Այրվող բանաստեղծ(ներ)․ հունիսի 8-12-ի ամփոփում

ՔաղԳիրՓԵՆ ծրագրի առաջին փուլով նախատեսված միջոցառումներն իրականացվեցին երեք քույր ՓԵՆ կենտրոնների՝ ՓԵՆ Հայաստանի, ՓԵՆ Վրաստանի և ՓԵՆ Ամերիկայի համատեղ ջանքերով, հունիսի 8-12-ը, Հայաստանում։ 

Հունիսի 8

Օրվա երկրորդ կեսին ՓԵՆ Հայաստանի անդամները հանդիպեցին ժամանած գրչակից ընկերներին «Բյուրոյում»։  Ծանոթացմանը և ողջույնի խոսքերին հաջորդեցին բանախոսություններ և թեմատիկ քննարկումներ։

Որպես ներածություն Դավիթ Գաբունիան հանդես եկավ Վրաստանի արդի արձակը և գրական միտումները ներկայացնող բանախոսությամբ՝ իր խոսքում անդրադառնալով նաև գրաշուկայի խնդիրներին։ Կարևորեց 2018-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Վրաստանի պատվո հյուր լինելու հանգամանքը, որը որոշակի դրական բեկում է առաջացրել երկրի գրական միջավայրում։ 

Այնուհետև, տեղի ունեցավ «Գրենք Հայաստանում» խորագրով քննարկում, որի համակազմակերպիչն էր մեր գործընկեր «ԱՐԻ գրականության հիմնադրամը»։  Արևիկ Աշխարոյանը զրուցեց արձակագիր Նանա Աբուլաձեի հետ՝ նրա հաջողության պատմության և տարածաշրջանում նոր գրական սերնդի կայացման հարցերի շուրջ։ Քննարկման մանրամասներիին անդրադարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Օրվա եզրափակիչ քննարկումը նվիրված էր գրականության միջոցով հայ-վրացական հարաբերությունների վերաիմաստավորման խնդիրներին՝ Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպի օրինակով։ Հեղինակի հետ զրույցը վարեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը, որին հաջորդեց հարցուպատասխան և բուռն քննարկում։ Քննարկմանը և արծարծված հարցերի կարևորությանն անդրադարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Հունիսի 9

Օրը մեկնարկեց «Բուն» ակումբում, որտեղ մասնակիցները ծանոթացան մեր գործընկեր Բուն TV-ի գործունեությանը՝ մասնավորապես գրականության և պոեզիայի հանրահռչակման ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքներին։ Բուն-ի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց մեդիահարթակի դրական փորձառությունը՝ բացելով տարածաշրջանային հետագա համագործակցության համար նոր եզրեր։ 

Ետկեսօրից օրվա միջոցառումների և հանդիպումների մեծ մասն անցկացվեց Երևանի պարծանք հանդսիացող Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որտեղ կազմակերպվեց հատուկ շրջայց և թեմատիկ զրույց, ինչպես նաև «Այրվող բանաստեղծի» գլխավոր փորձը և հանդսիավոր երեկոն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությանը և օրվա իրադարձություններին մանրամասն անդրադարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Երեկոյան ԳԱԿ Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Այրվող բանաստեղծի» հանդիսավոր երեկոն, որը ՔաղԳիրՓԵՆ-ի առաջին փուլի բարձրակետն էր՝ իր ձևաչափով և ընդգրկմամբ աննախադեպ իրադարձություն։ Երեկոյի կայացմանը կազմակերպչական առումով նպաստել է նաև Հայաստանում Ամերիկյան Համալսարանը։ Պոեզիայի հանդիսավոր երեկոյի մանրամասներին անդրադարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հունիսի 10

Առավոտյան Երևանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Միրզոյան գրադարանում կայացավ «Պոլինա Սադովսկայայի ֆանտաստիկ դուքյան» նախաձեռնությունը։ Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ դասախոսություն-քննարկումից և մեր գործընկեր «Մարաշլեան» ֆոտոատելիեում կազմակերպված լուսանկարահանումներից։ Լուսանկերները հրապարակվելու են առաջիկայում «Այրվող բանաստեղծի» առցանց արշավի շրջանակներում։ «Պոլինա Սադովսկայայաի ֆանտաստիկ դուքյան» նախաձեռնության գաղափարական հիմքերին և քննարկման կարևորությանն անդրադարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ժամը 15-ին Երևանի Գյոթե կենտրոնում մեկնարկեց «Գիր ու Կին» խորագրով հանդիպում-քննարկում արձակագիր Թամթա Մելաշվիլիի հետ, որը վարեց Հայաստանի ՓԵՆ-ի Կին գրողների կոմիտեի նախագահ, արձակագիր Լուսինե Խառատյանը։ Հանդիպման մանրամասներին և կարևորությանը անդրադարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ժամը 18-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում և գրքի մակագրման արարողություն արձակագիր Արչիլ Քիքոձեի հետ, որի «Հարավային փիղը» վեպը հրատարակվել է հայերեն՝ Հայաստանի ՓԵՆ-ի հայ-վրացական կապերի համակարգող Ասյա Դարբինյանի թարգմանությամբ։ Հանդիպումը վարեց հանրային ռադիոյի «Վերնատուն» մշակութային հաղորդաշարի հաղորդավար Նազելի Օհանյանը։ 

