«Բամբակե պատերից» մինչեւ «հակամիմինո»

ՔաղԳիրՓԵՆ-ի առաջին փուլի միջոցառումների շրջանակում ծավալվեց հայ-վրացական այլընտրանքային երկխոսություն, որի նպատակն էր կայացնել «ժողովուրդների եղբայրության» սովետական կաղապարից դուրս, կարծրատիպերից ձերբազատված, բաց քննարկում։

Այս առումով խոսակցության մեկնարկը տրվեց միջոցառումների հենց առաջին օրվա երեկոյան՝ հունիսի 8-ի եզրափակիչ քննարկման ընթացքում, որի առիթը Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպն էր (վերնագիրը սովետա-KKБ-ական կարգերի փոխաբերություն է, որտեղ անգամ «պատերն ականջներ ունեին» ու գաղտնալսվում էին բոլորը)։ Քննարկման զրուցավարն արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանն էր։ Վրաստանցի մասնակիցները նախապես ծանոթացել էին վեպին, որից ծրագրի շրջանակներում խոսուն հատվածներ էին հրապարակվել վրացերեն թարգմանությամբ (թարգմանիչ՝ Ասյա Դարբինյան): 

Գևորգ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր»-ը որպես գրականության միջոցով հայ-վրացական հարաբերությունների վերաիմաստավորման օրինակելի նմուշ՝ հատկապես 70-ականներին լեզվական ուծացման կրեմլյան քաղաքականությանը դիմագրավող ուսանողական շարժումներն ի մի բերելու տեսանկյունից։ Վեպի ուսանող հայաստանցի հերոսները գնում են Թբիլիսի, գտնում իրենց համախոհներին, որոնց համար անակնալ է լուրը, թե Մոսկվան որոշել է բուհերում մասնագիտական առարկաներն անցնել միայն ռուսերենով։

Վահրամ Մարտիրոսյանն ընդգծեց, որ իր վեպի հերոսները բարձր էին գնահատում ռուսական դպրոցների տարածմանը դիմադրելու վրացիների փորձը, նույնիսկ վիճում էին իրենց ջավախեցի համակուրսեցու հետ, որ Թբիլիսիում հայերը պետք է ռուսական դպրոց չգնային, եթե անգամ ստալինյան ամբողջատիրության տարիներին հայերի վրացականացման քաղաքականություն է տարվել։  

Վրացի գրողներն արծարծեցին լեզվական քաղաքականությանն ու գրական խոսքի ազատականացմանն առնչվող հարցեր։ Հիշատակվեց փետրվարի 14-ը՝ վրացերեն լեզվին նվիրված ազգային տոնը, որը նշվում է 1978 թ. բրեժնևյան նոր սահմանադրության նախագծի մեջ վրացերենը որպես պետական լեզու դուրս մղելու դեմ պատմական ցույցի օրը։ 

Թե՛ հայերի, թե՛ վրացիների համար լեզուն ազգային ինքնության առանցքն է, ինչ-որ առումով երկու մշակույթներն էլ մեծապես լեզվահեն են, հետևապես գաղութացման պայմաններում ձևավորված այլախոհներին բնորոշ էր լեզվական ազգայնականությունը, որը ետսովետական շրջանում լեզվական էթնոնացիոնալիզմի համար դարձավ պարարտ հող։

Հաջորդող օրերին հայ-վրացկան մշակութային երկխոսությունը խնդրականացնող և համատեղ անցյալը վերաիմաստավորող խոսակցությունը շարունակվեց՝ ներառելով սովետականից բացի նախասովետական շրջանի փորձը (Տես՝ Պոլինա Սադովսկայայի ֆանտաստիկ դուքյանը նախաձեռնության մասին պատմող նյութը)։ 

Հունիսի 11-ին կայացած «Բյոլյան զրույցի» ընթացքում Հայաստանի ՓԵՆ-ի նախագահ Արմեն Օհանյանը կիսվեց հայ-վրացական երկխոսության և ներկայիս մշակութային հարաբերությունների շուրջ իր մտորումներով՝ դրանք որակելով «միմինոյեվշինա» (հղվում է սովետական սիրված «Միմինո» ֆիլմին՝ որպես հայ-վրացական «եղբայրությունը» սահմանող առայսօր գերակա նարատիվի)։ Նա մեծապես կարևորեց ՔաղԳիրՓԵՆ-ի առաջին փուլով սկսված խոսակցությունը որպես գործնականում «միմինոիզմի» հաղթահարմանն ուղղված առաջին մեծ քայլ և հույս հայտնեց, որ խոսակցությունը շարունակական բնույթ կկրի։ 

Հավելենք, որ 90-ականների սկզբից Հայաստանում և Վրաստանում ընդհատումներով գործող քույր ՓԵՆ կենտրոններն առաջին անգամ էին միասին ծրագիր իրականացնում, և մասնակիցները փոխադարձաբար կարևորեցին հայ-վրացական համատեքստում անքակտելիորեն փոխկապակցված լեզվական և տարածաշրջանային քաղաքականության շուրջ համատեղ քննարկումները։ Հիշեցնենք, որ  լեզվական քաղաքականությունը և տարածաշրջանային քաղաքականությունը ՓԵՆ Հայաստանի չորս գերակա ուղղություններից են (տես՝ Տարեկան Ժողով 2022