Միջազգային PEN-ի Կանանց մանիֆեստ

Միջազգային PEN-ի Կանանց մանիֆեստ

ՓԵՆ-ի Հռչակագրի առաջին և հիմնարար սկզբունքն ամրագրում է, որ «գրականությունը սահամաններ չի ճանաչում»։ Այս սահմաններն ավանդաբար ընկալվել են որպես պետությունների և ժողովուրդների միջև սահմաններ։ Աշխարհի շատ կանանց համար և գրեթե բոլոր կանանց համար մինչև համեմատաբար վերջերս, առաջին, գուցե՝ վերջին, կամ թերևս ամենազորեղ սահմանն այն տան դուռն էր, որտեղ նա ապրում էր․ իր ծնողների կամ ամուսնու տան դուռը։

Որպեսզի կանայք ազատ խոսքի, կարդալու և գրելու իրավունք ունենան, անհրաժեշտ է, որ նրանք ֆիզիկական, սոցիալական և մտավոր տեղաշարժի իրավունք ունենան։ Քիչ սոցիալական համակարգեր կան, որոնք թշնամանքով չեն նայում ազատ տեղաշարժվող միայնակ կնոջը։

ՓԵՆ-ը հավատում է, որ կանանց դեմ բռնությունը, իր բազմազան դրսևորումներով, լինի այն տան պատերից ներս, թե՝ հանրային տարածքում, ստեղծում է գրաքննության վտանգավոր ձևեր։  Ողջ աշխարհում մշակույթը, կրոնն ու ավանդույթը բազմիցս վեր են դասվում մարդու իրավունքներից և օգտագործվում են որպես փաստարկ՝ կանանց և աղջիկների դեմ բռնությունը խրախուսելու և այն պաշտպանելու համար։

ՓԵՆ-ը հավատում է, որ մարդուն լռեցնելու արարքը նրա գոյությունը ժխտելու համար է։ Այն մահվան տեսակ է։ Մարդկությունը թե՛ կարիք ունի կանանց ստեղծագործականության և գիտելիքի լիարժեք ու ազատ դրսևորուման, թե՛ զրկված է դրանից։  

ՓԵՆ-ը հավատում է միջազգայնորեն ճանաչված հետևյալ սկզբունքներին․ 

ՈՉ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ․ Վերջ տալ կանանց և աղջիկների դեմ բռնության բոլոր ձևերին՝ ներառյալ իրավական, ֆիզիկական, սեռական, հոգեբանական, վերբալ և թվային։ Նպաստել այնպիսի միջավայրի, որտեղ կանայք և աղջիկները կարող են ազատորեն ինքնարտահայտվել։ Ապահովել, որ գենդերային հիմքով բռնության բոլոր դեպքերը բազմակողմանիորեն հետաքննվեն ու պատժվեն, իսկ զոհերը փոխհատուցում ստանան։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ Պաշտպանել կին գրողներին և լրագրողներին, պայքարել կին գրողների և լրագրողների նկատմամբ իրականացված բռնի գործողությունների ու ոտնձգությունների անպատժելիության դեմ աշխարհում և առցանց։ 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ Վերացնել գենդերային անհավասարությունը կրթության բոլոր մակարդակներում՝ որակյալ կրթության լիարժեք հասանելիություն ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար և երաշխավորելով, որ կանայք կարողանան լիարժեք իրացնել կարդալու և գրելու իրենց կրթական իրավունքը։ 

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ․ Ապահովել կանանց և տղամարդկանց հավասրությունն օրենքի առջև։  Դատապարտել կանանց նկատմամբ խտրականությունն իր բոլոր ձևերով։  Ձեռնարկել խտրականությունը վերացնելու և բոլոր մարդկանց լիարժեք հավասարությունն ապահովելու  համար անհրաժեշտ բոլոր քայլերը՝ կին գրողների զարգացման ու առաջխաղացման միջոցով։  

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ․ Քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքների ողջ շրջանակի հավասար հասանելիություն ապահովել կանանց համար՝ կանանց լիարժեք և ազատ մասնակցության ու հանրային ճանաչման հնարավորություն ընձեռելով մեդիայի և գրական ձևերի ողջ սպեկտրում։ Ավելին, մեդիայի բոլոր ձևերի ՝ որպես արտահայտման ազատության միջոցի, հավասար հասանելիություն ապահովել կանանց և աղջիկների համար։      

ՊԱՐԻՏԵՏ․ Նպաստել կին գրողների հավասար տնտեսական մասնակցությանը և ապահովել, որ կին գրողներն ու լրագրողներն աշխատանքի ընդունվեն ու վարձատրվեն տղամարդկանց հետ հավասար պայմաններով՝ առանց որևէ խտրականության։