Գրամոքում

Հայաստանի ՓԵՆ-ի «Գրամոքում» նախագիծն իրագործվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Գրամոքումը՝ ի նպաստ հետպատերազմյան տրավմայի հաղթահարման (կարճ՝ ԳՐԱՄՈՔՈՒՄ) ծրագրի շրջանակներում Հայաստանի Փեն կենտրոնը բիբլիոթերապիա (bibliotherapy)–ի և գրաթերապիա (writing therapy)–ի տեսական հիմքերը և գործնական կիրառումն ուսումնասիրելու նպատակով ներգրավել է հոգեբանների, մարդաբանների, սոցիոլոգների, սոցիալական աշխատողների և այլ հարակից գիտակարգերի մասնագետների, որպեսզի գրական միջավայրի մարդկանց հետ համատեղ գտնվեն հետազոտահեն լուծումներ տվյալ ամոքման թերապիաները Հայաստանում կիրառելու համար։

Քովիդ 19-ի համավարակի և առավելապես 44-օրյա պատերազմի ու վերջինիս հետևանքների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակ: Ճգնաժամի խորացմանն ու բարդացմանը նպաստում են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել համավարակի և պատերազմի պատճառած մարդկային կորուստները, անվտանգային խնդիրներով պայմանավորված՝ ապագայի և ներկայի հանդեպ անվստահությունը, քաղաքական և հանրային դաշտում, սոցիալական ցանցերում տարածվող ատելության խոսքը:  Մինչդեռ այս ամենը նպաստում է հետպատերազմյան տրավմայի խորացմանը, որի հաղթահարմանն ուղղված համապարփակ և ուղղորդված պետական քաղաքականություն Հայաստանում չի իրականացվում։ Անվտանգությունը հռչակված է թիվ մեկ խնդիր, իսկ ամոքման քաղաքականության մասին գրեթե խոսք չկա, եթե հաշվի չառնենք մի շարք նախարարությունների և կազմակերպությունների կողմից իրականացվող օգնության թիրախային ծրագրերը, որոնց շահառուները պատերազմից անմիջականորեն տուժածները և նրանց ընտանիքներն են։ Հետպատերազմյան քաղաքական ցնցումները թույլ չտվեցին, որ հանրությունը հանդարտ անցնի վշտից դեպի համակերպում ընկած հոգեբանական փուլերով, խաղաղվի և ներքին համերաշխությունը վերագտած առերեսվի ներքին և տարածաշրջանային նոր իրողություններին։ 

Վերոնշյալ մեծ և բազաշերտ հիմնախնդիրը հիմնավոր, մտածված լուծումներ է պահանջում, որոնցից մեկը կարող է լինել արվեստի՝ մասնավորապես գրի և գրականության ներուժի օգտագործումը հանրային տրավմայի մասնակի հաղթահարման և մեղմացման գործում։ «Գրամոքումը» Հայաստանի «Փեն» կենտրոնի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի գրի և գրականության ներուժը ծառայեցնել հետպատերազմյան տրավմայի հաղթհարմանը: Ծրագրի շրջանակներում մասնավորապես նախատեսվում է հետազոտությունների միջոցով ծանոթանալ գրամոքման միջազգային փորձին և վերջինիս գիտական/մասնագիտական հիմնավորմանը