Գրենք Հայաստանում

ՔաղԳիրՓԵՆ եռալեզու գրական օրերի շրջանակում տեղի ունեցավ «Գրենք Հայաստանում» խորագրով քննարկում, որի համակազմակերպիչն էր մեր գործընկեր «ԱՐԻ գրականության հիմնադրամը»։  

Միջոցառման ընթացքում «ՓԵՆ»-ի քարտուղար, «ԱՐԻ գրականության հիմնադրամի»-ի հիմնադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը զրուցեց «Գրենք Հայաստանում» միջազգային գրական ճամբարի 2018թ․-ի շրջանավարտ, արձակագիր Նանա Աբուլաձեի հետ, որի «Ակումի» դեբյուտային վեպը երիտասարդ հեղինակին մեծ ճանաչում է բերել հայրենի Վրաստանում, ի թիվս այլ պարգևների՝ արժանացնելով նաև հեղինակավոր «Սաբա» և «Լիտերա» մրցանակների։ 

Զրույցի ընթացքում Արևիկ Աշխարոյանը և Նանա Աբուլաձեն վերհիշեցին և վերստին արժևորեցին իր ձևաչափով աննախադեպ «Գրենք Հայաստանում» ճամբարի փորձը, որին մասնակցում էին երիտասարդ, դեռևս սկսնակ գրողներ Հայաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից, որոնցից շատերն այսօր արդեն կայացած գրողներ են, ինչպես երեկոյի հատուկ հյուր Նանա Աբուլաձեն։ 

Նանա Աբուլաձեն կիսվեց նաև իր գրողական փորձառությամբ՝ մասնավորապես «Ակումի» վեպի շուրջ, որն աչքի է ընկնում թեմատիկ լայն շրջանակով՝ գենդերային ինքնության ու սեռականության հարցերից մինչև Վրաստանի պատմություն, կենսափիլիսոփայությունից մինչև մարդու ֆիզիոլոգիա։ Վեպն ամբողջացնում է ինը հիմնական հերոսների կենսապատումը, որոնցից կենտրոնականը՝ ինքն իրեն Ակումի (վրաց․՝ აკუმი, նշանակություններից մեկը՝ ոչ կին, ոչ տղամարդ) անվանող անսեռ՝ ի ծնե սեռական օրգաններից զուրկ մարդն է։

Հավելենք, որ երիտասարդական քաղաքականությունը հանդիսանում է ՓԵՆ Հայաստանի չորս գերակա ուղղություններից մեկը (տես՝  Տարեկան ժողով 2022)։ Երիտասարդ գրողների առաջխաղացումը, նրանց ձայնները սեփական լեզվի և երկրի սահմաններից դուրս լսելի դարձնելու գործը, տարածաշրջանում նոր սերնդի բաց, խաղաղասիրական և անկեղծ երկխոսության կայացումը մեր առաջնահերթություններից է։