Այսքանից հետո խոսել բարիդրացիության հաստատման մասին…

Արցախյան առաջին պատերազմը, ըստ Ձեզ,  որքանո՞վ իր բազմակողմանի արտացոլումը գտավ հայ գրականության  մեջ:

Քանի որ լավ գիտեմ ժամանակակից հայ դրամատուրգիայի համապատկերը /«Դրամատուրգիա» հանդես, tatron-drama.am/, ներկայացնեմ իրավիճակը այս ժանրում: Երբ սկսվեց երկրորդ Արցախյան պատերազմը, որոշեցի tatron-drama.am կայքում տեղադրել Արցախյան առաջին պատերազմի մասին գրված պիեսները: Գուշակեք՝ քանի պիես «հավաքվեց»: Մեկ տասնյակի չափ: Որոնցից բեմադրված են մի երկուսը միայն…   

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրողի:

Որպես նաև լրագրող որոշակի /իրատեսական/ պատկերացում ունեի մեր բանակում տիրող  իրավիճակի մասին: Քիչ թե շատ տեղեկացված էի Արցախյան կոնֆլիկտի լուծման՝ աշխարհի դիքորոշմանը, բայց այդքանով հանդերձ պատերազմն ու պարտությունը իր արժանի բառ-բնորոշիչը դեռ չգտած հարված է ինձ համար: Ջարդվեց երկրին ու ժողովրդին ծառայելու երդում տված գեներալիտետի միֆը… ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԻ նվիրվածությունը միֆ չէր ու չէ՛:

Պատերազմն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ:

Բաց, ցավ պատճառելու աստիճան իրատեսությամբ գրվածքը գուցե երևակի ծնկած պարտությունից հետո «ոտքի կանգնելու»  թուղթուգիրը… 

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Առայժմ դա /ինձ համար/ իրատեսական չէ: Ու չգիտեմ, թե այդ «առայժմ»-ը ինչքան կտևի…

Իսկ  ինչպե՞ս է  հնարավոր  մեր գերիներին չվերադարձնող Ադրբեջանի հետ  բարիդրացիություն  հաստատել:

Նախ՝ դեռ պատերազմն ավարտված չէ, նրանց անպատվության պուրակը, ինչքան գիտեմ, չի վերացվել, գերիների հարցը դարձել է քստմնելի շահարկումներ առարկա… Այսքանից հետո խոսել բարիդրացիության հաստատման մասին…  Երբ վերոշարադրյալ խնդիրները կլուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, իսկ ասպարեզ կգա այն սերունդը, որը պարտավորություն չի ունենա այսօրվա «խաղավարների» առջև՝ կգա նաև այդ ժամը: Աշխարհում  նման օրինակներ կան: