Նազարեթ Սեֆերյան

Նազարեթ Սեֆերյանը ծնվել է Կանադայում, մեծացել Հնդկաստանում և 1998թ. տեղափոխվել իր հայրենիք` Հայաստան, որտեղ էլ ապրում է առայսօր: Նրա համալսարանական կրթությունը թարգմանչական հմտությունների հետ ուղիղ կապ չուներ, սակայն սերը լեզուների հանդեպ ուղի հարթեց նրան դեպի այս աշխատանքը, որն էլ նա սկսեց 2001թ.-ին: 2011թ.-ին նա սկսեց գրական թարգմանությունների իր շարքը, որոնք ներառում էին Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչք»-ի, Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպեր»-ի, Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպի, Գրիգի «Հիսուսի Կատվի», Կարինե Խոդիկյանի «Մեծ եռագրության», Արամ Պաչյանի «Ռոբինզոնի» անգլերեն թարգմանությունները: Նա նաև թարգմանել է այլ հայ հեղինակների` Արտավազդ Եղիազարյանի, Լևոն Շահնուրի, Արմեն Հայաստանցու (Օհանյան), Արեգ Ազատյանի, Ավետիք Մեջլումյանի, Աննա Դավթյանի և այլոց գործերը: Նազարեթի աշխատանքային առօրյան ներառում է թարգմանություններով ուղեկցվող, սակայն ամբողջովին այլ բնագավառում ծավալվող աշխատանքներ, որոնք ուղղված են հայկական մշակույթի տարածմանը և ճանաչմանը անգլիախոս հասարակության շրջանակներում:

Երբ մեկի հետ խոսում ես իրեն հասկանալի լեզվով, խոսքդ հասնում է նրա ուղեղին: Իսկ, երբ խոսում ես նրա մայրենիով, ապա խոսքդ դիպչում է նրա սրտին։

Նելսոն Մանդելա