Հա՜ փախչում ենք արտացոլումից՝ էդպես ազգովի

Արցախյան առաջին պատերազմը, ըստ Ձեզ,  որքանո՞վ իր բազմակողմանի արտացոլումը գտավ հայ գրականության  մեջ:

Արցախյան առաջին պատերազմը չի կարելի ասել՝ մեծ տեղ գրավեց այդ թվականների հայ գրականության մեջ, բայց և հակառակը պնդել (թե բացարձակ չհիշատակվեց ու չվերապատմվեց, իր տեղը չգտավ), ևս չի կարելի։ Կցկտուր, փոքր, շոշափելի՝ բայց թավշե մակերևույթի պես․ հենց էդպես տեղ գտավ։ Ընդհուպ արդարացված էր, առավել քան արդարացված․ մեծ գրականության, մեծ արվեստի արձագանքը չի կարող այդքան հախուռն ու արագ լինել, ասենք՝ մանկական ռեֆլեքսի պես։ Մարսելու ժամանակ էր տրված, մարսվեց բայց և կորսվեց հընթացս։ Որոշ պատմվածքներ, որոշ վիպակներ մնացին, հա, բայց թող ներեն ինձ սիրելիները, դա մեր գրականության համար էդպես առանձնացված ու ինքնաբավ շրջան ոչ էլ դարձավ (երևի պետք էլ չէր)։ Արդարացված դադարը, որ պայմանավորված էր նորանկախ Հայաստանի, հետպատերազմյան դժվարությունների, ի վերջո՝ հսկա ու անհոդաբաշխ մարմնից (Խորհրդային միություն) մի մաս պոկված, փլատակված ենթակառուցվածքներով գոյատևել փորձող ժողովրդի համար կարևորի, բայց և ոչ կենսականի բացակայությունն էր, որ խանգարեց։ Մեր դոփյունը, դարերի մեջ հա դոփյունը, որ վերջապես մշակույթում 1960-70-ականներին հաղթահարվում էր, նորից երկարեց, երկարեց ու բարակեց՝ ծամոնի պես։ 

Իսկ արտացոլումը․․․ հա՜ փախչում ենք արտացոլումից՝ էդպես ազգովի։ 

Պատերազմն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ:

Շուտ է, չափազանց շուտ է դրա մասին խորհելու։ Հա, պատմություններ քամվեցին որոշ պատմվածքներում (ասենք՝ Սարգիս Հովսեփյանի «Տափակ քարը», Կարեն Ավետիսյանի նոթերը՝ պատառ-պատառ պատկերներով), բայց կարևորը դեռ առջևում է։ Էս անգամ կմարսվի, բայց չի կորսվի, ինչպես առաջին պատերազմի պարագայում եղավ։ Ցավը, խորը ցավը, ոռնալուց մինչև աչք լցնող ու ժպտալ ստիպող ցավը կորսման չի գնացել ու չի գնում։ Խնդի՛րն է առաջին հերթին ծնում գրականությունը։ Իսկ խնդիր՝ ինչքան ուզեք։ Բայց ընկնելու պահին, մանկան՝ բերանքսիվայր ընկնելու ցավացող պահին երեխան չի մտածում չորացած ու քարացած արյունը ոտքից իր բարակ մատիկներով պոկելու մասին, կտոր-կտոր վերքը բռի մեջ հավաքելու մասին։ Իսկ գրականությունն էդտեղ ավելի շատ ծնկից չորացած վերքը պոկելուն է մոտ, քան ընկնելուն։ Դեռ կգա, վստահաբար կգա էդ պոռթկման պահը։

Տարիներ շարունակ  մենք  տեսել ենք, որ հայ եւ ադրբեջանցի, հայ եւ թուրք մտավորականները, հասարակական   գործիչները  հանդիպել  են, մասնակցել  տարբեր   սեմինարների  թե՛ Երեւանում ու  Բաքվում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում, դրանց  համար  ծախսվել են   պատկառելի դրամաշնորհներ: Ինչո՞ւ  այդ  ամենը  չկարողացավ գլոբալ  իմաստով  ծառայել  իր  նպատակին՝ խաղաղության  եւ  հաշտության   հասնելուն, եւ տեղի ունեցավ Արցախյան երկրորդ  պատերազմը:

Ինքնախաբեության զոհի ու ինքնահռչակ խաղարարների են(ք) նմանվել էդ ընթացքում․ մտավորականության դերը շատ ենք ուռճացրել․ չկայացած հասարակություններում, որտեղ գրողին ո’չ կարդում են, ո’չ էլ՝ ճանաչում, գիտնականին ծաղրում են, դերասանին` ծաղրածու (կլոուն) կարգում, մտավորականը եղել ու մնում է հետին պլանում՝ էդպես ինքնաբավ ու թշվառ (նվազագույնը՝ գնահտումով): Եկեք միասին փորձենք մտաբերել․ արդյոք գրականությանը մոտ կանգնած մարդկանց (ընթերցողից մինչև գրող) նվազագունը՝ դեմքով, չե՞նք ճանաչում։ Այնինչ՝ գրականությունը մասսայական ընթերցման է կոչված, այնինչ՝ գիրքը տներում պիտի լիներ, այնինչ գրադարաններում նոր հրատարակված գրքերի պակաս պիտի չլիներ, այնինչ․․․ հա, դատարան է հարկավոր․․․