Խաղաղությունն իրատեսական է այնքանով, որքանով մարդասիրությունը ի զորու կլինի հաղթել բարբարոսությանը

Արցախյան առաջին պատերազմը, ըստ Ձեզ,  որքանո՞վ  իր բազմակողմանի արտացոլումը գտավ հայ գրականության  մեջ:

Գրականությունը ուղղակիորեն – հորիզոնական կամ  խորքային – ուղղահայաց արտացոլում է կյանքը: Այդպես է Արցախյան առաջին պատերազմն  արտահայտված հայ գրականության մեջ:  Լավագույնը Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքն է: Նա մասնակից էր պատերազմին  ու ներկայացրել  է իր գրով  թե՛ հաղթության ոգեղենությունը, թե՛ պատերազմի սարսուռը: Նրա «Հողի դողը» պատմվածքը  դրա ամենալավ արտահայտությունն է: 

Ձեր սերունդը տեսավ պատերազմ, հաղթանակ, կրկին պատերազմ, պարտություն: Այդ ամենն, ըստ Ձեզ, ի՞նչ արտացոլում կարող է գտնել  մեր գրականության մեջ, որպեսզի մեր ապրած  ժամանակների ամբողջական պատկերը ներկայացնի:

Քանզի Արցախյան առաջին պատերազմը, որքան էլ դժվար, հաղթությամբ ավարտվեց, հերոսական էր: Բայց հաղթական շունչը  կյանքը  չսնեց, այլ փոշիացավ մինչև պարտություն: Պատերազմն ինքնին բարության պարտություն է, բայց որպեսզի բարին չպարտվի չարին, ամուր սահմանագծեր պիտի լինեն. ինչպես՝ լույսի ու խավարի, սպիտակի ու սևի և կամ ծիածանի գույների: Կցանկանայի պատերազմի, հաղթանակի ու պարտության ճշմարտությունը արտացոլվեր գրքերում: Հայաստանն, ուր սահմաններն ավելի շատ են, քան երկիրը, ամեն ինչ, թե՛ պատերազմ, թե՛ խաղաղություն, թե՛  հաղթանակ, թե՛ պարտություն  արագ է արտացոլվում:  Բայց գիրը դեռ պիտի խտանա, որ կարողանա մեր ապրած ժամանակների ամբողջական պատկերը ներկայացնել:

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

Արճիճի պես ծանր, ուղեղի անվերջանալի մորմոք…

Եթե երկրագնդի վրա ինչ-որ տեղ պատերազմի օջախ է առաջանում, պատերազմին հակված ուժերը այնտեղ են կենտրոնանում: Ուժեղ երկիր է պետք լինել՝ ամուր սահմաններով, երկրի շուրջ պատերազմ թույլ չտալու համար, հատկապես եթե մեզ շրջապատում են մեր ինքնությունը ոչնչացնել փորձող ուժեր: Հավանաբար երկրի սահմանին պատերազմը արտացոլում է երկրի ներսի հակասությունները: Այս պատերազմը ցույց տվեց այն ամենը,  ինչ կատարվել է դարեր շարունակ և բացահայտեց այն սխալները, որոնց պատճառով Մեծ Հայքից մնացել է այս փոքր Հայաստանը: Եթե հայը իր երկրի զորավոր  տերը չէ, օտարները այն դաժանաբար մասնահատում են միմյանց միջև: Կարևոր է ուժեղ  և խաղաղասեր երկրների հետ համագործակցելը: Այլապես պարտության պատճառներ ենք փնտրելու և մեղավոր երկրներ ու հանգամանքներ:  

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

ՓԵՆ-ի պես աշխարհի տարբեր երկրներում ներկայացված կառույցն է, որ ազգերի միջև ճշմարիտ փոխըմբռնմանն ու հարգանքին կարող է նպաստել: Բայց դա չի նշանակում, որ տարբեր լեզուներով ստեղծագործող գրողները պետք է անտարբեր ըմբռնեն Շուշիի Սբ. Ամենափրկիչի գրավումը կամ Ստամբուլի Սբ. Սոֆյայի տաճարի մզկիթացումը,  ընդհակառակը, պիտի ավերակմանն ընդդիմանան: Խաղաղությունն իրատեսական է այնքանով, որքանով  մարդասիրությունը ի զորու կլինի հաղթել  բարբարոսությանը: Աշխարհում խաղաղություն պարտադրելու համար ավելի մեծ ուժ է պետք, քան՝ պատերազմում հաղթելու: Հայ զինվորը, որ իր մի շիշ  ջրով  նորատունկ շիվ է ջրում  ամայության մեջ,  կանգնած է զորքի կամ անօդաչու թռչող սարքի առջև, որ ֆոսֆորային ռումբով անտառն է ոչնչացնում: Այդքան է խաղաղության ու պատերազմի իրատեսությունը:

Գրողի խոսքը, գիրն այսօր ի՞նչ դեր կարող են խաղալ ժողովուրդների հաշտցեման մեջ,  խաղաղարար նախաձեռնություններում: 

Գրողի խոսքը միշտ պետք է խաղաղարար լինի: Եթե  բոլոր  լեզուներով ստեղծագործող  գրողների գիրն ու խոսքը  այնքան խաղաղ լինեն, որ նրանցով  ծնված ու սնված  ազգերը խաղաղությամբ ապրեն, պատերազմներ չեն լինի: Երկրագնդի վրա ամեն օր մարդիկ սպանում են մարդկանց ու միշտ պատերազմներ կան: Բայց, ամենուամենայնիվ, եթե ցանկացած զինվոր պատերազմի ժամանակ կարող է սպանել իր առջև կանգնած այլազգի երեխային, աղջկան, գրողը պետք է կանգնի  զինվորի ու կրակոցի արանքում և թույլ  չտա կրակել: