«Այրվող բանաստեղծ» պոեզիայի հանդիսավոր երեկոն

ՔաղԳիրՓԵՆ նախագծի առաջին փուլը նշանավորվեց Երևանում հունիսի 8-11-ը երեք քույր ՓԵՆ կենտրոնների՝ ՓԵՆ Ամերիկայի, ՓԵՆ Վրաստանի և ՓԵՆ Հայաստանի համատեղ ջանքերով կայացած «Այրվող բանաստեղծ» նախաձեռնությամբ, որի բարձրակետը հունիսի 9-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցած պոեզիայի հանդիսավոր երեկոն էր։ 

Երեկոյի կայացմանը մեծապես նպաստեց նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ), որ ակտիվորեն ներգրավված էր կազմակերպչական աշխատանքներին։

Բացի ՓԵՆ Հայաստանի անդամներից, երեկոյին մասնակցեցին հրավիրյալ բազմաթիվ հյուրեր, այդ թվում մեր բարեկամ և գործընկերներ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից Նաիրա Սուլթանյանը, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Մարդու Իրավունքների Տուն Երևանի նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և այլ հարազատ մարդիկ, պոեզիայի երկրպագուներ։ 

Երեկոն մեկնարկեց ջերմ ընդունելությամբ, որին հաջորդեցին երկու բաժնից բաղկացած պոեզիայի բեմական ընթերցումները։ 

Առաջին բաժինը նվիրված էր ժամանակակից հայ պոեզիայի ընթերցումներին՝ երեք լեզվով․ բնագիր հայերեն, ապա վրացերեն և անգլերեն թարգմանություններ։ Վարեցին Արմեն Օհանյանը (հայերեն), Ասյա Դարբինյանը (վրացերեն), Պոլինա Սադովսկայան (անգլերեն)՝ ներկայացնելով ելույթ ունեցող հեղինակներին և թարգմանությունների ընթերցողներին։ 

Սուրճի ընդմիջումից հետո համանման սկզբունքով անցկացվեց երեկոյի երկրորդ՝ վրացական պոեզիայի բաժինը։ Վարեցին Վրաստանի ՓԵՆ-ի նախագահ, անվանի պոետ Պաատա Շամուգիան (վրացերեն), Ասյա Դարբինյանը (հայերեն), Պոլինա Սադովսկայան (անգլերեն)։

Երեկոյի վերջում  Հայաստանի ՓԵՆ անդամ հանդիսականներից Աննա Դավթյան-Գևորգյանը և Լուսինե Խառատյանը հաճելի անակնկալ մատուցեցին՝ ընթերցելով «Այրվող բանաստեղծ» նախաձեռնության մասնակից Էկա Քեվանիշվիլու «Իմ սիրուն կյանքը» բանաստեղծությունը վրացերեն և հայերեն։ Էկա Քեվանիշվիլին զբաղվածության պատճառով նախագծի  շրջանակներում նախապես՝ մայիսի 14-15-ին էր այցելել Երևան և երեկոյին ներկա չէր։ 

Հանդիսավոր երեկոյի եզրափակիչ ակորդը հնչեցրեց Ասյա Դարբինյանի ընկերակցությամբ բեմ ելած Արմեն Օհանյանը՝  ընթերցելով  Ռատի Ամաղլոբելիի «Էսպես էլ կոչվում է՝ Կայենի բերքը, ասել է թե մահը՝ տրամաբանության» բանաստեղծությունը։ 

Երեկոյի ընթացքում հնչեցին մեծամասամբ հատուկ «Այրվող բանաստեղծ»-ի համար թարգմանված գործեր։ Հարկ է նշել, որ ծրագրի առաջին փուլով թարգմանվել են Հայաստանից 12 պոետի և 4 արձակագրի, իսկ Վրաստանից 8 պոետի և 4 արձակագրի հատընտիր գործեր ։ 

Հայերենից դեպի անգլերեն թարգմանիչները Նազարեթ Սեֆերյանը և ՓԵՆ Ամերիկայի Թարգմանչաց կոմիտեի անդամ, պոետ Էլինա Ալտերն են, որ ծրագրին մասնակցելու համար ժամանել էր Նյու Յորքից։ 

Վրացերենից դեպի անգլերեն հիմնական թարգմանիչը Ինգա Ժգենտին էր։ 

Վրացերենից դեպի հայերեն և հակառակ ուղղությամբ հիմնական թարգմանիչը Ասյա Դարբինյանն է։ Հայերենից դեպի վրացերեն հիմնական համաթարգմանիչը՝ Դիանա Անփիմիադին է։ Թարգմանությունների խմբագրման գործին անվարձահատույց մասնակցել են երկու կողմերից ներգրավված բազմաթիվ հեղինակներ և գրական խմբագիրներ։

Ծրագրի մասնակից բոլոր վրացի գրողների գործերը և կենսագրությունները նախապես հրապարակվել են ՓԵՆ Հայաստանի գործընկերներ Գրանիշ և Գրողուցավ կայքերում։ Համապատասխանաբար հայ գրողների գործերը և կենսագրությունները հասանելի են վրացերենով՝ ՓԵՆ Վրաստանի գործընկերների կայքերում։

Հավելենք, որ Հայաստանի ՓԵՆ-ը թարգմանչակենտրոն կազմակերպություն է, և լեզվական քաղաքականությունը հանդիսանում է մեր չորս գերակա ուղղություններից մեկը (տես՝  Տարեկան ժողով 2022

Այս առումով մեր լավագույն գործընկերն ու համախոհը Հայաստանի Ամերիկյան Համալսարանն է, մասնավորեպաս իր թարգմանական ծրագրի ողջ դասախոսական կազմը՝ ծրագրի ղեկավար Շուշան Ավագյանի գլխավորությամբ, որը նաև ՓԵՆ Հայաստանի Թարգմանչաց կոմիտեի նախագահն է, ինչպես նաև ՀԱՀ-ն ու ՓԵՆ-ը միմյանց սերտորեն կապող մեր մյուս անդամները՝ Դավիթ Իսաջանյանը և Ռաֆիկ Սանթրոսյանը։ Միջոցառման կազմակերպչական մասով մեզ մեծապես աջակցեց և երեկոյին ընթերցմամբ հանդես եկավ Էլիցա Կոցեվան, փայլուն ելույթով աչքի ընկավ գրականության և պոեզիայի գիտակ Մայկա Հիլսոնը։ 

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին իր ձևաչափով և ընդգրկմամբ աննախադեպ այս տոնը կայացնելու համար։