Օրվա միջոցառումներն ավարտվեցին երեկոյան Արտբրիջ գրախանութ-սրճարանում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հյուրընկալությամբ կայացած գրական երեկոյով և ընդունելությամբ, որի հատուկ հյուրերն էին ԵՄ Գրական Մրցանակի հաղթողները՝ Հայաստանից Արամ Պաչյանը  և Վրաստանից Իվա Փեզուաշվիլին։ Խորհրդանշական է, որ Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նշանավորող հունիսին հատկապես Եվրամիության պատվիրակությունն էր, որ սիրով աջակցեց իրական գրատոնի կայացմանը՝ դեսպան Վիկտորինի գլխավորությամբ, որտեղ երկու երկրների գրողները և արվեստասերներն իրենց հաղթանակները միասին տոնելու բացառիկ առիթ ունեցան, ինչով վերստին հավաստվեց ԵՄ-ի միավորող ուժը՝ ի հակադրություն տարածաշրջանում ազգամիջյան թշնամանք և ատելություն սերմանողների։ Միջոցառման մանրամասներին անդրաարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Հունիսի 11 

Առավոտյան ժամը 11-ին տեղի ունեցավ փոքր կազմով հանդիպում Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության․  

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ՓԵՆ կենտրոնի համակարգող, արձակագիր Արմեն Օհանյանն անդրադարձել է փոխհամաձայնության մշակույթի կայացման, գրի ու գրականության համաշխարհայնացման և խոսքի ազատության համար պայքարի կարևոր նշանակությանը:

Վրաստանի Փեն կենտրոնի ներկայիս և նախկին նախագահներ, անվանի բանաստեղծներ՝ Պաատա Շամուգիան և Ռատի Ամաղլոբելին, արձակագիր Թամթա Մելաշվիլին, ՓԵՆ Ամերիկայի տարածաշրջանային համակարգող Պոլինա Սադովսկայան նախագահի հետ զրույցում առանձնահատուկ կարևորել են հայ-վրացական դարավոր մշակութային կապերի շարունակական զարգացումն ու ժամանակի շնչին հարիր վերարժևորումը։ Հայաստանի ՓԵՆ-ի հայ-վրացական կապերի համակարգող Ասյա Դարբինյանը անդրադարձել է բարեկամ ժողովուրդների ժամանակակից գրականության առնչակցություններին ու հանրահռչակման խնդիրներին։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հարևան ժողովուրդների գրական կապերի սերտացմանն ուղղված ՓԵՆ մշակութային կենտրոնի ջանքերը և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կայացմանն ու փոխճանաչելիության բարձրացմանը»:

Մեր կողմից հավաելենք, որ շուրջ երկու ժամ տևած հանդիպումն անցավ անմիջական և իր անկեղծությամբ ներկաների համար տպավորիչ մթնոլորտում։ Հյուրերը Նախագահի հետ զրուցեցին ամենատարբեր թեմաներով՝ հայ-վրացական հարաբերությունների պատմությունից մինչև մերօրյա քաղաքական մարտահրավերներ։ Արձակագիր Թամթա Մելաշվիլին Նախագահին ներկայացրեց Դիանա Ուկլեբայի հիշատակը վերաևժևորելու քույր ՓԵՆ կենտրոնների նախաձեռնությունը և դիմեց սատար կանգնելու առաջարկով։ Արմեն Օհանյանը հարցի հետ կապված մանրամասներ ներկայացրեց և կիսվեց Երևանի սրտում գտնվող, այցելուների խիստ պակաս զգացող արվեստանոց-թանգարանը հայ-վրացական մշակութային երկխոսության մշտական հանդիպավայրի, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության համար գրավիչ այցելավայրի վերածելու խմբի ընդհանուր տեսլականով։

Շնորհակալություն ենք հայտնում Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանին մեր առաքելությունն արժևորելու և ջերմ ընդունելության համար։

Զուգահեռաբար ծրագրի մյուս մասնակիցներն այցելեցին Փարաջանովի տուն-թանգարան։ Շրջայցից հետո, Արմեն Օհանյանը և Ասյա Դարբինյանը միացան թանգարան այցելածների խմբին, որի փակ բակում կայացավ համատեղ մշակութային ժառանգության հետ կապված հարցերի շուրջ կարծիքների փոխանակում։ 

