություն ենք հայտնում Հիմնադրամի մեր գործընկերներին ցուցաբերած հոգատարության, օրինակելի գործընկերության, ինչպես նաև երկու հասարակությունների համար դեռևս տաբուավորված հարցերը հետևողականորեն խնդրականացնելու և ազատ արտահայտման տարածք ապահովելու համար։