Գրողներ հանուն խաղաղության կոմիտեի արտագնա հավաք

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ փետրվարի 25-ին կայացավ «ՓԵՆ»-ի «Գրողներ հանուն խաղաղության» կոմիտեի բեկումնային հավաքը, որի արդյունքում հստակեցվեցին առկա բարդ ետ/պատերազմական իրավիճակում կոմիտեի առաջնահերթություններն ու անելիքները, մշակվեց գործողությունների պլան։

Էջմիածնի Մաչանենց տան հյուրընկալ տարածքում կայացած հավաքին մասնակցեցին «Գրողներ հանուն խաղաղության» հայաստանյան կոմիտեի տասը անդամներից ութը, ինչպես նաև հրավիրյալ գործընկերներ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից Նաիրա Սուլթանյանը, Դավիթ Աղաբեկյանը, ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, PEN Ամերիկայի Եվրասիական բաժնի ղեկավար Պոլինա Սադովսկայան, «ՓԵՆ»-ի քարտուղար Արևիկ Աշխարոյանը, կազմակերպության կամավորական Հասմիկ Արևյանը։ Հաճելի անակնկալ այցով օրվա առաջին կեսի քննարկումներին միացավ Հայր Ներսես Հարությունյանը։

Հավաքը մեկնարկեց կոմիտեի նախագահ Կարեն Ղարսլյանի բացման խոսքով, ով ժողովին միացավ հեռավար կարգով՝ Չիկագոյից։ Կարեն Ղարսլյանը անդրադարձավ Ուկրաինայում ընթացող պատերազմին, շեշտեց արագ արձագանքման մեխանիզմներ ունենալու անհրաժեշտությունը, կարևորեց Հայաստանի ՓԵՆ-ի զորակցությունը միջազգային հակապատերազմական շարժմանը, այնուհետև լիազորեց Արմեն Օհանյանին վարել օրակարգով նախատեսված նիստերը։ Արմեն Օհանյանն իր հերթին հյուրերին ներկայացրեց Կարեն Ղարսլյանի «Ատերազմա» գիրքը, որն իր ձևաչափով և նորարարականությամբ հակապատերազմական արվեստի բացառիկ նմուշ է։ 

Օրվա առաջին կեսին կոմիտեի անդամ Աղասի Թադևոսյանը ներկայացրեց իր ետպատերազմական մարդաբանական հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի աջակցությամբ։ Հետազոտությունը հիմնված է 60 խորքային հարցազրույցների վրա (պատերազմի 45 անմիջական մասնակիցների և տուժած/տեղահանված 15 քաղաքացիական անձանց հետ), վերլուծական մասը կազմել է մոտ 100 էջ։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, այս իսկ պատճառով մանրամասները չենք ներկայացնում: Սակայն, հարկ է նշել, որ առավել հուսադրող էին պատերազմի բովով անցած երիտասարդների կյանքի վերարժևորման, պատերազմով հարցեր լուծելու սկզբունքի վերանայման միտումները։  

Հաջորդող խոսակցության առանցքում հայ-ադրբեջանական խաղաղասիրական երկխոսության օրվա հրամայականն էր։ Հաշվի առնելով, որ գրչակից համախոհներից շատերն արտաքսված են Ադրբեջանից կամ զրված են հանրային ազդեցության լծակներից, ինչպես, օրինակ, Աքրամ Այլիսլին, որը փաստացի դեռևս գտնվում է տնային կալանքի ներքո և որի ոտնահարված իրավունքները պաշտոնապես չեն վերականգնվել՝ Կոմիտեն որոշում կայացրեց գրողների միջև խզված երկխոսությունը վերսկսել ոչ թե ինստիտուցիոնալ, այլ անհատական ինտենսիվ երկխոսությունների մակարդակով։ Թեև Ադրբեջանը չունի ՓԵՆ կենտրոն, Պոլինա Սադովսկայան առաջարկեց զորակցել ադրբեջանցի համախոհներին, որպեսզի Հռչակագրի գաղափարները կիսող հեղինակների հավաքական ձայնը միջազգայնորեն լսելի դառնա (հիշեցնենք, որ Իրանի և Բելառուսի ՓԵՆ-երը գործում են արտաքսման պայմաններում, նմանատիպ կենտրոնի ստեղծումն ընդունված պրակտիկա է)։  

Քննարկվեց առաջիկա «Գրողներ հանուն խաղաղության» համաժողովին մասնակցության հարցը, հայաստանյան կոմիտեի ընդլայնման և միջազգային առաջխաղացման հետ կապված հարցեր։

Չնայած թե՛ տարածաշրջանի և թե՛ աշխարհի համար օրհասական պահին, հավաքվածները համակարծիք էին, որ օրվա առաջնահերթություններից զատ անհրաժեշտ է նաև մշակել խաղաղության մշակույթի սերմանման միջնաժամկետ և երկարաժամկետ հայեցակարգեր և համապատասխան ծրագրեր։ Օրվա երկրորդ կեսին խումբն աշխատեց «Բառ առ բառ, քայլ առ քայլ» նախագծի վրա (վերնագիրը՝ պայմանական)։

Ըստ նախնական մտահղացման «Բառ առ բառ, քայլ առ քայլ» մանկապատանեկան նկարազարդ գրքերի մատենաշարը նվիրաված է լինելու նոր սերնդի մոտ «հարց լուծելու» հանրային ընկալման փոփոխությանը, լեզվի զգայունակության խրախուսմանը, կոնֆլիկտների հաղթահարման ուսուցմանը (միջանձնայինից մինչև ազգամիջյան), որը  կհամալրվի մշակված մեթոդական ուղեցույցներով, ձեռնարկներով, վարժություններով։   

Որոշում կայացվեց առաջիկայում հրավիրել կլոր սեղան քննարկում՝ աշխատանքային խմբի ձևավորման նպատակով, որը կներառի գրողների, նկարազարդողների, կոնֆլիկտաբանների, կրթության փորձագետների, մանկավարժների, տարիքային հոգաբանների, մարդաբանների, և այլ առնչակից մասնագետների։ 

Հանդիպման ավարտին ՓԵՆ անդամները և հրավիրյալ գործընկերները եւս մեկ անգամ հավաստեցին համագործակցության շարունակականության պատրաստակամությունը՝  «Գրողներ հանուն խաղաղության» հայաստանյան կոմիտեի հանրային տեսանելիության և գործունեության հանրահռչակման կարևորությունը։