Երեկոյան Երևանի գողտրիկ անկյուններից մեկում՝ «Գիրք ընդ Քո» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ «Տղամարդու դարդը․ հայաստանյան և վրաստանյան հասարակությունների հիմնական պատումները․ հայացք գրականության միջոցով» խորագրով «Բյոլյան զրույց» Դավիթ Գաբունիայի և Արմեն Օհանյանի մասնակցությամբ, որը վարեց մեր գործընկեր, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիյա Հովհաննիսյանը։ Քննարկման մանրամասներին անդրադարձել ենք առանձին նյութով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Քննարկման վերջում Արմեն Օհանյանը մեծապես կարևորեց ՔաղԳիրՓԵՆ-ի առաջին փուլով սկսված խոսակցությունը՝ որպես գործնականում «միմինոիզմի» հաղթահարմանն ուղղված առաջին մեծ քայլ և հույս հայտնեց, որ խոսակցությունը շարունակական բնույթ կկրի (մանրամասն տես՝ այստեղ)։  

Հունիսի 12

Նախքան Թբիլիսի մեկնելը հյուրերը ՓԵՆ Հայաստանի որոշ անդամների ուղեկցությամբ այցելեցին Սևանի թերակղզի, այնուհետև Սևանի ափին գտնվող «Բաշինջաղյան» թեյատանը կայացավ հրաժեշտի միջոցառումը, որի ընթացքում ամփոփեցին Երևանյան օրերի արդյունքները և քննակվեցին հետագա անելիքները։

«Այրվող բանաստեղծ» առցանց արշավի նախապատրաստական աշխատանքներ

Հիմնական միջոցառումներին զուգահեռ իրականացվեցին «Այրվող բանաստեղծ»-ի առցանց արշավի հոլովակների տեսանկարահանումները, ինչպես նաև հունիսի 10-ին «Մարաշլեան» ֆոտոատելիեում կազմակերպվեցին արշավի լուսանկարահանումները։

«Այրվող բանաստեղծ» առցանց արշավի եռալեզու վիդեոշարքում կներկայացվեն հատընտիր թարգմանական գործեր՝ հայերեն և վրացերեն, ուղեկցված անգլերեն ենթագրերով։ Ֆիլմարտադրության թիմը նկարահանումներն իրականացրեց ըստ հետևյալ հաջորդականության և պոետական զույգերի, որոնցից յուրաքանչյուրը ընթերցում է գրչակից ընկերոջ թարգմանված գործը։ 

Հունիսի 9

Պաատա Շամուգիա և Կարեն Անտաշյան, վայրը՝ Կասկադ համալիր և Գաֆէսճեան արվեստի կենտրոն։

Հունիսի 10 

Թեա Թոփուրիա և Անուշ Քոչարյան, վայրը՝ Կոնդ թաղամաս։

Ռատի Ամաղլոբելի և Տիրգան Պասկևիչյան, վայրը՝ Չարենցի կամար։

Հունիսի 11 

Դիանա Ամփիմիադի և Տաթև Չախեան, վայրը՝ Փարաջանովի տուն-թանգարան։

Հունիսի 12

Շոթա Իաթաշվիլի և Մարինե Պետրոսյան, վայրը՝ Սևանի տարածք։

Շալվա Բակուրաձե և Վահրամ Մարտիրոսյան, վայրը՝ Սևանի թերակղզի, գրողների տուն։

«Այրվող բանաստեղծի» ևս մեկ զույգի՝ Էկա Քեվանիշվիլու և Արփի Ոսկանյանի հոլովակի նկարահանումներն իրականացվել են նախապես մայիսի 15-ին, Երևանի բուսաբանական այգում։

Ռեժիսոր՝ Օվսաննա Շեկոյան, օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան, պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան։

Ծրագրի շրջանակներում ՓԵՆ Հայաստանի աշխատանքային թիմի անդամներն են․

Ծրագրի համակարգող, հայ-վրացական կապերի պատասխանատու Ասյա Դարբինյան։ 

«Այվող բանաստեղծի» գրաֆիկական դիզայներ և ձևավորող՝ Արմինե Շահբազյան։ 

Ծրագրի հատուկ միջոցառումների լուսանկարիչ՝  Նարեկ Դալլաքյան։

Ֆինանսական պատասխանատու՝ Խաթուն Ատիկյան։

Հաղորդակցության պատասխանատու՝ Քրիստիան Գինոսյան։

Ծրագրի կամավորական և աջակից՝ Հասմիկ Արևյան։

Ծրագրի անգլերեն նյութերի թարգմանիչ՝ ներառյալ այս նյութի, Նազարեթ Սեֆերյան։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և թիմակիցներին։